Առանց զոհվելու իրավունքի

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ-ազատամարտիկ Արտակ Ջեյնալյանը:

Ջոկատը համալրվեց նոր կամավորականներով, վերանվանվեց «Նիկոլ Դուման»: Հրամանատար ընտրվեց Ալբերտ Բազեյանը: Ստանալով զենք-զինամթերք, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ՝ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ: Մենք մեզ հետ նաև հակագազեր էինք վերցրել: Խորհրդային բանակ զորակոչվելուց հետո ես մի քանի ամիս ծառայել եմ Կարայազներում, որը Ադրբեջանի տարածքում է գտնվում, և տեղյակ էի, թե որքան քիմիական զենք կա այնտեղ կուտակված: Բացառված չէր, որ և դա կօգտագործեին հայ ազգաբնակչության դեմ:

Մեր ջոկատի տղաների մեծ մասը բարձրագույն կրթություն ուներ կամ դեռ սովորում էր ինստիտուտում, մի մասը ծառայել էր խորհրդային բանակում և բավականին փորձ ուներ: Բարձր էր ջոկատի ինտելեկտուալ մակարդակը և մարտական ոգին: Բոլորս էլ գիտեինք՝ ուր ենք գնում և ինչու, գիտեինք նաև, որ կարող ենք վիրավորվել, նույնիսկ զոհվել:

1991-ի դեկտեմբերին ուղղաթիռով մեկնեցինք Քոլատակ, որտեղից էլ պետք է մեկնեինք Կրկժան: Սակայն Քոլատակում որոշեցին մեզ ուղարկել Կիչան. այնտեղ ավելի էր զգացվում մեր օգնության կարիքը: Գյուղը հայաթափվել էր, տեղի ունեցած դիրքային մարտերի ժամանակ գյուղի բնակչությունը չէր կարողացել դիմադրել հակառակորդի կանոնավոր բանակին և թողնելով ողջ ունեցվածքը՝ մի կերպ դուրս էր եկել: Իսկ Կիչանը ռազմավարական նշանակություն ուներ. նրա կորուստը նշանակում էր կորցնել Մարտակերտ մտնելու հնարավորությունը: Մենք պետք է այն ամեն գնով ետ վերադարձնեինք:

Գիշերով մտանք գյուղ: Այն ծածկված էր կաթնանման թանձր մառախուղով: Երբ արդեն լույսը բացվում էր, մենք հայտնվեցինք հակառակորդի դեմ դիմաց՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Գյուղացիները դիմադրության համար փոսեր էին փորել, բայց դրանք հեռու էին խրամատ կոչվելուց: Մեկ մարդն անգամ չէր կարող թաքնվել այդ փոսի մեջ: Պառկում էինք կողքի, կիսով չափ դուրս էինք մնում, մեջքի վրա պառկած էլ հնարավոր չէր տեսնել հակառակորդի շարժումը: Այստեղ պետք եկավ ծառայության ընթացքում ձեռք բերած փորձս՝ սվինով սկսեցի խորացնել փոսը այնքան, որ բոյով մեկ հանգիստ կանգնում էի՝ չնկատվելով թշնամու կողմից, հետևում էի նրանց շարժին:

Մառախուղը ցրվել էր: Հակառակորդը սկսեց ակտիվանալ և գործի դնել Ալազանը: Առաջին արկը ընկավ Բազեյանից ու Միքայելից մոտ 75 մետր հեռավորության վրա, և քանի որ միայն ես էի կանգնած և միայն ինձ էր տեսանելի արձակած հրթիռը, նախազգուշացրի տղաներին: Երկրորդը ընկավ 50 մետր հեռավորության վրա, որի մասին, նորից զգուշացրի, իսկ երրորդը ընկավ տղաներից 25 մետր հեռու: Յուրան, տեսնելով արձակած հրթիռը, իր կողքը պառկած Վարդանին հարցնում է՝ ինչ է կատարվում:

-Հակառակորդը մեզ նկատել է և հրթիռները մեր ուղղությամբ է բաց թողնում, ի՞նչ անենք…

-Դու՝ չգիտեմ, բայց ես կփախչեմ այս փոսից:

Ամենածանր պահին անգամ չէինք կորցնում հումորի զգացումը. կատակը օգնում էր հաղթահարել դժվարությունները:

Մի անգամ, երբ Վարդանը գիշերով դուրս եկավ, այդ պահին հակառակլորդը սկսեց կրակել հրետանուց: Վարդանը ներս մտավ ու ծիծաղելով պատմեց.

