Ավելի հեշտ է կանխել, քան բուժել

Զրույց ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժշկուհի, բ/ծ կապիտան Ալվարդ Ծատուրյանի հետ

Ավարտել է ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետը, հետբուհական կրթությունը շարունակել ինտերնատուրայում, ապա կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով էնդոկրինոլոգի նեղ մասնագիտական որակավորում: 2005 թ-ից ծառայում է Վանաձորի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում:

– Դուք ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի եզակի կին շրջանավարտներից եք. տարիների ընթացքում ՌԲՖ ընդունելության կարգը փոխվել է, և այսօր միայն տղաները կարող են ուսանել այդ ֆակուլտետում:

-Երբ ընդունվեցի ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ, ռազմաբժշկական ֆակուլտետը դեռ չէր բացվել: Ընդունվել էի բարձր միավորներով, սովորում էի պետպատվերի շրջանակներում և գերազանց առաջադիմության համար ստանում էի Օրբելու անվան կրթաթոշակ: 4 տարի սովորելով բուժական ֆակուլտետում՝ առաջարկություն ստացա տեղափոխվելու ռազմաբժշկական ֆակուլտետ: Նոր կազմավորվող բաժին էր և կարևոր առաքելություն ուներ՝ հայոց բանակի համար զինվորական բժիշկներ կրթել:

Հայրս զինվորական էր և երկար տարիներ ծառայել էր ռուսական բանակում. նրա կերպարը մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման, նախասիրությունների վրա: Թերևս դա էր պատճառը, որ առանց երկմտելու, մեծ ոգևորությամբ ընդունեցի ռազմաբժշկական ֆակուլտետ տեղափոխվելու առաջարկը: Կազմվեց տասհոգանոց մի խումբ, որտեղ սովորում էին 5 աղջիկ, 5 տղա. մեզանից յուրաքանչյուրը հպարտ էր, որ արժանացել է այդ վստահությանը և կարող է օգտակար լինել բանակին…

-Ասացիք, որ սովորել եք գերազանց առաջադիմությամբ, Օրբելու անվան կրթաթոշակ եք ստացել, կարմիր դիպլոմով ավարտել եք բուհը… Ինչպե՞ս է հաջողվել:

– Գերազանց սովորելու համար պետք չէ յուրահատուկ օժտվածություն ունենալ, պետք է ընդամենը ուշադիր լինել, ժամանակ տրամադրել և ջանալ:

-Ինչո՞ւ հետագայում ընտրեցիք թերապևտիկ ծառայությունը:

-Թերապիան բժշկության այն բաժինն է, որը ուսումնասիրում է ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակներն ու միջոցները, իրականացնում է ներքին հիվանդությունների բուժումը առանց վիրաբուժական միջամտության: Ինձ գրավել է այս ոլորտը իր բազմազանությամբ՝ բազմաճյուղ դրսևորումներով: Կլինիկական օրդինարուրայում որպես նեղ մասնագիտություն ընտրեցի ներզատաբանությունը՝ էնդոկրինոլոգիան:

-Որպես էնդոկրինոլոգի ուզում եմ հարցնել՝ ի՞նչ հաճախականությամբ է զինվորների մոտ հայտնաբերվում շաքարային դիաբետը:

– 2005 թ-ից ծառայում եմ թերապևտիկ բաժանմունքում և ընդամենը երեք դեպք է եղել, երբ զորակոչված երիտասարդի մոտ շաքարային դիաբետ ենք հայտնաբերել: Երեք դեպքում էլ հիվանդը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ստացել է բուժում և հետագայում օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Մինչև պարտադիր զինվորական ծառայության անցնելը զորակոչիկները անցնում են բոլոր պարտադիր բուժզննումները և հետազոտությունները. եթե նրանց մոտ հայտնաբերվում է շաքարային դիաբետ, ապա նրանք ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Իսկ եթե շաքարային դիաբետը առաջանում, հայտնաբերվում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով հիվանդության հյուծող, քայքայող բնույթը և կոմատոզ վիճակներից խուսափելու համար, երիտասարդը զորացրվում է:

