ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՏԵՂՆ Է

Բուժծառայության մայոր, Արցախյան պատերազմի մասնակից Նվեր Առաքելյանը` պատերազմի ու խաղաղության մասին

Նվեր Առաքելյանը ծնվել է 1963 թվականին Սիսիանի շրջանի Բարձրավան գյուղում։ Դպրոցից հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1983թ. ընդունվել է բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետ։ Բուհն ավարտելուց հետո ընկերոջ՝ համակուրսեցի Վարդանի հետ ինտերնատուրան որոշեցին Ստեփանակերտում շարունակել։ 1989թ. էր, հենց այդ ժամանակահատվածում էլ աշխարհը խառնվեց, ու Առաքելյանն ու ընկերը որոշեցին մնալ Արցախում։ Դիմեցին «Կռունկ» կոմիտեին, որ իրենց ուղարկեն այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար։ Եվ ահա Նվերը նշանակվում է Հադրութի կենտրոնական շրջանի դեղատան պետ. տեղի բնակչությանն ու զինվորներին դեղորայք էր մատակարարում։ Ստեփանակերտից էր բերում հասցնում դեղորայքը: Վտանգներով լի, թշնամու ուղիղ նշանառության տակ էր ձգվում այդ ճանապարհը։ Քանի՞ անգամ է կտրել-անցել մահվան այդ ճանապարհը, հիմա չի էլ հիշում: Բացի մասնագիտական աշխատանքը կատարելուց, Նվեր Առաքելյանը տեղի ինքնապաշտպանական ջոկատների կազմում մասնակցել է նաև ռազմական գործողություններին։

-Հադրութի գյուղերն իրարից բավական կտրված են, առանձին-առանձին ձորակներում են, նորմալ կապ չկար, ու հաճախ մինչ օգնության էին գալիս, ուշ էր լինում: «Օղակ» ռազմական օպերացիացից հետո Հադրութի մի որոշակի մասը ադրբեջանցիները զավթեցին, ահավոր ծանր վիճակ էր, բնակչությունը խուճապի մեջ էր,14 գյուղ հողին հավասարվեց, ավերվեց… Այնտեղ ամեն օր սուգ էր։ Տեղում ապրում էին, կռվում, մաքառում…,-հիշում է մայորը:

Ծնողների միակ արու զավակն է Նվերը։ Այն օրերին, երբ մեկ շաբաթով տուն էր գնում՝ հարազատներին տեսակցելու, երկրորդ օրն արդեն ուզում էր վերադառնալ։ Ասես մի աշխարհից տեղափոխվում էր մի այլ աշխարհ, այստեղ մարդիկ ծիծաղում էին, սրճարաններում անհոգ սուրճ խմում.. Այս ամենը թվում էր նրան մի «վիրտուալ» աշխարհ… Իրականությունն այնտեղ էր, որտեղ պայթյունների տակ լսվող վիրավոր մարդկանց հառաչն էր ու լացը, ամեն թիզ հողի համար անձնազոհ կռվող տղերքը… Ու շտապում էր դեպի իրական աշխարհ։

-Ցավագին, տխուր հիշողություններով լի էին պատերազմական օրերը։ Ամենացնցողներից մեկն եմ հիշում. հադրութցի տղաներից մեկի երկու երեխան զոհվեցին, փոքր էին, շա՜տ փոքր, ու գրադը նրանց խփեց հենց փողոցում։ Գիտե՞ք, երբ կռվողն էր զոհվում, քիչ թե շատ հաշտվում էինք։ Բայց ի՜նչ դառնություն էր, երբ երեխա էր զոհվում։ Պատերազմ էր… ու զոհվում էին զինվորն ու խաղաղ բնակիչը…

Պատերազմական այս ծանր ժամանակահատվածում էլ Նվերն ամուսնացավ։ 1991 թվականն էր։ Կինը՝ Անահիտը, Հադրութից է։

– Լուսահոգի Գառնիկ Ալեքսանյանի հետ, որ այդ ժամանակ շրջանի վիրաբույժն էր ու շատ հարգված անձնավորություն, գնացինք խնամխոսության, մի քիչ էլ գինովցած էինք,- ժպիտով վերհիշում է։- Ամուսնացա, զավակ ունեցա ու էդ ժամանակ է՛լ ավելի խորությամբ հասկացա, ըմբռնեցի կռվող տղերքի ինքնազոհ նվիրումը, կապվածությունը հողին, մտա նրանց կաշվի մեջ. մենք պաշտպանում էինք մեր հողն ու ջուրը, թիկունքում մեր ծնողներն էին, մեր օջախն էր, մեկի սիրած աղջիկն էր, մյուսի քույրը, իմ նորաստեղծ ընտանիքն էր ու նոր ծնված զավակս, որ ռմբակոծությունների ժամանակ գտնվում էր «Դիզակ» կինոթատրոնի շենքի նկուղում, եւ օրորոցային երգերից ավելի հաճախ կրակոցների ձայներն էր լսում… Կռվել ու հաղթել. սա մեր բոլորի ամենօրյա երդումն էր, պատգամն էր, աղոթքն էր…

-Պատահե՞լ է թշնամու կյանքը փրկեք,- հարցնում եմ` վերջին խոսքերից հետո վստահաբար սպասելով ժխտական պատասխանի։

