Քսանը չորսի դեմ

Օրեր առաջ ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման դիվերսիոն գործողության հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել տվյալ զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը եւ վարորդը՝ շարքային զինծառայող Արթուր Բալայանը: Վիրավորները տեղափոխվել են Մարտակերտի, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալներ, որտեղ ստացել են առաջին բուժօգնությունը. կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, այնուհետեւ նրանց տեղափոխել են Երեւան՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Զրուցելով ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Լևոն Ժամագործյանի հետ՝ տեղեկացանք, որ Արթուր Բալայանն ստացել է ձախ ուսագոտու փափուկ հյուսվածքների հրազենային վիրավորում և ազդրոսկրի եզրային կոտրվածք. վիրավորն ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը կայուն է, մոտակա օրերին կարերը կհեռացվեն, ձախ ուսագոտու վերքը կփակվի, և հնարավոր կլինի նրան դուրս գրել՝ ուղարկելով մեկամսյա բուժական արձակուրդ:

Արթուր Բալայանը պատմեց.

-Ամեն առավոտ մեքենայով հաց ենք տանում զինվորներին, երեկոյան իջնում ենք: Այդ օրն էլ… Ես մեքենայի ղեկին էի, սարկավագը նստած էր իմ կողքին, մեքենայի մեջ ևս երկու զինծառայող կար: Հանկարծ կրակոցներ լսվեցին. գնդակները սուրում էին մեր ուղղությամբ: Առաջին գնդակը ուսիս կպավ, հետո ոտքիս… Հաջորդը… չգիտեմ… և կյանքը ժապավենի նման անցավ աչքիս առաջ, հարազատ մարդիկ՝ ծնողներս, քույրերս, իմ սիրած աղջիկը… Շրջվեցի դեպի սարկավագը: Արյունը հոսում էր նրա ճակատից, երկու ձեռքով գլուխը բռնած՝ աղոթում էր…

…Ադրբեջանցիները փորձում էին շրջապատել, կանգնեցնել մեքենան: Սկսեցին կրակել մեքենայի անիվներին, շուտով չորս անիվներն էլ ծակվեցին, և մեքենան վարելը դժվարացավ: Ես ավելի ամուր բռնեցի ղեկը՝ մոռանալով ցավը, և ամբողջ ուժով սեղմեցի գազի ոտնակը: Ես հասկանում էի, որ չի կարելի կանգնել… Եվ գնդակներից պատառոտված անիվներով մեքենան շարունակեց առաջ գնալ: Անցնելով մոտ մեկ կիլոմետր և հասնելով մեր դիրքերին՝ մեքենան կանգնեց, արագ բացեցի դուռը, բոլորս ողջ էինք…

Ավելի ուշ իմացանք, որ այն ճանապարհը, որով վերադարձել էինք, հակառակորդի կողմից նախապես ականապատված է եղել… Հրաշք էր, որ մեր մեքենան ականի վրա չէր բարձրացել: Աստծո աներևույթ ձեռքը մեզ ուղղորդել ու պաշտպանել էր:

Էդիտա Մելքոնյան