Բանակի նվիրյալը

…Սահմանամերձ փոքրիկ քաղաքում գտնվող իմ տան լուսամուտները նայում են երկու կողմից եղևնիների շարքերի միջով անցնող փողոցին: Մանկությունս այստեղ է անցել: Փորփրում եմ հուշերս… թնդանոթների որոտ, մուտքի դռան մոտ՝ միշտ պատրաստ առաջին անհրաժեշտության իրերով լի պայուսակ, ապաստարան… մեր ապաստարանից մի քանի մետր հեռավորության վրա պայթող արկերի ոռնոց…

Նայում եմ հարազատ փողոցիս ու կարծես նորից տեսնում փոքրամարմին, նրբակազմ կնոջը՝ զինվորական համազգեստով… ասես նորից դանդաղ քայլերով բարձրանում է… Համազգեստով կնոջը տեսնում էի գրեթե ամեն օր… նաև տարիներ անց, երբ արդեն դպրոցական էի:

***

Նայում եմ զրուցակցիս… հետո՝ զինվորական համազգեստով լուսանկարներին… տարիները փոքր-ինչ ավելացրել են դեմքի ակոսներն ու ճերմակները:

Սվետլանա Փաշինյանը ծնվել է Բերդ քաղաքում: Ավարտել է Բերդի բժշկական ուսումնարանը և աշխատանքի անցել պոլիկլինիկայում:

1980-ականների վերջին Բերդի տարածաշրջանը ևս ենթարկվեց ադրբեջանցիների հարձակումներին: Սահմանային խժդժություններն աստիճանաբար վերածվեցին լայնածավալ զինված բախումների… հարազատ հողի պաշտպանությունն օրվա հրամայական էր, և տավուշեցի արծիվները ելան պայքարի: Վաստակաշատ բուժքույրը 1989 թվականից երկապահների կողքին էր՝ նրանց ցավին սպեղանի գտնողը…

1994 թվականից Սվետլանա Փաշինյանը ծառայության է անցել զորամասում որպես գումարտակի բուժկետի պետ: Նա շրջանի առաջին զինվորական բուժքույրն էր… Բանակի կազմավորման դժվարին տարիներին զինվորի համար մայր էր, քույր, հարազատ ու սրտակից բարեկամ… Մայրական հոգատարությամբ էր մեղմում զինվորի ցավը, հուսադրում, գոտեպնդում:

Տեղափոխվելով մի ստորաբաժանումից մյուսը՝ Սվետլանա Փաշինյանը բացառիկ մաքրություն էր սփռում՝ միշտ խստապահանջ լինելով ու հետևողականորեն վերահսկելով տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը: Բավական էր մի քանի օր, և մաքրությունից փայլում էին զորանոցները, ճաշարանը, բուժկետը…

Զինվորական բուժքույրն իր կոչմանը հավատարիմ՝ գրեթե միշտ ամենաբարդ հատվածներում էր: Այսօր էլ հիշում է՝ չկա մի մարտական հենակետ, որտեղ նա չի եղել:

Իր երկարատև ծառայության տարիներին Սվետլանա Փաշինյանը վայելել է հրամանատարական կազմի, սպաների, զինվորների անկեղծ սերն ու հարգանքը…

Սվետլանա Փաշինյանի հուշերը մարդկային պատմություններ են… տաքուկ պատառիկներ անցյալից, տխուր և ուրախ դրվագներ…
-1967-1994 թվականներին՝ 34 տարի, աշխատել եմ Բերդի պոլիկլինիկայում որպես բուժքույր: 1988-ից, երբ շարժումն սկսվեց, մեր տղաները ջոկատներ կազմեցին և զինվորագրվեցին ազատագրական պայքարին: Ես, այդ տարիներին աշխատելով հիվանդանոցում, նաև նրանց կողքին էի… օգնում էի ինչով կարող էի:

… 1994-ի մայիսի 15-ից ծառայության անցա զորամասում որպես գումարտակի բուժկետի պետ: Բրիգադի առաջին բուժքրոջ հաստիքը ես եմ զբաղեցրել: Բուժկետը տեղակայված էր սահմանամերձ Այգեպարում, որտեղ նաև ապրում էր դստերս ընտանիքը՝ անմիջապես թշնամու թիրախում: Ծանր տարիներ էին, ես միայնակ էի… վիրավորները շատ էին, ու բոլորին պետք է օգնության հասնեի: Այդ տարիներին Տավուշի առանձին բժշկական ջոկատը դեռևս չէր կազմավորվել: Ծանր վիրավորներին տեղափոխում էինք Բերդի քաղաքային հիվանդանոց: Իսկ մյուս հիվանդները բուժվում էին բուժկետում: Պատմում են, որ հետագայում` հերթական այցելություններից մեկի ժամանակ, Միքայել Հարությունյանը, ստուգելով հիվանդացությունների քանակը, տեսել է, որ մատյանում մեր գումարտակի դիմաց գծեր են դրված… հարցրել է՝ առաջին գումարտակը չի՞ գործում… պատասխանել են, որ հիվանդները բուժվում են բուժկետում. ընդհանուր առմամբ, մեր գումարտակում հիվանդացությունները փոքր թիվ էին կազմում… Ամենայն խստությամբ էի հետևում հատկապես բուժկետի, զորանոցների, ճաշարանի մաքրությանը՝ գիտակցելով, որ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանները նպաստում են զինվորների առողջության պահպանմանը:

