Ժողովրդի բժիշկ Գրիգորյանը

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանն Ադրբեջանի հետ 183 կմ սահման ունի… գրեթե միշտ անհանգիստ սահման: Այստեղ փոքրից մեծ՝ բոլորը գիտեն, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը սոսկ բառախաղ չէ…

1990-ականների սկզբին շրջանը ներգրավվեց պատերազմական գործողությունների մեջ, այսօր էլ, ցավոք, մարտական հենակետերի, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հաճախակի կրակոցներով, դիվերսիոն ներթափանցման փորձերով թշնամին գրեթե ամեն օր հիշեցնում է՝ պատերազմը չի ավարտվել:

Պատերազմի տարիներին Բերդի տարածաշրջանում զինվորական առաջին բուժհաստատությունում, որը գործում էր քաղաքացիական հիվանդանոցի կազմում, ծանր վիրահատություններ էին իրականացվում: Այժմ էլ, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների պատճառով, ցավոք, հնարավոր չէ լիովին բացառել սահմանային միջադեպերը, հրազենային, ականպայթյունային, խառը վիրավորումները:

Բուժծառայության փոխգնդապետ Էդուարդ Գրիգորյանի ղեկավարությամբ գործող Տավուշի Առանձին բժշկական ջոկատում կուռ թիմ է ձևավորվել, որի անձնվեր աշխատանքի շնորհիվ այստեղ բազմաթիվ կյանքեր են փրկվում:

Մեր զրուցակիցը Տավուշի Առանձին բժշկական ջոկատի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, բուժծառայության փոխգնդապետ Էդուարդ Գրիգորյանն է:

-Պարոն փոխգնդապետ, 13 տարի ծառայել եք Տավուշի Առանձին բժշկական ջոկատում, 8 տարի ղեկավարել այն: Երկար տարիների նվիրված աշխատանքի շնորհիվ ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական բնակչության կողմից ջերմ ընդունելության եք արժանացել… Պատմեք, խնդրում եմ, Ձեր ծառայողական ուղու մասին: Ինչպե՞ս եկաք Տավուշ:

-1996-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1997 թվականից աշխատել եմ Էրեբունի բժշկական կենտրոնում, 1998-1999 թվականներին՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Գիտական Կենտրոնում (Ներկայում՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն): 2000 թվականից աշխատանքի եմ անցել ՆԳՆ-ի հոսպիտալում: 2002-ին զորակոչվել եմ Զինված ուժեր և ծառայության անցել Տավուշի Առանձին բժշկական ջոկատում՝ որպես երկտարեցի վիրաբույժ: Նույն թվականին թեկնածուական թեզ եմ պաշտպանել, 2 տարի անց՝ դոկտորական դիստերտացիա: Ստացվեց այնպես, որ ծառայության ավարտին պայմանագիր կնքեցի և շարունակեցի ծառայել Տավուշի ԱԲՋ-ում: 2007 թվականից ղեկավարում եմ այն:

-Դուք արմատներով Տավուշից եք… Դա որևէ դեր խաղացե՞լ է Ձեր որոշման մեջ:

– Իհարկե: Ես մեծ ցանկություն ունեի ծառայելու Տավուշում, թեպետ խոստովանեմ՝ նախկինում ամբողջությամբ չէի պատկերացնում այս շրջանում՝ հյուսիսարևելյան սահմանգոտում, ծառայելու ողջ ծանրությունը: Ժողովուրդն ինձ ընդունեց որպես հարազատի…

-Մենք ունենք գրեթե միշտ անհագիստ սահման… Այս իրավիճակում Տավուշի Առանձին բժշկական ջոկատի անձնակազմն իր ուսերին է կրում վիրավոր զինծառայողների կյանքը փրկելու պատասխանատվությունը: Խնդրում եմ համառոտ անդրադառնանք ԱԲՋ-ի անցած ճանապարհին:

-Պատերազմական տարիներին ծառայությունը գործել է քաղաքացիական հիվանդանոցին կից` Արամ Հարությունյանի ղեկավարությամբ: 1998-ից անջատվել է, 2002 թվականից՝ դարձել առանձին բժշկական ջոկատ: ԱԲՋ-ի ձևավորման փուլում այն ղեկավարել է Վարուժան Հակոբյանը: Տավուշի ԱԲՋ-ն ակտիվ գործունեություն է ծավալում՝ բացի զինծառայողներից, սպասարկելով նաև ամբողջ տարածաշրջանի բնակչությանը: 2002-ից առ այսօր այստեղ կատարվել է շուրջ 7000 վիրահատություն: Տարեկան մենք սպասարկում ենք 1200 հիվանդի: Հրազենային, ականապայթյունային, խառը վիրավորումներ ունեցող բազմաթիվ ծանր հիվանդներ այստեղ ապաքինվել են… Ունենք համախմբված բուժանձնակազմ, կուռ բժշկական թիմ, որի գլխավոր նպատակը հիվանդին փրկելը, բուժելն ու շարք վերադարձնելն է:

– Պարոն փոխգնդապետ, որպես տեղացի, ես հրաշալի գիտեմ, թե ԱԲՋ-ն ինչպիսի բարձր վարկանիշ ունի: Բուժանձնակազմը բացառիկ վստահություն է վայելում ոչ միայն զինվորականների, այլև Բերդ քաղաքի և տարածաշրջանի բոլոր գյուղերի բնակիչների շրջանում: Առաջին հերթին ի՞նչն է այդ վստահության հիմքում:

-Բուժանձնակազի մասնագիտական բարձր որակը, թիմային աշխատանքը, հիվանդների նկատմամբ հոգատարությունը և մարդկային վերաբերմունքը:

