Հպարտ են, որ զինվոր են…

Վանաձորի կայազորային հոսպիտալի փոքրիկ դահլիճում, որը նաև ընթերցասրահ էր, շախմատի, շաշկու խաղասրահ, երկու զինվոր շախմատ էին խաղում: Սուրիկ Մելքոնյանը ամբողջովին կլանված էր խաղով, իսկ Անդրանիկ Համբարյանը նկատել էր, որ իրենց եմ նայում… Սուրիկի վճռական խաղը ինձ հիացրել էր, կարծես մարտական առաջադրանք էր կատարում:

-Շախմատ խաղալ ինքնուրո՞ւյն ես սովորել, թե հաճախել ես պարապմունքների,- հարցրի Սուրիկին:

-Ոչ, ինքնուրույն, ազատ ժամանակ խաղում էի ընկերներիս հետ՝ դպրոցում, բակում:

-Հաղթո՞ւմ էիր:

-Իհարկե, բայց նաև պարտվել եմ, խաղի մեջ ամեն ինչ հնարավոր է. պարտվելուց հետո ավելի լավ էի խաղում:

Թերապևտիկ բաժանմունքի հերթապահ բուժքույր Մարինա Բրուտյանը պատմել էր, որ Սուրիկը լավ է երգում և նախորդ գիշեր «համերգ» է տվել. «Գեղեցիկ ձայն ունի և մեզ ծանոթ երգերը շատ ինքնատիպ էր կատարում»:

Սուրիկ Մելքոնյանը 12 տարեկանից հաճախել է Թովմաս Պողոսյանի աշուղական դպրոց. բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել և Հայաստանում, և Հայաստանի սահմաններից դուրս: Որոշել է զորացրվելուց հետո ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժնում:

-Կա՞ մի երգ, որ մյուսներից ավելի ես սիրում:

-Գուսան Աշոտի «Հայրիկը»… Որքան երգեմ, որքան լսեմ, չեմ ձանձրանում:

-Մեր զորամասում,- զրույցին միացավ Վահե Մրտեյանը,- զինվորներից կազմված երգչախումբ-նվագախումբ կա, նրանց ներկայությունը, նրանց կատարումները մեր զորամասային առօրյան ավելի գունեղ են դարձնում: Հայրենասիրական երգերը զինվորի մարտական ոգին բարձր են պահում:

-Մենք էլ չենք տխրում,- պատասանեց Սուրիկը:- Մասնակցում ենք տարբեր զորավարժությունների, ուսումնամարզական միջոցառումների: Հոկտեմբերյանում տեղի ունեցած «Հարձակվողական զորավարժություններ»-ի ընթացքում խրախուսվել եմ ակտիվ մասնակցության համար: Բարեխիղճ ծառայության համար «Լավագույն զինվոր» մրցանակին եմ արժանացել… Զորամասում օրը հագեցած է:

-Իսկ ինչպե՞ս է սկսվում օրը հոսպիտալում:

-Ամենակարևորը՝ ԽԱՂԱՂ… Առավոտյան արթնանում ենք, հարդարում մեր անկողինները, հետո անվանականչն է, որից հետո պատրաստվում ենք իջնելու նախաճաշի:

-Բոլոր ճաշատեսակներից օգտվո՞ւմ եք:

-Ես՝ այո, ամեն ինչ մատուցվում է մաքուր և ըստ չափաբաժինների: Լինում են տղաներ, որ «չեն կշտանում» և խնդրում են ավելացնել, խոհարարները ոչ մեկին չեն մերժում, ավելին, ուրախանում են, երբ իրենց պատրաստածը՝ տապակած ձուկը, ջրալի ապուրը, դուր է գալիս զինվորներին: Ճիշտ է, կան այնպիսի հիվանդներ, որոնք հրաժարվում են այս կամ այն ճաշատեսակից… Գիտեք, քմահաճ, կամակոր մարդը ամեն տեղ էլ կամակոր է: Եթե այսօր չի հավանում խոհարարի պատրաստածը, համոզված եղեք, տանն էլ նույն կերպ է վարվել… Բայց երբ քաղցը հաղթում է, օգտվում են ճաշարանի կերակուրներից և երևի մտքում խոստովանում են, որ վատ չէ, որ համեղ է, ինչու չէին ուտում…

-Ինչո՞վ եք զբաղվում օրվա ընթացքում:

-Անկեղծ ասած, մի քիչ ձանձրանում ենք… Նշված ժամերին ստանում ենք նշանակումները, զրուցում ենք բուժանձնակազմի հետ: Իջնում ենք բակ (հոսպիտալի բակում նստարաններ կան, սաղարթախիտ ծառեր), այնտեղ ավելի հով է, ծանոթանում ենք միմյանց հետ ու զրուցում… Բոլորս ծառայող տղաներ ենք՝ նույն մտածմունքներն ու զգացմունքներն ունենք, իրար լավ ենք հասկանում:

…Ես նույնպես հասկանում եմ նրանց՝ կարոտ, սեր, երազանքներ…. և պարտադիր զինվորական ծառայություն, որից նրանք ոչ միայն չեն խուսափում, այլև արժանապատվությամբ կրում են հայրենիքի պաշտպանի համազգեստը և հպարտ են, որ զինվոր են…

Էդիտա Մելքոնյան