Հերոսները չեն մեռնում…

Վալերի Խաչատրյանը ծնվել է 1941 թ. մայիսի 1-ին Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում՝ ուսուցչի ընտանիքում: 1964 թ. ոսկե մեդալով ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը: 1971 թ. կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:

Աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Երևանի թիվ 2 պոլիկլինիկայում որպես վիրաբույժ:

Մասնակցել է Արցախյան ազատամարտին: Գերի է ընկել և 17 օր անցկացրել Կիրովաբադի բանտում: Ազատվելով և վերադառնալով Երևան, դեռևս լիովին չապաքինված՝ վերադարձել է աշխատանքի:

Մահացել է 1991 թ. դեկտեմբերի 5-ին:

ՀՀ նախագահի հրամանագրով 1998 թ. հետմահու պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Ամուսնացած էր, ունի երեք զավակ:

Վալերի Խաչատրյանի մահից անցել են տարիներ: Եվ այսօր ես փորձում եմ ներկայացնել նրան այնպես, ինչպիսին եղել է՝ վեհ, ազնիվ, մեծ… Նա միջահասակ էր, թիկնեղ, գեղեցիկ, սիրում էր կարդալ, հաճույքով նարդի և շախմատ էր խաղում, ոսկի ձեռքեր ուներ: Հրաշալի թամադա էր: Բնավորությամբ` կենսախինդ, մարդասեր, հավատարիմ էր իր ազգային ավանդույթներին, ընտանիքին, ընկերներին: Սիրում էր կյանքը, և ինչ էլ որ պատահեր, չէր ընկճվում, չէր հուսահատվում: Ապրում էր, աշխատում և հավատում… Հավատում էր, որ եկող օրը ավելի գեղեցիկ ու պայծառ է լինելու:

Վալերիի մանկությունն ու պատանեկությունը անցել են Արցախ աշխարհի հրաշագեղ անկյուններից մեկում՝ Ներքին Հոռաթաղում: Հայրը ուուցիչ էր, մայրը՝ աշխատավոր: Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է Երևան, սովորում բժշկական ինստիտուտում, ամուսնանում է իր սիրած աղջկա՝ Լյուդմիլայի հետ: Հաստատվում է Երևանում: Սակայն ոչ միայն արմատներով, այլև ամբողջ հոգով շարունակում է կապված մնալ իր հայրենի գյուղին: Տարվա մեջ մի քանի անգամ այցելում է գյուղ, որտեղ իր ծնողները, հարազատներն էին ապրում, շրջում է իրեն այնքան հարազատ դաշտերում ու անտառներում, կարոտով հիշում իր ծանր, բայց երջանիկ մանկությունն ու պատանեկությունը:

Ամուսնու մահից տարիներ անց Վալերիի կինը՝ տիկին Լյուդմիլան, նրա մասին պատմում է.

-Ես ու Վալերին համագյուղացիներ ենք, նույն դասարանում ենք սովորել: Նա ուսուցիչների, դպրոցի հպարտությունն էր: Այն տարիներին Ստեփանակերտի ժողկրթբաժնից հաճախ էին մեկնում գյուղեր՝ դասալսումների: Չորրորդ դասարանում էինք սովորում, երբ մեզ մոտ դասալսման եկան: Դասն սկսվել էր, բայց Վալերին ուշանում էր: Ուսուցչուհին, որի հույսը նա էր, անհանգստանում էր: Մոտ 10 րոպե ուշացումով, ցեխոտ, հողոտ շորերով, քրտնաթոր ու հևիհև Վալերին ներս մտավ ու դռների միջից գոռաց.

-Իմ հերթն է, ես եմ պատասխանելու:

Ժողկրթբաժնի ներկայացուցիչները զարմացած նայեցին նրան.

-Տղա ջան, դու գիտե՞ս՝ ինչ ես պատասխանելու,- հարցրեց նրանցից մեկը:

-Հա, գիտեմ,- վստահ պատասխանեց նա,- անտառից մինչև դպրոց հասնելը ճամփին սովորել եմ:

Վալերին պատմեց դասը, պատասխանեց բոլոր հարցերին: …Այսօրվա նման հիշում եմ նրանց հիացած ու զարմացած դեմքերը:

Սակայն նրա ամենամեծ սերը երգն էր, երաժշտությունը: Նրա երգը՝ ժղղովրդական, աշուղական, հոգուց էր բխում, հուզում, գերում էր, տակնուվրա անում ունկնդիրների հոգին:

