Հաղթում է նա, ով չի հանձնվում

Դեռևս Վանաձորի կայազորային հոսպիտալի պետի ընդունարանում էինք, երբ բերեցին օրվա առաջին հիվանդին և անմիջապես բարձրացրին վիրակապարան: Օրվա հերթապահ վիրաբույժ Դավիթ Ազարյանը, ավարտելով վիրահատական միջամտությունը, րոպեներ անց ընդունեց հաջորդին. դարձյալ վիրահատություն: Մի պահ կարծեցի, որ հիվանդների հոսքը չի կանգնելու, սակայն ժամեր անց հոսպիտալի կյանքը դարձյալ խաղաղ հունի մեջ մտավ:

Մեր զրույցի ժամանակ Վանաձորի կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Դավիթ Ազարյանը պատմեց.

-Տարիներ առաջ, երբ մեր խումբը մեկնել էր հերթական մրցումների (ես զբաղվել եմ ձյուդո մարզաձևով), երկու մարզիկներից մեկը մրցապայքարի ընթացքում աջ նախաբազուկով խեղդում էր մրցակցին (նրա կոկորդից լսում էի խզզոցը): Ես անհանգիստ հարցրի մարզիչին՝ ինչո՞ւ խաղը չեն դադարեցնում, ասե՛ք, որ կանգնեցնեն խաղը: Մարզիչս հանգիստ պատասխանեց՝ կյանքը կատաղի պայքար է, սպասիր, չգիտես՝ վերջը ինչ է լինելու… Վայրկյաններ անց խեղդվող մարզիկը, ազատվելով մրցակցի ճիրաններից, տապալեց նրան և հաղթեց պայքարում: Հզոր, ցնցող հաղթանակ էր… Այդ պայքարը մեկընդմիշտ գամվեց իմ հիշողության մեջ՝ դառնալով նշանաբան՝ հաղթում է նա, ով չի հանձնվում…

Հետագայում՝ և՛ ուսումնառության տարիներին, երբ կյանքը միայն վայելք էր թվում, և՛ ծառայության ընթացքում, երբ յուրաքանչյուր օրը դառնում է քեզ համար նշանավոր, որովհետև դու հերթական հիվանդին, վիրավորին ես փրկում, ես համոզվեցի, որ պայքարը շարունակվում է… և իսկապես, հաղթում է նա, ով տոկուն է, ով չի վհատվում:

Դավիթ Ազարյանը ավարտել է ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետը, հետբուհական կրթությունը շարունակել ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների՝ որպես նեղ մասնագիտություն ուսումնասիրելով վահանաձև գեղձի հնարավոր ախտահարումները և վիրահատությունների եղանակները: 2004-2006 թթ. որպես բուժծառայության պետ ծառայել է ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանում, 2009-2012 թթ.՝ Տավուշի ԱԲՋ-ում որպես բուժական բաժանմունքի պետ: 2012 թ-ից ծառայում է Վանաձորի կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ:

-Առաջին փորձությունը, որ հաղթահարում է զինվորական բժիշկը, զորամասային օղակում ծառայությունն է: Լինելով դեռևս երիտասարդ և անփորձ՝ անցնում է ծառայության՝ գիտակցելով, որ պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի առողջության, կյանքի համար և չունի իրավունք սխալվելու: Արագ կողմնորոշվելու, արագ գործելու, ամենատարբեր բնավորությունն ունեցող մարդկանց հետ հաշտ գոյակցելու հմտությունը հենց զորամասային օղակում՝ ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանում ծառայելու տարիներին եմ սովորել: Հակառակորդի հետ շփման գոտին բավական երկար էր: Կրակում էին առաջնագծում կանգնած մեր զինվորների ուղղությամբ, վիրավորներ շատ էին լինում, պայթում էին ականների վրա… Հոսպիտալը մոտ էր, և բոլոր վիրավորներին րոպեների ընթացքում կարողանում էինք տեղափոխել հոսպիտալ: Ամեն վայրկյանը պայքար էր՝ զինվորի կյանքի, առողջության համար:

-Իսկ ի՞նչ հնարավորություններ ուներ գնդի բուժկետը:

-Նվազագույն, միայն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր առաջին բուժօգնությունը ցուցաբերելու համար: Հետագայում, իհարկե, բուժկետը վերանորոգվեց, համալրվեց արյան հետազոտություններ կատարող և այլ ժամանակակից սարքավորումներով:

-Դուք ծառայել եք նաև Տավուշի ԱԲՋ-ում: Իմ գործընկերը սիրահարված է իր Տավուշին. իսկապե՞ս Տավուշը առանձնահատուկ է:

-Առանձնահատուկ է… Հենց առաջին օրը Տավուշը գերեց ինձ իր բնությամբ, Բերդի տարածաշրջանում ապրող մարդիկ՝ իրենց պարզությամբ, ուրախ, բարի բնավորությամբ: Հիշում եմ, երբ զինվորներ տեղափոխող ավտոմենքենան ընկել էր ձորը, և 23 վիրավորների տեղափոխեցին մեզ մոտ, ժողովուրդը մեկ մարդու նման համախմբվեց մեր շուրջ, հարցնում էին՝ ինչով կարող են օգնել, պատրաստ էին արյուն տալ վիրավորների կյանքը փրկելու համար: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից մասնագետները անմիջապես օգնության եկան, նույնիսկ մեր ատամնաբույժը եկել էր իր օգնությունն առաջարկելու… Միությունը աննկարագրելի ուժ է, մեկ բռունցք դարձած՝ մենք կարողացանք փրկել նրանց:

Տավուշը առանձնահատուկ է նաև իր աշխարհագրական տեղանքով. սահմանամերձ գյուղերը մխրճված են հակառակորդի տարածքի մեջ. մի դիրքը բարձր է, մյուսը՝ ցածր, մեկի վրա մերոնք են, մյուսի վրա՝ հակառակորդը, և միայն լինելով հոգեպես զորեղ՝ կարող ես այդպիսի դիրքերը անառիկ պահել:

Տավուշ տանող ճանապարհի որոշ հատվածներ նույնպես հակառակորդի դիտակետում են: Կառուցվել են բարձր արգելապատնեշներ՝ հակառակորդի գնդակոծությունից երթևեկող մեքենաները պաշտպանելու նպատակով:

Ամեն անգամ Բերդ մեկնելիս, երբ կնոջս հետ մեքենայով հասնում էինք ճանապարհի հենց այն հատվածին, որի ուղղությամբ կրակում էին, կինս իրեն վատ էր զգում (հղի էր, մեր առաջնեկին էինք սպասում)… Կանգնեցնում էի մեքենան, իջեցնում նրան, երբ հանգստանում էր, շարունակում էինք ճանապարհը՝ նույնիսկ չկռահելով, որ քիչ առաջ կանգնած էինք ճանապարհի ամենավտանգավոր հատվածում՝ հակառակորդի դիտակետում: Մեր ծանոթներից մեկը, պատահաբար տեսնելով մեզ այդտեղ, զգուշացրեց… բարեբախտաբար, ոչ մի գնդակ չէր եկել մեր ուղղությամբ:

– Ձեր կինը նույնպես բժիշկ է:

-Բժիշկ-ճառագայթաբան է. ես ծառայում էի ԱԲՋ-ում, իսկ նա աշխատում էր Բերդի քաղաքային հիվանդանոցում:

-Առաջնե՞կը…

-Աղջիկ է, բայց արդեն մեր երկրորդ բալիկին՝ մեր որդուն ենք սպասում… Ես միշտ կրկնում եմ՝ մայր դառնալուց լավ ծառայություն չկա մեր պետության համար:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_7584 (1)
  • IMG_7623
  • IMG_7581