Եթե առաջնային շաքարային դիաբետ հայտնաբերվում է սպաների մոտ, կլինիկական հետազոտությունները որոշում են ինսուլինի քանակը արյան մեջ, նշանակվում է բուժում. սպան կարող է համատեղել բուժումը ծառայության հետ և կզորացրվի միայն այն ժամանակ, երբ կունենա հաշմանդամության կարգ:

-Դուք ասացիք, որ շաքարային դիաբետը կարող է առաջանալ նաև ծառայության ընթացքում: Ինչպե՞ս է բացահայտվում այն:

-Շաքարային դիաբետը հյուծող հիվանդություն է, անհնար է այն «չնկատել»… Երիտասարդների մոտ առաջացող շաքարային դիաբետը պահանջում է ինսուլինոթերապիա, իհարկե, որոշ բացառություններով: Մեծահասակների մոտ հիմնականում երկրորդ տիպի դիաբետ է հանդիպում, ընդ որում, հիվանդը կարող է երեքից հինգ տարի չկռահել իր հիվանության մասին:

– Թերապևտիկ պրոֆիլի ո՞ր հիվանդություններն են ավելի հաճախ հանդիպում և ինչո՞ւ:

– Օդի ջերմաստիճանի տատանումներով պայմանավորված սովորաբար լայն տարածում ունեն շնչառական ուղիների հիվանդությունները, և ոչ միայն Զինված ուժերում, այլև քաղաքացիական կյանքում նույնպես (մեր բաժանմունքում ունենք ինտենսիվ հիվանդասենյակներ, որտեղ պառկում են շնչառական սուր հիվանդություներ ունեցող հիվանդները):

Առաջնորդնելով «Ավելի հեշտ է կախել, քան բուժել» հայտնի սկզբունքով՝ զորամասերում անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ ինչպես շնչառական, այնպես էլ աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումները կանխելու նպատակով:

-Իսկ արյան ճնշման տատանումները չե՞ն անհանգստացնում:

-Արյան ճնշման տատանումներ լինում են: Գաղտնիք չէ, որ 18-25 տարեկան հասակում տղաների օրգանիզմի ֆիզիկական զարգացումը շարունակվում է՝ ոսկրերը, մկանները աճում են տեստոստերոնի հաշվին: Անոթները հետ են մնում ոսկրերի աճից, և առաջանում են վեգետատիվ խնդիրներ (արյան ճնշման տատանումներ), սակայն դա լուրջ մտահոգություն չէ. երիտասարդ օրգանիզմը արագ ինքնակարգավորվում է:

-Երիտասարդները մի՞շտ են կարողանում ճիշտ նկարագրել իրենց ցավերը:

-Երբ հիվանդին բերում են մեզ մոտ, մենք առաջին հերթին հարցնում ենք՝ ինչ գանգատներ ունի, սակայն Ձեր հարցը տեղին էր… Լինում են դեպքեր, երբ ոչ միտումնավոր, սակայն երիտասարդը չի կարողանում ճիշտ նկարագրել իր ցավերը, դա է պատճառը, որ հիվանդությունը ախտորոշելիս հիմք ընդունել միայն գանգատները չի կարելի: Ստուգում ենք անամնեզը, հարցնում՝ ինչ հիվանդություններով է հիվանդացել նախկինում: Մեզ օգնում է նաև զինվորի բժշկական գրքույկը, որի մեջ գրանցված են նրա առողջությանը վերաբերող բոլոր տվյալները՝ բժշկական հանձնաժողովների կողմից արված բուժզննումների, հետազոտություննների արդյունքները: Չհայտնաբերված հիվանդություններ գրեթե չեն հանդիպում:

– Մոտ 10 տարի ծառայում եք համակարգում. վերապատրաստման դասընթացների մասնակցե՞լ եք:

-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կմեկնեմ վերապատրաստման (դա կլինի առաջին վերապատրաստման դասընթացը, որին մասնակցելու եմ): Սակայն չեմ կարող չնշել, որ յուրաքանչյուր աշխատանքային օր յուրատեսակ «վերապատրաստման դասընթաց է»…

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հուսով եմ՝ ընթերցողը կմտապահի՝ «Ավելի հեշտ է կանխել, քան բուժել», և այսուհետ առողջ կլինի:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_7864 (1)
  • IMG_7859 (1)
  • IMG_7868 (1)