-Փրկել ենք։ Ես մասնագիտությամբ դեղագետ եմ։ Ավելի շատ առաջին օգնություն եմ ցուցաբերել, իսկ, այ, մեր բժիշկներից շատերն են փրկել։ Տարոն Տոնոյանն այդ ժամանակ ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի բուժծառայության պետն էր։ Թշնամու գերուն 2-3 ժամ վիրահատեց, ու երբ հարցրին՝ ինչո՞ւ, ասաց՝ բժշկի պարտքն է, պետք է փրկի հիվանդին։ Մի այլ դեպք էլ պատմեմ։ Տղաներից մեկը, որ քաղաքացիական կյանքում տաքսու վարորդ էր աշխատել, ոգևորված, ոգեշնչված կռվում էր ու հետն էլ անընդհատ կրկնում՝ հերներն անիծեք թուրքերի, թուրք ընկնի ձեռքս՝ երեխա -մեծ, չեմ խնայելու։ Ու այնպես ստացվեց՝ երբ անվտանգ միջանցք էինք ստեղծել, որ թշնամու խաղաղ բնակչությունը հեռանա, անզգուշության հետևանքով և՛ մեզնից, և՛ հակառակորդից վիրավորներ եղան։ Եւ այն տաքսիստը, որ ամբողջ կռվի ժամանակ մեր գլխին վրեժխնդիր լինելու վերաբերյալ քարոզներ էր կարդացել` սպառնալով «թուրքի իզութոզը ջնջել», գրկեց թշնամու ուշաթափված երեխային ու շտապեց հասցնել շտապօգնության մեքենայի մոտ։ Տեղ չկար, մերժեցին։ Ու մեր ծանոթ տաքսիստը ավտոմատը պահեց շտապօգնության մեքենայի վարորդի վրա ու հրամայեց՝ հասցրեք հիվանդանոց: Բայց նա էլ հո բժիշկ չէ՞ր։ Ուզում եմ ասել՝ սա հայ զինվորի կերպարն է, էությունը. թույլի, ընկածի, գերու վրա հայ զինվորը երբեք ձեռ չի բարձրացնի։

-Ինչո՞վ զբաղվեցիք, երբ պատերազմն ավարտվեց։

-Պատերազմը երբեք չի ավարտվում, մանավանդ մեզ համար՝ երբ կողքիդ դարավոր թշնամին է։ Հրադադար է, պատերազմի պասիվ փուլ, մեծն Նժդեհի խոսքերով ասած. «Զուր են կարծում մարդիկ, որ խաղաղությունը կյանքի բնական վիճակն է, կյանքն անընդմեջ պայքար է, ու խաղաղությունն ավելի շուտ պատերազմի կարճատեւ զինադադարն է միայն»։ Պատերազմից խաղաղության անցումն իհարկե հեշտ չէր, դժվար էի համակերպվում։ Պատերազմը շատ բան տվեց մեզ, բայց նաև շատ բան կորցրինք։ Ու ամենացավալին՝ կորցրինք մեր սերուցքը, ազգի ընտրանին՝ հզոր ոգու տեր, ազնիվ մղումներով մեր քաջ տղերքին։ Այն նվիրյալներին, որոնց համար ազգային գաղափարից, ազգային արժեքներից այն կողմ ոչինչ չկար։ Ափսոս հիմա արժեքներն ու արժեհամակարգերը շատ են խաթարվել, աղավաղվել… Հրադադարի հաստատումից հետո քաղաքացիական կյանքում շարունակեցի իմ մասնագիտությամբ զբաղվել։ 2000թ. Արթուր Աղաբեկյանի առաջարկով մտա բանակ։ 2002 թվականից բուժտեխնիկայի և դեղամիջոցների կենտրոնական բազայի հրամանատարն եմ։

-Համազգեստը փոխե՞ց Ձեզ։

-Ավելի պատասխանատու դարձա։ Կարծում եմ՝ ամեն ոք իրավունք չունի զինվորական համազգեստ կրելու, այն պետք է կրեն միայն արժանավորները, նրանք ովքեր գիտակցում են՝ ինչ ասել է սպայի պատիվ ու արժանապատվություն: Բանակը միայն նվիրյալների տեղը պետք է լինի։

-Այսօր Ձեր որդին ծառայում է մեր ազգային բանակում։ Ի՞նչ կմաղթեք նրան, մեր զինվորներին` որպես ազատամարտիկ, որպես զինվորական, որպես հայր։

-Ուզում եմ, որ մեր զինվորը միշտ ուժեղ լինի, համարձակ, առաքինի, օրինավոր, քաջ գիտակցի, որ հայրենիքի զինվոր լինելը հպարտություն է։ Բարի ծառայություն եմ մաղթում բոլորին։ Պատվով ու արժանապատվորեն թող ծառայեն բանակում, պատվով էլ վերադառնան, հմտանան իրենց մասնագիտության մեջ, ծաղկեցնեն ու շենացնեն երկիրը: Առաջնորդվեն նժդեհյան ազգանվեր գաղափարներով, ու թե հարկ լինի, պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հողն ու ջուրը՝ Հայրենիքը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