ՊԱՀՊԱՆԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԸ

Աչքերը համեմատում են դեպի շրջակա աշխարհը բացվող պատուհանի հետ։ Տեսողության շնորհիվ մենք ստանում ենք զգայարանների միջոցով ստացվող տեղեկության 80 տոկոսը։ Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակաշրջանում շատացել է տեսողության խնդիրներ ունեցողների թիվը. ժամանակակից տեխնոլոգիաները իրենց խնդիրներն են ստեղծում։ Ըստ վիճակագրության` տեսողության անկման դեպքերի 50 տոկոսը կապված է աչքի մկանների գերլարվածության, աչքի հիգիենան չպահպանելու հետ։ Ի՞նչ է տեսողության հիգիենան. պարզաբանում է ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի ակնաբույժ բ/ծ կապիտան ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։

-Տեսողության հիգիենան միջոցառումների համալիր է, որն ուղղված է լավ տեսողության պահպանմանն և ամրապնդմանը, աչքերի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելմանը։ Տեսողությունը պահպանելու համար պետք է աշխատել և հանգստանալ ճիշտ լուսավորության տակ։ Արգելվում է կարդալ, եթե լույսն ընկնում է դեմքին։ Թույլ լույսի տակ չի կարելի կարդալ։ Աշխատանքային սեղանը պետք է տեղադրված լինի այնպես, որ պատուհանը կամ լույսի մեկ այլ աղբյուր գտնվեն ձախից։ Արհեստական լույսը պետք է ծածկված լինի լուսամփոփով։

Անչափ կարևոր է նաև պահպանել աչքերի և տեքստի միջև եղած հեռավորությունը, որը պետք է լինի 30 սմ-ից ոչ պակաս։ Իսկ հեռուստացույցի հեռավորությունը պետք է լինի 2-3 մ-ից ոչ պակաս։ Մութ սենյակում հեռուստացույց մի՛ նայեք։ Հաճախ մենք հոգնած նստում ենք հեռուստացույցի առջև՝ մտածելով, որ այդ կերպ կհանգստանանք, բայց մոռանում ենք, որ աչքերն էլ հանգստի կարիք ունեն։ Նույնիսկ լավ տեսողություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում 2-3 ժամից ավելի հեռուստացույց դիտել։

Ժամանակակից մարդն այսօր իր կյանքը չի պատկերացնում առանց համակարգիչների։ Աշխատանքի ընթացքում համակարգչի մոնիտորը պետք է տեղադրված լինի ձեռքի ձգվածության հեռավորության վրա։ Մոնիտորի վերին եզրը պետք է աչքերի մակարդակից մի փոքր ցածր լինի, և այն պետք է այնպես տեղադրել, որ էկրանը լույսը չանդրադարձնի։ 40 րոպե համակարգչի առջև աշխատելուց հետո անհրաժեշտ է ընդմիջում տալ, կատարել թեթև վարժություններ։ Օրինակ՝ աչքերի հաճախակի թարթում, որի ընթացքում աչքերը հանգստանում են և խոնավանում արցունքագեղձերի արտազատուկով։

Տեսողության հիգիենայում մեծ դեր է խաղում նաև հավասարակշռված սնունդը, որը պետք է պարունակի անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, մասնավորապես՝ «աչքի վիտամիններ» A և D։ Վիտամին D-ն ընդգրկված է այնպիսի սննդատեսակների մեջ, ինչպիսիք են տավարի լյարդը, ծովային սելդը, ձուն, ձկան յուղը, բնական սերուցքային կարագը։ Պակաս կարևոր չէ վիտամին A-ն, քանի որ այն կարգավորում է աչքի ցանցենու որոշ բջիջների ֆունկցիաները։ Այս վիտամինի պակասի դեպքում խաթարվում է տեսողության սրությունը, մաշկը կորցնում է տոնուսը և դառնում խոցելի` բորբոքային հիվանդությունների համար։ Մեծ քանակությամբ վիտամին A է պարունակվում ձողաձկան լյարդում, կաթի սերի և հավի ձվի մեջ։ Գոյություն ունի նաև այնպիսի նյութ, որը կոչվում է պրովիտամին A (կարոտին)։ Կարոտինն անհրաժեշտ է մարդու օրգանիզմում վիտամին A-ն սինթեզելու համար։ Կարոտին շատ կա բուլղարական պղպեղի, մասուրի, սոխի, ծիրանի և գազարի մեջ։

Ամերիկացի ակնաբույժներն ապացուցել են, որ քնի խանգարումները ևս կարող են առաջացնել տեսողության խանգարումներ։ Այսինքն՝ պակաս կարևոր չէ լիարժեք և բավարար քունը։

Եթե աչքերը ցավում են, կարմրել է աչքի լորձաթաղանթը, աչքերում ավազի զգացողություն կա, նշանակում է տեսողությունը օգնության կարիք ունի։ Մի՛ հապաղեք դիմել ակնաբույժին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