-Մի անգամ Պարույր Սևակը Արցախ էր եկել, այցելեց նաև Մարտակերտ: Այդ ժամանակ մենք 8-րդ դասարանում էինք սովորում: Մեր շրջկոմի նախագահը նրա պատվին ճաշկերույթ էր կազմակերպել և կանչել էր Վալերիին, որ երգի թանկագին հյուրի պատվին: Սևակը, հիացած, հուզված նրա կատարումից, բացականչել էր. «Այս երեխան գանձ է, տաղանդ: Ինչո՞ւ է մնացել Ղարաբաղում»: Այդ նույն տարում նրան ուղարկեցին Բաքու՝ մասնակցելու Կովկասյան երգի փառատոնին, որտեղ էլ արժանացավ մեծ մրցանակի. սադաֆե քամանչա ստացավ նվեր:

-Տիկին Լյուդմիլա, այդքան տաղանդավոր, երգարվեստին սիրահարված երիտասարդը ինչպես ընտրեց բժշկությունը՝ որպես մասանագիտություն:

-Վալերիի հայրը խորհուրդ տվեց բժշկությունն ընտրել: …Նա ուժեղ էր հատկապես մաթեմատիկական առարկաներից և ամեն անգամ մասնակցելով Ստեփանակերտում և Բաքվում անցկացվող համադպրոցական մրցույթներին՝ հաղթող էր ճանաչվում: 10-րդ դասարանում ավարտական քննությունների ժամանակ մի գեղեցիկ շարադրություն էր գրել «Ուզում եմ բժիշկ դառնալ» թեմայով, որը հուզել էր բոլորին:

-Ինչպե՞ս ծնվեց Ձեր սերը:

-Առաջին դասարանից միասին ենք սովորել: Նա ռոմանտիկ տղա էր, անսահման բարի, ազնիվ: 4-րդ դասարանից սկսած, դեռևս չգիտակցելով, համակրել ենք իրար: Նա ինձ ծաղիկներ էր նվիրում, ոտանավորներ հորինում, երգում էր ինձ համար: Դպրոցի տղաներից շատերը նրան խնդրում էին՝ իրենց համար էլ քառյակներ գրի, որ նվիրեն սիրած աղջիկներին:

Վալերին սիրում էր ինձ, բայց ամաչում էր խոստովանել: Մի օր էլ, 10-րդ դասարանը դեռ չէինք ավարտել, Վալերիի մայրը եկավ մեր տուն՝ որդու համար ձեռքս խնդրելու… Ծնողներս տվեցին իրենց համաձայնությունը՝ ճանաչելով Վալերիին ու նրա ընտանիքը: Հրաշալի մարդիկ էին և բարի համբավ ունեին գյուղում:

Հետո երկուսով եկանք Երևան: Նա բժիշկ դարձավ, ես՝ ինժեներ: Մենք ամուսնացանք, երեք զավակ ունեցանք: Վալերիին գործուղեցին Լենինգրադ՝ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու: Սակայն այդ ժամանակ վարձով էինք ապրում, մեզ հետ էին ապրում նաև Վալերիի ուսանող երեք եղբայրները և քույրը, որը նույնպես բժիշկ դարձավ: 10 անձից բաղկացած ընտանիքի հոգսը Վալերիի ուսերին էր, և ասպիրանտուրան ավարտելու նպատակը անկատար մնաց: Ութ տարի անց բնակարան ստացանք, ամեն ինչ կարգավորվեց: Միասին կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները… Մենք շատ երջանիկ էինք մինչև այն օրը, երբ Վալերին գերի ընկավ ադրբեջանցիների ճանկը:

1991-ի հունվարին ծանր հիվանդացավ. սրտամկանի կաթված էր ստացել: Հիվանդանոցում պառկած՝ հանգիստ չուներ, լուրերն էր լսում, լրագրեր կարդում: Ղարաբաղի ճակատագիրը շատ էր անհանգստացնում նրան: Իսկ երբ լսեց, թե ինչ է կատարվում Գետաշենում, դեռ լիովին չապաքինված՝ ինքնակամ դուրս գրվեց հիվանդանոցից, և հաջորդ օրը միասին գնացինք առողջապահության նախարարություն: Նրան հաջողվեց համոզել փոխնախարարին, որ իրեն Գետաշեն ուղարկեն:

1991-ի մարտի 16-ին մեկնեց Գետաշեն: Տեղ հասնելուն պես անմիջապես գնաց հիվանդանոց, որտեղ նրան գրկաբաց դիմավորեց Սարգիս Հակոբքյոխվյանը: Այնտեղ էր նաև Երևանից օգնության եկած վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը:

Գետաշենում անցագրային ռեժիմ էր, չէր գործում կապը, փոստը, զանգահարելու կամ նամակներ ստանալու, ուղարկելու հնարավորություն չկար: Բայց Վալերիին երբեմն հաջողվում էր Գետաշենից Երևան եկողների հետ նամակներ ուղարկել ընտանիքին, որտեղ մանրամասն նկարագրում էր Գետաշենի բնության վայրի գեղեցկության և այնտեղ կատարվող իրադարձությունների, աշխատասեր, իրենց հողի համար պայքարող, հոգով անկոտրում գետաշենցիների մասին: Գրում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, և իրենք էլ ընտանիքով ամառային արձակուրդները Գետաշենում կանցկացնեն, գուցե հետագայում այնտեղ էլ ապրեն…

1991-ի մայիսի 6-ին Իգոր Մուրադյանը երեք ձի է ուղարկում բժիշկների ետևից, որ գիշերով դուրս հանեն նրանց Գետաշենից, սակայն երեքն էլ հրաժարվում են: Սարգիսը պատճառաբանում է, որ չի կարող թողնել ծեր մորը: Վալերին, որ սիրտը հիվանդ էր, ոտքերն այտուցվել էին, և չէր կարող հաղթահարել լեռնային դժվար, անանցանելի ճանապարհերը, նույնպես հրաժարվում է, քանի որ ճանապարհի կեսը ոտքով պետք է անցնեին, իսկ Գևորգն էլ ուղղակի իր հիվանդ ընկերոջը՝ Վալերիին մենակ չի թողնում:

Այդ սահմռկեցուչիչ օրերի մասին Գևորգ Գրիգորյանը պատմում է.

-Վալերին լավ չէր զգում, հաճախ էի սրսկումներ կատարում և չէի կարող նրան մենակ թողնել, իրավունք չունեի…

Մայիսի 7-ի չարաբաստիկ օրը առավոտից գյուղում ահավոր իրարանցում էր սկսվել: Վալերիի հետ քայլեցինք դեպի ուղղաթիռային հրապարակ, որտեղ արդեն մեծ բազմություն էր հավաքվել… Եվ խորհրդային զինվորները, և ադրբեջանցիները մարդկանց նվաստացնում էին, ստիպում ծնկաչոք նստել, ձեռքերը դնել ծոծրակին, թալանում էին՝ բոլորի աչքի առաջ… Վալերիի հետ մոտեցանք խորհրդային զինվորին, որը փաստաթղթերն էր ստուգում: Նա վերցրեց, ստուգեց փաստաթղթերը, ապա մի վայրի քրքիջ արձակեց ու կանչեց ադրբեջանցի մի հաղթանդամ գնդապետի:

-Սրանք Երևանից են գործուղված, իբրև բժիշկներ են:

Մեզ կոպտորեն հրելով՝ տարան, նստեցրին կալանավորների համար նախատեսված ավտոմեքենան, հետո տարան Կիրովաբադի բանտ, որտեղ թալանեցին, մահակներով ծեծեցին ու լցրին մի խուց: Քիչ անց նորից հայտնվեցին: Համազգեստով մեկը ցույց տվեց Վալերիին: Նրան դուրս տարան: Դեռ խցի դուռը չէր փակվել, միջանցքից լսվեցին հարվածի խուլ ձայներ, հայհոյանքներ ու Վալերիի սարսափահար ձայնը: Հետո արդեն նրա ձայնը չէր լսվում, կորցրել էր գիտակցությունը: Նրան քարշ տալով տարան, լսվեց բացվող ու փակվող դռան ձայնը: Նրանից այլևս լուր չունեցա: Միայն 17օր անց, երբ մեզ պետք է ազատ արձակեին, երբ բոլորիս նորից մի խցում էին հավաքել, տեսա նրան: Վիճակը շատ ծանր էր, ոտքերն՝ անտանելի այտուցված, հազիվ էր քայլում, դեմքը ծածկված էր կապտուկներով, սիրտը վատ վիճակում էր…

Նորից դիմում եմ տիկին Լյուդմիլային.

-Երբ լսեցիք Վալերիի գերի ընկնելու լուրը, նրան նորից տեսնելու հույս ունեի՞ք…

-Այդ օրերին մեր տունը վերածվել էր մեռելատան: Խմբերով մարդիկ էին այցելում՝ հարազատներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ, ծանոթ ու անծանոթ մարդիկ: Նրանցից շատերը համոզված էին, որ Վալերիին արդեն սպանել են: Ես բարձրաձայն ոչինչ չէի ասում, սակայն հոգուս խորքում հավատում էի, որ նա ողջ է և կվերադառնա:

Մայիսի 23-ն էր՝ իմ ծննդյան օրը: Հեռախոսազանգ եկավ, սիրտս սկսեց արագ բաբախել, ես վերցրի լսափողը. «Լյուդա ջան, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր: Ես մի քանի ժամից տանը կլինեմ»: Ես անակնկալի եկա… դա Վալերիի խրոխտ ձայնն էր: Ինձ թվաց, թե երազ եմ տեսնում: Մի պահ լսափողը ձեռքիս քարացած կանգնեցի, հետո զարմացած, սպասողական հայացքով ինձ նայողներին հայտնեցի լուրը… բայց նրանք չհավատացին, կարծեցին՝ խելքս թռցրել եմ: Իսկ հարևաններս, Աստված օրհնի նրանց, անմիջապես գործի անցան. տարբեր տեսակի ուտեստներ ու տորթեր պատրաստեցին, ծաղիկներով զարդարեցին սենյակը, սեղան բացեցին: Շենքի բակում լույս անցկացրին, հարևաններից մեկն էլ մի արկղ օղիով լվաց Վալերիի ավտոմեքենան: Նույնիսկ կենդանի երաժշտություն էին բերել…

Ես սպասման մեջ անհանգստությունից տեղս չէի գտնում, աստիճաններով անընդհատ վերուվար էի անում(բարձրահարկ շենքի 12-րդ հարկում էինք ապրում)…

Ու մեկ էլ վերևից նկատեցի, որ գրկած բերում են ինչ-որ մեկին…

Սիրտս կծկվեց ցավից, արագ իջա ներքև… Վալերիին էին բերում, նա չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Նախկին Վալերիից ոչինչ չէր մնացել… կարծես ծերացել էր, դեմքը մազակալած էր, շորերը՝ հնամաշ, պատառոտված, հագին գուլպա չկար, ոտքերին էլ կոշիկի նմանվող ինչ-որ բաներ էին: Ողջ մարմինը կապտած էր ու այտուցված… Փորձեցինք համոզել, որ հիվանդանոց տեղափոխենք, բայց չհամաձայնեց:

-Ես գործեր ունեմ,- ասաց նա:

Հաջորդ օրը նա պահանջեց, որ իրեն տանենք Սիմոն Աչագոզյանենց և Գետաշենում զոհված մյուս տղաների տները՝ ցավակցություն հայտնելու նրանց ընտանիքներին: Չէր կարողանում անգամ ավտոմեքենայի մեջ նստել, մենք նրան պառկած վիճակում տարանք: Իսկ մի քանի օր հետո նրա հետ այցելեցինք Եռաբլուր ու ծաղիկներ դրեցինք Գետաշենում զոհված տղաների շիրիմներին: Շատ էր հուզվել, պատմեց, որ Սարգսի հետ են արյունից մաքրել, հավաքել, կարել նրանց դիակները:

… Գերությունից վերադառնալուց հետո նրան շատերն էին հյուր կանչում, նրա պատվին ճաշկերույթներ կազմակերպում…

Մահից ամիսներ առաջ պոլիկլինիկայի տնօրենը Վալերիին կանչեց և ասաց, որ եթե ցանկանում է, կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին: Միայն տեսնեիք, ինչպես էր ուրախացել. տուն վերադարձավ ուրախությունից փայլող աչքերով ու ասաց՝ արդեն կարող եմ մարդամեջ մտնել, իմ սիրած աշխատանքին վերադառնալ: Ամեն օր սափրվում էր, կոկիկ հագնվում և ուրախ-ուրախ երգելով՝ դուրս էր գալիս տանից: Իհարկե, երկար չէր մնում աշխատավայրում. երբ հոգնում էր կամ իրեն վատ էր զգում, տուն էր վերադառնում…

Վալերին առանձնահատուկ սիրով էր կապված իր զավակներին: Հասմիկը՝ ավագ դուստրը, արդարացնում է հոր սպասելիքները. ավարտում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, հիմա էլ իր մասնագիտությամբ է աշխատում: Կրտսեր դուստրը՝ Լուսինեն, ավարտում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը, իսկ որդին՝ Հարությունը, պոլիտեխնիկական ինստիտուտը:

Վալերի Խաչատրյանի մահից հետո փոքրիկ Լուսինեն իր շարադրության մեջ գրում է. «…Հայր իմ, հերոսները չեն մեռնում… Ու կհառնես դու, երբ ես կգամ, քո անմահ շիրիմին ծաղիկներ կդնեմ ու Հիպոկրատի երդումը քեզ, անձամբ քեզ կտամ, որ դու համոզվես քո անմահության մեջ ու խաղաղ ննջես մայր հողի կրծքին»:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)