Ընկավ քաջի մահով

Լևոն Ադամյանը Շամշադինի (Տավուշի) շրջանի Բերդ գյուղից էր, հողագործ Մայիլի ինը զավակներից մեկը: 1928 թ. նա ութ տարեկան էր, երբ դպրոց գնաց, միևնույն ժամանակ օգնում էր հորը ՝ թեթևացնելով բազմանդամ ընտանիքի հոգսը: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լևոնը ուսումը շարունակելու մասին մտածել չէր կարող. հայրը մահացել էր, ընտանիքի հոգսը՝ շատացել, և Խանում մայրիկը զավակների հետ տեղափոխվել էր Կալինինոյի նույնանուն գյուղ: Չորս տարի աշխատելուց հետո Լևոնը ընդունվում է բժշկական ինստիտուտ: Ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական տարիներին ուսմանը զուգընթաց աշխատում է՝ խտրություն չդնելով՝ ինչ աշխատանք է կատարում:

Սակայն շուտով սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: 1944 թ. հուլիսին հաջողությամբ ավարտում է ինստիտուտը, օգոստոսի 6-ին մեկում է ռազմաճակատ և որպես կրտսեր բժիշկ նշանակվում 93-րդ դիվիզիայի 129-րդ հրաձգային գնդում: Նրա ռազմաճակատային կյանքը տևում է ընդամենը 150 օր, սակայն դառնում է սերունդների համար անմոռանալի օրինակ: Օդեսայի ազատագրմանը մասնակցելուց հետո Լևոնը բռնում է պայքարի ու հաղթանակների մի ճանապարհ, որն անցնում է Բեսարաբիա-Ռումինիա-Բուլղարիա ուղղություններով, հասնում Բիչկե քաղաք և հենց այնտեղ էլ կտրվում է…

Բիչկե քաղաքում կատաղի մարտեր էին: Քաղաքը երեք անգամ ձեռքից ձեռք է անցնում: Թշնամին հունվարի 5-ին մեծ զոհերի գնով երկրորդ անգամ զավթում է քաղաքը և կատաղի հարձակում սկսում մոտակայքում գտնվող Չապտի գյուղի այն շենքի վրա, որտեղ Լևոն Ադամյանի բուժսանիտարական վաշտն էր տեղակայված: Բուժանձնակազմն ու վիրավորները ստիպված էին ընդունել անհավասար մարտը և հերոսական դիմադրություն են ցույց տալիս: Քաջաբար կռվելով թշնամու դեմ՝ զոհվում են բոլորը, ֆաշիստները չեն խնայում նույնիսկ ծանր վիրավորներին: Իր գործընկերների և վիրավոր մարտիկների հետ քաջի մահով ընկնում նաև երիտասարդ բժիշկ Լևոն Ադամյանը՝ զենքը ձեռքին, ցաքուցրիվ եղած բուժսանիտարական գործիքների կողքին:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան