Հայաստանն է իմ տունը

Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ Հրանտ Աշճյանի արմատները սերում են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից: 1915 թ. եղեռնական օրերին պապը, որ այդ ժամանակ 11 տարեկան էր, Դեր-Զորի անապատից ոտքով, կիսաքաղց և ուժասպառ հասնում է Սիրիայի Հալեպ քաղաք: Մեծ դժվարություններ ու զրկանքներ հաղթահարելով՝ տարիներ անց ամուսնանում է, ստեղծում իր ընտանիքը, զավակներ ունենում: Նրանց ընտանիքում թագավորում է հայոց լեզուն, պահպանվում են հայկական ազգային սովորույթներն ու կենցաղը: Ահա այդ մթնոլորտում է ծնվում, մեծանում Հրանտ Աշճյանը: Սերը հայրենիքի նկատմամբ տարիներ անց նրան բերում է Հայաստան, որտեղ նա ոչ միայն սովորում է, այլև մասնակցում է ազգային-ազատագրական շարժմանը, երկրաշարժից հետո աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, կամավոր մեկնում է Ղարաբաղ՝ օգնելու պայքարի ելած ազգաբնակչությանը ու կամավորականներին:

-Հայերը Սիրիայում պաշտպանվա՞ծ էին,- հարցնում եմ Հրանտին:

-Այո: Հայերն այնտեղ արաբներին հավասար իրավունքներ ունեն և շատ են հարգված: Սիրիայում մեծ թվով հայկական եկեղեցիներ ու կրթօջախներ կան: Հալեպում գործող հայկական ակումբները (յուրաքանչյուր կուսակցություն իր ակումբն ունի) երկրորդ տուն էին հայերի համար, և բոլորն էին անդամագրված ակումբներում: Օրվա մեծ մասը այնտեղ էինք հավաքվում, վիշտն էլ, ուրախությունն էլ իրար հետ կիսում էինք, հետաքրքիր տոնախմբություններ կատարում: Սիրիահայերը մեծ շուքով տոնում էին Զատիկը, Վարդանանց և Թարգմանչաց տոները: Դա էլ նպաստում էր, որ հայը հայ մնա…

Ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր հայերը, առանց բացառության, փակում են իրենց խանութները, գրասենյակներն ու գործարանները, կրծքերին փոքրիկ սև խաչեր ամրացրած՝ գնում են գերեզմանոց, այնտեղ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին ծաղիկներ դնում, ապա եկեղեցում պատրագ տալիս:

Մի խոսքով, մի փոքրիկ Հայաստան էլ այնտեղ՝ Հալեպում կա… Սակայն հայի Հայաստանը այստեղ է Արարատի հովանու ներքո, և բոլորը այսօր պարտավոր են մտածել հայրենիք վերադառնալու մասին:

Դպրոցն ավարտելուց հետո 1984-ին դիմեցի Հայաստանի կառավարությանը՝ թույլտվություն ստանալու ուսումս այստեղ շարունակելու համար: Մինչ պատասխանը կստանայի, ընդունվեցի Հալեպի պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ: Սակայն վերջապես եկավ ինձ համար այդքան բաղձալի օրը. ես դրական պատասխան ստացա: 1985 թ. եկա Հայաստան, ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ: 1992 թ. ավարտելով այն՝ ընդունվեցի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտ, որտեղ էլ անցա կլինօրդինատուրան:

-Ե՞րբ և ինչպե՞ս մեկնեցիք Լեռնային Ղարաբաղ:

-1994-ի փետրվարն էր: Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունից հիվանդանոց գրություն էր եկել, որով պահանջվում էր երկու մասնագետ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Հաջորդ օրը վաղ առավոտյան գնացի նախարարություն: Ինձ ասացին, որ դիմում գրեմ նախարարի անունով ու նշեմ, որ ինքնակամ եմ մեկնում: Երկու օրից ուղղաթիռով թռանք Ստեփանակերտ:

Երեկո էր, երբ տեղ հասանք: Արդեն բավականին ուշ էր, ցուրտ ձմեռ, շրջապատը թաղված էր խավարի մեջ: Ավտոմեքենաների լուսարձակների տակ ուղղաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտի մարզադաշտում: Ինձ շատ էր զարմացրել օդաչուների համարձակությունը: Ձմռան այդ մառախլապատ եղանակին նրանք համաձայնել էին օդ բարձրանալ և թռչել Լեռնային Ղարաբաղ: Ամեն մի բլրի վրայից կարող էին կրակել ուղղաթիռի վրա: Նրանց վարպետության, խիզախության շնորհիվ անվտանգ տեղ հասանք: Մեզ տեղավորեցին մարզային հիվանդանոցում: Հաջորդ օրվանից աշխատանքի անցանք:

Վիրավորների հոսքը մեծ էր: Նրանց մարմիններից այնպիսի փամփուշտներ էինք հանում, որոնք միջազգային դաշնագրերով արգելված էին օգտագործել պատերազմի ժամանակ: Մեկ ամիս հետո վերադարձա Երևան, բայց չկարողացա երկար մնալ: Մանկական վնասվածքաբան Կարապետ Մոմջյանի հետ եկանք Ստեփանակերտ: Ապրիլի 10-ն էր: Կարապետը ցույց տվեց պատուհանը ու ասաց՝ նայիր, ռումբեր են գցում: Վայրկյաններ անց ահավոր պայթյուն եղավ: Հիվանդանոցի անձնակազմը հասցրել էր նկուղ իջնել: Եթե մենք վազեինք էլ, չէինք հասցնի, ուստի դուրս եկանք պատշգամբ և տեսանք քաղաքի կենտրոնում բարձրացող փոշու ամպը: 10-15 րոպե հետո բերեցին վիրավորներին… Վիրավորների մեջ երեխաներ, կանայք, ծերեր կային: Ժողովուրդը կարծես մթագնած էր՝ ահ ու սարսափի մեջ: Մենք նկատեցինք նաև, որ շենքի տանիքներին և մոտակա բլուրներին ազատամարտիկներ կային, որպեսզի կարողանային հակահարված տալ հակառակորդի «Սու»-երին:

Ականի պայթյունից վիրավորված 12-ամյա մի աղջիկ էին բերել հիվանդանոց՝ ստորին վերջույթի ծանր վնասվածքով, որը սկսել էր թարախակալել: Մենք բուժել էինք նրան և որոշել երկուշաբթի արմատական վիրահատում կատարել: Երեխային արդեն նախապատրաստել էինք վիրահատության, երբ ռադիոյով հայտարարեցին, որ Ստեփանակերտի երկնքում նորից հայտնվել են թշնամու կործանիչները: Հիվանդանոցի անձնակազմը նկուղ էր իջել, մնացել էինք ես, Մոմջյան Կարապետը, անեսթեզիոլոգ Ալեքսանդր Պետրոսյանը և բուժքույրը:… Այդքան աշխատանք էինք կատարել, երեխային փրկել էինք անդամահատումից, և եթե հետաձգեինք վիրահատությունը, չգիտեինք՝ ինչ կարող էր լինել, ուրեմն ինչու սկսածը ավարտին չհասցնել: Մենք սկսեցինք վիրահատությունը, իսկ ռադիոն 10 րոպեն մեկ հայտարարում էր, որ բոլորը նկուղ իջնեն: Ճիշտն ասած, դա հոգեբանորեն ճնշում էր մեզ: Արդեն ավարտում էինք վիրահատությունը, երբ ռադիոն այս անգամ հայտարարեց, որ հակառակորդի ինքնաթիռները հեռացան Ղարաբաղի երկնքից:

Հաջորդ օրը վաղ առավոտից սկսվեց վիրավորների հոսքը հիվանդանոց: Եթե այդ օրը երեխային չվիրահատեինք, երևի հետո չկարողանայինք, այսինքն, չէինք հասցնի: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Եվ այդպես մենք մնացինք Ստեփանակերտում մինչև զինադադարը:

Երրորդ անգամ Ղարաբաղ մեկնեցի արդեն զինադադարից հետո՝ 1994 թ. սեպտեմբերին: Հիվանդանոցում անհամեմատ հանգիստ էր: Պլանային հիվանդների էինք բուժում, երբեմն էլ ականի պայթյունից վիրավորված զինծառայողների և բնակիչների էին բերում, որոնց վիրահատում էինք: Այդ ժամանակ ինձ հետ էր նաև թիվ 8 հիվանդանոցի ակնաբույժ Արա Բաբկենիչը, որը հսկայական աշխատանք կատարեց:

-Երբևէ զղջացե՞լ եք, որ Հայաստան եք եկել:

-Ես Հայաստան գալու համար երբեք չեմ զղջացել: Վերջիվերջո, բոլոր սփյուռքահայերը, վերջին տարիներին հայրենիքից արտագաղթած հայերը մի օր պետք է վերադառնան Հայաստան: Ես միշտ ցավով եմ լսում, երբ մեր իշխանավորները հպարտությամբ են խոսում հայ սփյուռքի մասին: Բայց չէ որ մեծ սփյուռքը մեծ ցավ է, մեծ ցավի հետևանք է: Դրա փոխարեն պետք է խոսել մեծ հայրենիքի, մեր հողերը վերադարձնելու մասին: Ես ամեն պահ էլ կարող եմ Սիրիա մեկնել, բայց չեմ մտածում դրա մասին: Ճիշտ է, ես ծնվել, մեծացել եմ Սիրիայում, բայց այն իմը չէ, ինչպես որ այնտեղ բնակվող հայերից և ոչ մեկինը չէ: Իմը Հայաստանն է, և ես այստեղ եմ:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)