… Հիշում եմ՝ մի անգամ գեներալներ էին ժամանել մեր շրջան: Եղել էին նաև մարզի այլ զորամասերում՝ ստուգումների նպատակով: Հիվանդացել էին, ջերմություն ունեին… պառկեցին իմ բուժկետում: Սպասում էին Վազգեն Սարգսյանին, սակայն զանգահարեց, տեղեկացրեց, որ շտապ կանչել են Մոսկվայից: Բարձրաստիճան զինվորականներից մեկը գնաց նրան ճանապարհելու՝ կատակելով, թե եթե գա տեսնի, որ գեներալները չեն ապաքինվել, ինձ պատիժ կհասնի… մինչև վերադարձավ, գեներալներն առողջ էին:

Որոշ ժամանկ անց Վազգեն Սարգսյանն այցելեց մեր գումարտակ: Կանչեց, ասաց՝ բուժքույր, մի ցավ կա, որ ինձ խեղդում է… Չինարիի գումարտակը: Ծնողները անհանգստանում են, բողոքում են, չեն ցանկանում, որ իրենց որդիներն այնտեղ ծառայեն, պայմաններ չկան: Այնքան նրբանկատ էր… չհրամայեց, բայց հասկացրեց իր ցանկությունը: Ոչինչ չասացի: Մի քանի օրից զեկուցագիր գրեցի և իմ կամքով տեղափոխվեցի Չինարիի գումարտակ: Մեր հրամանատարը զարմացավ, հարցրեց պատճառը, սակայն չասացի, որ Վազգեն Սարգսյանի ցանկությունն էր: Չինարիի գումարտակի հրամանտարը ևս զարմացած էր, հարցրեց իմ տեղափոխվելու պատճառը, ասացի, որ եկել եմ՝ գումարտակը ոտքի կանգնեցնեմ… թերահավատորեն ընդունեց: Սկսեցի աշխատել՝ մեծ ուշադրություն դարձնելով հատկապես ախտահանման աշխատանքներին…Բոլոր դիրքերով շրջեցի, ամբողջ տարածքն ախտահանեցի: Հաջորդ օրը զինվորներս մաքուր, կոկիկ տեսքով, խրոխտ շարքով դիմավորեցին հրամանատարին: Վերջինս հիացած էր այդ արդյունքից… հարցրեց, թե ինչի անհրաժեշտություն ունեմ, ասացի, որ մեզ բուժկետ է անհրաժեշտ, քանի որ սահմանին մոտ էինք գտնվում, Բերդից՝ հեռու: Տարածք հատկացրեց, վեց մահճակալ դրեցի, սպիտակեղեն գիշերազգեստներ կարեցինք, հողաթափերր ձեռք բերեցինք…

Որոշ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը 30 հոգանոց խմբով եկավ մեր գումարտակ… խումբը շարժվեց դեպի բուժկետ: Վազգեն Սարգսյանն ասաց՝ հետ եկեք, միջանցք, այստեղ խոնավ կտոր կա, մաքրեք ոտքերը, այստեղ կարելի է նույնիսկ կոշիկները հանել… ապա բազմանշանակ ժպտաց ինձ, որ իրեն հասկացել էի: Խոստացավ տարածքն ասֆալտապատել: Խոստումը կատարեց, ապա բոլոր զինծառայողների ծնողները երեք օրով հյուրընկալվեցին զորամասում, ծանոթացան կենցաղային պայմաններին ու իրենց որդիների առօրյային: Ապա գոհ հեռացան:

… Չինարիում ծառայության տարիներն էին… 1996 թվականն էր: Մի գիշեր ինձ շտապ կանչեցին, ասացին, որ հենակետում զինվորի ջերմությունը բարձրացել է: Մեքենա չկար, երկու զինվորի ուղեկցությամբ պետք է հասնեինք հենակետ: Մի կողմից անտառ էր, մյուս կողմից լեռներ: Երբ անցնում էինք անտառի միջով, հանկարծ մարդ նկատեցի.. .ասացի՝ տղաներ կանգնեք… ապա նրանցից մեկն իմ առջևից, մյուսը՝ մեջքը մեջքիս հենած, զենքերը պատրաստ՝ դանդաղ շարժվեցինք… բարեհաջող հասանք դիրք, հիվանդ զինվորին ներկարկում արեցի, ջերմությունն իջեցրի… վերադարձին նույն տեղը կրկին կասկածելի աղմուկ լսեցինք: Ճանապարհին թեքվեցինք մեկ այլ հենակետ մտանք… երբ արդեն անվտանգ տարածքում էինք, իմացանք, որ թշնամու զինվորին կարողացել են բռնել…

… Գնացել էի դիրքերից մեկը ախտահանելու, երկար ճանապարհ էր… վերջացրի, պետք է ոտքով վերադառնայի… վտանգավոր էր, երևի ամբողջությամբ չէի գիտակցում: Մտածեցի՝ շուտ կհասնեմ, սակայն ինչքան գնում էի, չէի հասնում: Զորամասի մոտակայքում մի տատիկ էր ապրում, ինձ հարազատ էր դարձել, անգամ օգնում էր վիրավորներին վիրակապելիս… ասել էին, որ անտառով ճանապարհ եմ ընկել, անհանգստացել էր ու կանչում էր… ես վախենում էի ձայն հանել, ընկելով, բարձրանալով` տատիկի ձայնի ուղղությամբ առաջ շարժվեցի և գտա զորամասը…

Դժվարություններ շատ եմ տեսել, գրեթե միշտ ոտքով կտրել եմ ամենադժվար ճանապարհները, հասել ամենադժվարամատչելի հենակետերը, սակայն միշտ նվիրումով եմ աշխատել… միշտ գիտակցելով գործիս կարևորությունը: Իսկ ամենակարևոր վարձատրությունը եղել է զինվորների հարգանքն ու սերը…

Հասմիկ Գյոզալյան

  • 3 004
  • 3 (3)
  • 3 003