-Երբ սկսեցին կրակել, ամեն ինչ թողեցի ու ձեռքերով դեմքս ծածկեցի, որ գեշ մեռել չլինեմ…

Մահվան ու կյանքի սահմանագծում հումորն ավելի սուր է լինում:

…Մեր հաջորդ առաջադրանքը Ղազանչի գյուղի էվակուացումն էր, առաջին խնդիրը՝ երեխաներին գյուղից անվնաս դուրս բերել: Մենք Մուրադ Մուրադյանի հետ Կիչանում բուժկետ էինք բացել, որտեղ օգություն էինք ցույց տալիս ոչ միայն ազատամարտիկներին, այլև բնակչությանը: Այնտեղ պահեստի նման մի բան ունեինք, որտեղ դեղորայքից ու բուժսարքավորումներից բացի պահում էինք քաղցրավենիք և սննդի որոշ տեսականի, որը քիչ էր, և միայն անհրաժեշտության դեպքում էինք տալիս տղաներին: Ջոկատի տղաների մի մասը, ես էլ՝ նրանց հետ, հրամանատար Ալբերտ Բազեյանի կարգադրությամբ գիշերը պետք է դուրս գար թշնամու թիկունք և շրջանցելով մտներ Ղազանչի: Ուսապարկիս մեջ զինամթերքից և անհրաժեշտ դեղորայքից բացի քաղցրավենիք էի լցրել, որ ետդարձի ճանապարհին երեխաներին բաժանեմ, մի մեծ թերմոսի մեջ՝ քաղցր թեյ, որը նույնպես երեխաների համար էի նախատեսել: Թերմոսը տվեցի Հրանտին:

-Սա ի՞նչ է,- հարցրեց նա:

-Թեյ է երեխաների համար:

-Ինչո՞ւ քեզ մոտ չես պահում:

-Դե, եթե տղաները ուզեն, ես չեմ կարող մերժել, բայց քեզ մոտ լավ է ստացվում,- մեղավոր տոնով ասացի ես:

Մեզ հետ էր ուզում գալ նաև Մուրադը, բայց վերջին պահին Ալբերտ Բազեյանը նրան այլ հանձնարարություն տվեց և արգելեց մեզ հետ գալ Ղազանչի: Նա մինչև հոգու խորքը վիրավորվել էր:

-Բայց ինչու՝ ես,- վիրավորված ասաց նա,- մի՞թե ես արժանի չեմ այդ պատվին:

-Դա հրաման է ,- եղավ պատասխանը:

Որքան էլ հիմա զարմանալի ու վերամբարձ հնչի, իրոք, դա այդպես էր. եթե մեզանից որևէ մեկին ինչ-ինչ պատճառներով հետ էին պահում դժվարին առաջադրանքին մասնակցելուց, վիրավորվում էինք, ցավով ընդունում հրամանը: Վերջին պահին Մուրադը իր իրերից տվեց մեզ:

-Դուք պարտավոր եք կենդանի վերադառնալ և իմ իրերը վերադարձնել,- ասաց նա:

Դա նշանակում էր, որ մենք իրավունք չունեինք զոհվելու: Հետո դա մեզ մոտ դարձավ սովորույթ՝ տոտեմի նման մի բան, և ամեն առաջադրանք կատարելուց առաջ անձնական իրերի փոխանակություն էինք կատարում:

Մենք ճանապարհ ընկանք: Խավար գիշեր էր: Մեծ դժվարությամբ մտանք Ղազանչի: …Հավաքեցինք երեխաներին, դուրս եկանք գյուղից և իրար թիկունք պահելով՝ նույն ճանապարհով բռնեցինք Կիչանի ճանապարհը: Ցուրտ ձմեռ էր: Երեխաները մրսում էին: Մենք հանել էինք մեր վերարկուները, ծածկել երեխաներին և կում-կում տաք թեյ էինք տալիս նրանց: Ես ավտոմատով էի, գնում էի առջևից, Հրանտը, մի երեխայի գրկած, գալիս էր իմ ետևից.

-Արտակ,- ասաց Հրանտը,- այս երեխան կարծես թե սառել է, չի խոսում…

Ես էլ փորձեցի խոսեցնել երեխային և դիմեցի նրան.

-Ո՞նց ես, բալիկ ջան:

Բայց նա նույն սառը աչքերով ինձ էր նայում: Անհանգստացած կանչեցինք Ղուկաս Ուլիխանյանին, որը մեկ այլ երեխայի գրկած մեր ետևից էր գալիս: Նա մոտեցավ երեխային և իրենց բարբառով հարցրեց.

-Հո՞ւնց ուս, ա խոխա:

Երեխան ժպտաց…

Մենք բարեհաջող հասանք Կիչան:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)