Ձախողված դիվերսիա

Հիվանդասենյակի մահճակալին պառկած տղան ավելի շատ հայդուկի է նման, քան հոգևորականի, մորուքը` թավ, գլուխն ու թևը` վիրակապված, հայացքը` հաղթական: Հանկարծ եմ հասկանում, որ արդեն մի քանի րոպե մտել եմ ներս, ժպտալով նայում եմ երիտասարդ սարկավագին ու մոռացել եմ բարևել: Բարև` ասում է պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանն ու ձեռքով ցույց է տալիս մոտակա աթոռը:

-Կարո՞ղ եք խոսել,-հարցնում եմ մի բան ասած լինելու համար, որովհետև հիվանդասենյակը լիքն է այցելուներով: Հանդիսատես ունես` փսփսում է մեր լուսանկարիչը ականջիս, հարցազրույցի զանգվածային դիտում` ուղիղ միացումով:

-Իհարկե, կխոսեմ,- պատասխանում է սարկավագը,-Դուք միայն ասեք` ինչի՞ մասին խոսեմ: Գլուխս էր մի քիչ ցավում, անցավ: Արդեն լավ եմ:

Ես նայում եմ շուրջս. չգիտեմ` ովքեր են, բայց հետաքրքրությամբ սևեռվել են մեզ վրա, ուզում են լսել պաշտպանության նախարարությունից եկած լրագրողի ու օրեր առաջ ադրբեջանցու հերթական դիվերսիայից ողջ մնացած սարկավագի զրույցը:

-Էդ տխմարները կրակել էլ չգիտեն,- ես արդեն դերի մեջ եմ:

-20 հոգով երկու հազար փամփուշտ կրակեցին, բայց չորսս էլ ողջ ու առողջ ենք,- սարկավագը հասկացավ ակնարկս, բռնեց հանգս:

-Էդ ո՞նց են կրակել ճակատիդ, որ հեչ պետքդ էլ չի:

-Փամփուշտը համբուրել-անցել է,- մենք ծիծաղում ենք:

Ինձնից է կախված, թե ինչ հոգեվիճակ կունենան շուրջս խմբված մարդիկ կես ժամ հետո, երբ ավարտեմ զրույցը, ինչ կպատմեն մյուսներին` մտածում եմ ես:

-Ես միշտ ինչ-որ ներքին լարվածությամբ եմ մոտենում սպիտակ թղթին, անընդհատ հիշում եմ` այն, ինչ գրելու եմ շուտով մտնելու է հազարավոր մարդկանց միտքն ու հոգին,- չգիտեմ` ինչու եմ սարկավագին պատմում այս ամենը:

-Ես էլ: Երբ խոսում եմ զինվորների հետ, երբ սեր, բարություն, նվիրում ու քաջություն եմ քարոզում, երբ հորդորում եմ հանդուրժող լինել միմյանց հանդեպ, մտածում եմ` արդյոք գտա՞ հարկավոր բառերը, կարողացա՞ դիպչել նրանց սրտին, ուժ տալ, գոտեպնդել, ոգևորել…

-Հոգևորականը հոգու բժիշկ է,- բանաձևում եմ ես:

-Իսկ հոգին ամեն ինչ է, հոգուց է բխում մարդու վարքը, բնավորությունը, վերաբերմունքը կողքինի հանդեպ:

Մենք մի պահ մոռացել ենք թուրքերի ձախողված դիվերսիան:

-Ես կամավոր եկա բանակ,- շարունակում է սարկավագը,- Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատեցի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, հետո որոշեցի, որ պիտի բանակում լինեմ, զինվորների կողքին:

-Ո՞վ կմտածեր, որ թուրքի գնդակը հոգևորականին էլ կհասնի:

-Ինչո՞ւ ոչ: Փառք Աստծո, որ տղաները չզոհվեցին, «Ուրալով» անցնում էինք անտառի միջով, հաց էինք տեղափոխում: Ես վարորդի կողքին էի նստած, մեզ հետ էր նաև մեքենայի ավագը, իսկ նորակոչիկ զինվորը թափքում էր: Հանկարծ սկսեցին կրակել` դիմացից, աջից: Ես անմիջապես հասկացա, որ թշնամու դիվերսիոն խումբ է ներթափանցել անտառ ու դարանակալել: Հենց առաջին կրակոցներից մեկը դիպավ ճակատիս, մյուսը` թևիս: Արյունը առվի պես հոսում էր գլխիցս, լցվում աչքերս: Տեսա, թե ինչպես ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուրը մի քանի տեղից վիրավորվեց…

Ես կրկին նայում եմ մեր շուրջ խմբված մարդկանց: Աչքերի մեջ ցասում կա, հպարտություն, կրակ…վախ չկա, ընկճվածություն չկա:

-Արթուրն ամբողջովին արյունլվա, պայթած անիվներով մեքենան քշեց թուրքերի վրա: Հետո սկսեց ամբողջ ուժով վարել մեքենան: Նա չկորցրեց իրեն, չվախեցավ, հոգու ու մարմնի ամբողջ ուժը հավաքեց ու փրկեց ընկերների կյանքը: Նա մինչև վերջ պայքարեց:

-Դուք իհարկե անզեն էիք ու առանց զրահաբաճկոնի:

-Ես զինված էի խաչով, իսկ հոգևորականի իմ հանդերձանքին կարկուտի նման թափվող գնդակներից և ոչ մեկը չի դիպել:

-Պետք է խաչից բացի նաև զենք ունենալ ու կապայի վրայից զրահաբաճկոն հագնել,- ասում եմ հրամանատարի նման:

Սարկավագը ներողամիտ ժպտում է: Նույն պահին ներս է մտնում մի բժիշկ, ու զորամասերում հոգևորականներին հանդերձավորելու իմ «ծրագիրը» մնում է կիսատ: Հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի օրդինատոր Հրայր Աճեմյանը ուղղում է սարկավագի գլխի վիրակապը, շոշափում է ձեռքերը:

-Վիճակն ինչպե՞ս է, բժի՛շկ,-հարցնում եմ:

-Բավարար,- պատասխանում է Հրայր Աճեմյանը,- Հիվանդին ընդունել ենք գլխի հրազենային վիրավորումով, ձախից բազմաբեկոր ներհրված կտրվածք ուներ: Վիրահատել ենք, բոլոր բեկորները հանվել են, ոսկրային դեֆեկտի վրա տեղադրել ենք տիտանե թիթեղ…

-Շուտով զորամաս կվերադառնամ,- բժշկի խոսքը եզրափակում է սարկավագը:

-Ադրբեջանցիները սա չեն մարսելու,- ասում եմ հիվանդասենյակից դուրս գալիս: Հավաքվածներին եմ ասում:

Տղամարդկանցից մեկը բարձրացնում է բռունցքը:

…Ես ու լուսանկարիչ Գարիկը լուռ ենք տունդարձի ճանապարհին:

-Տղաները հրաշքով են փրկվել,- լռությունը խախտում է Գարիկը:

-Նաև 20-ամյա զինվորի քաջությունն է փրկել նրանց:

-Մի տեսակ վիրավորական է. մտել են մեր հողը ու ողջ հետ են գնացել:

-20-ը 4-ի դեմ, մի՛ մոռացիր:

-Սարկավագի գլխին ի՞նչ էին դրել:

-Տիտանե թիթեղ…

-Հոգևորականի հանդերձանքը պետք է գլխարկով անել, որ դիրքեր բարձրանալիս քաշեն գլխներին` գնդակ չդիպչի,- ասում է Գարիկը, ու մենք բարձրաձայն ծիծաղում ենք:

Գայանե Պողոսյան

  • sarkavag2