– Ի՞նչ ծառայություններ են իրականացվում ԱԲՋ-ում:

-Տավուշի առանձին բժշկական ջոկատը հիմնականում վիրաբուժական ծառայություն է իրականացնում: Ճիշտ է՝ սա ընդհանուր բուժհիմնարկ է, ունենք մասնագետներ, սակայն վերազինվել է, և գործունեության հիմնական ուղղությունը վիրաբուժականն է:

-Ենթադրում եմ՝ պահանջներից ելնելո՞վ…

-Այո: բացի դրանից՝ կա Պաշտպանության նախարարի հրաման, համաձայն որի մենք պետք է տեղի ազգաբնակչությանը վիրաբուժական օգնություն ցուցաբերենք….վիրահատված հիվանդների բուժումը երկարատև չէ, և մենք մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածություն չենք ունենում: Այս ամենով հանդերձ՝ ցակացած հիվանդ եթե մեր դարպասներից ներս է մտնում, նրան համապատասխան օգնություն է ցուցաբերվում:

– Խոսենք նաև մասնագետների մասին… Գիտեմ, որ վիրահատությունների զգալի մասը Դուք եք կատարում:

– Ունենք բարձրակարգ մասնագետներ՝ քիթ-կոկորդի մասնագետ, անոթային վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժներ, անեսթեզիոլոգ, վարակաբան, ատամնաբույժ… տասը բժիշկներով իրականացնում ենք ծառայությունը:

-Ինչպե՞ս է կարգավորվում մասնագետների վերապատրաստման խնդիրը:

-Հիմնական կազմը փոխվում է: Երեք տարին մեկ մեր անձնակազմը նոր մասնագետներով է համալրվում: Վերապատրաստումները կազմակերպվում են սահմանված կագով՝ հինգ տարին մեկ: Մեր բժիշկները պարբերաբար մասնակցում են գիտաժողովների, քննարկումների: Բացի դրանից՝ սահմանային գոտում աշխատանքը բավական ծանրաբեռնված է: Մենք այստեղ բարդ վիրահատություններ ենք են կատարում(կերակրափողի, թոքերի… ) դա ևս բժիշկների համար մասնագիտական յուրահատուկ փորձ է: Յուրաքանչյուր բժիշկ ցանկության դեպքում կարող է ժամանակին համընթաց առաջ գնալ: Ժամանակները փոխվել են: Այսօր ազատ կերպով կարելի է օգտվել ինֆորմացիայից: Յուրաքաչյուր վայրկյան կարող ենք կապ հաստատել աշխարհի ցանկացած կլինիկայի հետ, հետևել վիրահատությունների ընթացքին…

– ԱԲՋ-ն բավարար չափով հագեցա՞ծ է սարքավորումներով:

– Ունենք նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա, ռենտգեն կաբինետ: Առաջիկայում հնարավոր է, որ ԱԲՋ-ն համալրվի նաև գաստրոսկոպիայի և սոնոգրաֆիայի ապարատներով, ինչն ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը: Վիրահատարանը հագեցած է նորագույն սարքավորումներով: Մենք ունենք այնպիսի սարքավորումներ, որոնք բացակայում են մայրաքաղաքի շատ կլինիկաներում:

– Այստեղ բարդ, անհետաձգելի վիրահատություններ են կատարվում, և եթե նույնիսկ հետագայում նեղ մասնագտական բուժում ստանալու համար հիվանդը տեղափոխվում է ԱԲՋ-ից, միևնույն է, հետագա բուժման արդյունավետությունը գրեթե միշտ կախված է առաջին բուժօգնությունից…

-Միանշանակ, առաջնային բուժօգնությունը խիստ կարևոր նշանակություն ունի մարդու կյանքը փրկելու համար: Զինվորին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում զորամասի բուժկետից սկսած: Մենք համատեղ ենք աշխատում: Զորամասերի բուժծառայության պետերն անմիջապես տեղեկացնում են մեզ միջադեպերի մասին: Անհրաժեշտության դեպքում մեր բժշիկներն ընդառաջ են գնում…կամ զորամասի բժիշկներն են վիրավոր զինծառայողին տեղափոխում ԱԲՋ: Մենք սերտորեն համագործակցում ենք զորամասերի բուժանձնակազմի հետ:

-Զինվորական բժշկի մասնագիտությունն ինքնին դժվար է, պատասխանատու… Փորձենք առանձնացնել՝ ո՞րն է ամենամեծ դժվարությունը:

– Ամենադժվարը հիվանդին դարպասի մոտից ճանապարհելն է… առողջ և ժպտադեմ:

– Ե՞րբ է բժիշկը հանգիստ ու հոգեպես բավարարված… ո՞րն է զինվորական բժշկի համար իր աշխատանքի գնահատականը, լավագույն վարձատրությունը:

-Երբ հրազենային վիրավորումից հետո ապաքինված 18 տարեկան զինվորը մոտենում, փարվում է քեզ, դրանից մեծ վարձատրություն կարելի՞ է պատկերացնել: Նա այդ պահին մոռանում է, որ դու սպա ես… նա մարդկայնորեն շնորհակալություն է հայտնում բժշկին, ով իր կյանքը փրկել է… «Բժիշկ, շնորհակալ եմ», դրանից մեծ գնահատակա՞ն…

Բժիշկը հոգեպես հանգիստ է, երբ ընդունված է ժողովրդի կողմից, վայելում է նրա վստահությունը: Երբ կարողանում է առանց գլուխը խոնարհելու տնից գնալ աշխատավայր: Ես ոչ թե զինվորական եմ կամ ԱԲՋ-ի պետ, առաջին հերթին ժողովրդի բժիշկ Գրիգորյանն եմ:

Հասմիկ Գյոզալյան