Արմեն Պետրոսյան. պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել հայրենիքը

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ զինծառայող Արմեն Պետրոսյանը հոսպիտալում բոլորեց 20-
ամյակը:
Ծնվել է 1994-ի օգոստոսի 26-ին՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ծառայում է ԼՂՀ Մարտունի 3 պաշտպանական շրջանում:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ի լուսաբացին, ճիշտ այն օը, երբ լրացել էր Արմենի ծառայության 20-րդ ամիսը:
«Հենց նոր էի հանձնել հերթափոխս և պատրաստվում էի ևս 2 ժամ արթուն հերթափոխի: Հակառակորդը սկսեց կրակել ու բավական դիպուկ` ձեռքի հակատանակային նռնականետով, որը բավական վտանգավոր զենք է: Բեկորներից մարմնիս տարբեր հատվածներում վնասվածքներ եմ ստացել, իսկ ընկնելու հետևանքով՝ ոտքի կոտրվածք»:
Արմենը գերազանց հիշում է միջադեպի բոլոր մանրամասները վայրկայն առ վայրկյան.
«Պայթելուց հետո հարվածի ալիքը ինձ հինգ մետր նետել է: Ամբողջ ընթացքում գիտակցությունս տեղն է եղել: Մի պահ եմ միայն ուշագնաց եղել, երբ նետվելիս գլուխս դիպել է ինչ-որ տեղ: Սակայն շատ կարճ է տևել` 15-20 վայրկյան: Երբ աչքերս բացեցի, ծուխ ու փոշի էր»:
Դիրքերի բուժքույրն անմիջապես առաջին բուժօգնություն է ցուցաբերել.
«Ինձ տեղափոխեցին Մարտունու հոսպիտալ: Վերքերս մշակեցին, ոտքս անշարժացրին, ապա տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Երևան»:
Վերքերը դեռ ամբողջությամբ չեն ապաքինվել.
«Ցավեր դեռ ունեմ` հիմնականում գիշերները: Սակայն վիրահատությունից հետո օր օրի տարբերություն եմ զգում: Բավական հանգիստ եմ, թեպետ վախ ի սկզբանե չի էլ եղել: Ծառայելու ցանկություն ունեմ, սակայն մինչև ծառայությանս ավարտը շատ կարճ ժամանակ է մնում, Իսկ բուժումս ավելի երկար ժամանակ է պահանջում»:
Արմենը շատ նպատակներ ունի, բայց դեռ չի ցանկանում մանրամասնել: Այս պահին առաջնայինն առողջությունն է.
«Առողջանամ, կիրագործեմ»,-ասում է զինվորը:
Ինչ վերաբերում է ծառայակից ընկերներին, Արմենը վստահեցնում է.
« Վստահ կարող եմ ասել, որ լավ տղաներ ունենք, ովքեր ցանկացած պահի պատրաստ են կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Այսքան ժամանակ կարողացել ենք անառիկ պահել մեր դիրքերը: Իսկ ադրբեջանցիների բոլոր հարձակումները հետ ենք մղել»:

Հասմիկ Գյոզալյան