ԿԱՌԱՎԱՐԵՆՔ ՍԹՐԵՍԸ

Ժամանակակից բժշկությունը հակված է կարծելու, որ բոլոր հիվանդությունների հիմքում սթրեսի կուտակումներն են։ Սթրես անգլերեն թարգմանաբար նշանակում է լարվածություն, ճնշում, լարում։ Ըստ ամերիկացի հոգեբանների կատարած ուսումնասիրությունների՝ մարդիկ կարող են վարակվել սթրեսով։ Մեկի վատ տրամադրության պատճառով կարող է մյուսը դառնալ «երկրորդային սթրեսի» զոհ։ Պարզվում է, որ մարդը սպունգի նման կլանում է «էմոցիոնալ ֆլյուիդները» (հոգեհոսանքներ), որոնք պարտադրում են մարդուն դիմացինի նման վատ տրամադրություն ունենալ։ Նշենք, որ Մարդու զարգացման ինստիտուտը «երկրորդային սթրեսը» կոչել է 21-րդ դարի ժանտախտ։ Գերմանացի գիտնականների կարծիքով՝ մշտական սթրեսները մի քանի տարով մեծացնում են բջիջների կենսաբանական տարիքը։ Սթրեսի տեսությունը մշակել է կանադացի բնագետ, կենսաբան և էնդոկրինոլոգ Հանս Սեյլեն (1936)։ Սթրեսը օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ։ Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Սթրեսային ռեակցիայի տեսակետից նշանակություն չունի՝ հաճելի է, թե տհաճ այն իրադրությունը, որին բախվում է օրգանիզմը, մի դեպքում առաջանում է հաճելի (էվսթրես), մյուս դեպքում՝ վնասաբեր (դիսթրես)։ Օրգանիզմը չի կարող անտարբեր մնալ ներքին և արտաքին ազդեցությունների նկատմամբ, նա պատասխան ռեակցիաներ է տալիս, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է։

Ֆիզիկական սթրեսը կարող է առաջանալ չափից շատ աշխատելու, չքնելու, անբավարար սնվելու, հիվանդությունների հետևանքով։ Հոգեկան սթրեսը առաջանում է ուժեղ ապրումների, անհանգստությունների, նյարդային լարվածության դեպքում։ Սովորաբար, երբ ասում ենք սթրես, միայն բացասական ընկալում ենք ունենում։ Մինչդեռ իրականում սթրեսի քիչ քանակությունը նույնիսկ օգտակար է։ Վնասակար է սթրեսի չափից ավելի մեծ քանակը, դրա երկարատև ազդեցությունը։ Սթրեսի առատությունն ու երկարատևությունը բազում առողջական պրոբլեմներ է առաջացնում, ազդում է սրտանոթային համակարգի վրա՝ առաջացնելով սրտային և արյան շրջանառության հիվանդություններ, մարսողական, լյարդի և երիկամի աշխատանքի խանգարումներ, խոցեր, սեռական համակարգի հետ կապված խնդիրներ, ուռուցքներ։ Այն իր կնիքն է դնում նաև մարդու արտաքինի վրա. վատանում է մաշկի գույնը և վիճակը, փչանում են ատամները, նկատվում է մազաթափություն, առաջանում են քաշի հետ կապված խնդիրներ։

Սթրեսի նշանները

Ճնշվածության, գրգռվածության, հոգնածության, մեղավորության զգացում, գլխացավեր, մեջքի, ստամոքսի ցավեր, խանգարվում է քնի ռիթմը, տրամադրության տատանումներ, հաճախ առանց պատճառի ցանկանում ես ծիծաղել կամ լաց լինել, քեզ հետ կապված վատ բաների համար մեղադրում ես ուրիշներին, ամեն ինչի մեջ վատն ես տեսնում ու փնտրում։ Նկատվում են ուժասպառություն, հիշողության տատանումներ, ինքնամփոփություն, լռակյացություն, չափազանց արագ խոսք, հումորի զգացումի կորուստ, խանդի, կասկածամտության դրսևորումներ…

Սթրեսի պատճառը ոչ այնքան արտաքին իրադարձություններն են ու երևույթները, որքան որ դրանց նկատմամբ մեր ռեակցիաները։ Որքան մենք կարողանանք կառավարել սթրեսը, այնքան նրա ազդեցությունը մեզ վրա կնվազի։ Նախ՝ որքան հնարավոր է պետք է խուսափել սթրեսային իրավիճակներից։ Գիտեմ, հիմա քթի տակ հաստատ կժպտաք՝ ամենուր սթրեսների տեղատարափ է, բայց կարող եք գոնե ձեր մասով քչացնել դրա չափաբաժինը. միաժամանակ մի քանի գործ մի ձեռնարկեք, չափից ավելի շատ պահանջներ մի դրեք ձեր առաջ, ձեզ մի՛ դատափետեք, մի՛ քննադատեք, սովորեք ռացիոնալ կազմակերպել ձեր անելիքները և կարգավորել ձեր ժամանակը։ Ուշադրություն դարձրեք ձեր «հոգեկան դաշտի մաքրությանը», գտեք ձեր հավասարակշռության բանալին, սթափ նայեք կյանքին՝ հաճախ հուզվում ու բարկանում ենք փուչ, աննշան բաներից։ Հիշեք՝ սթրես ապրում ենք բոլորս։ Եթե սթրես ես ապրում, նշանակում է կաս, ողջ ես, ապրում ես, քանզի, ինչպես վկայում է սթրեսի տեսության հիմնադիր Հանս Սեյլեն, «սթրես չի ապրում միայն դիակը»։

Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