Զոհվում է մասնագիտական պարտքը կատարելիս

Արտեմ Սարգսյանը ծնվել է 1910 թ. Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում (Մարտակերտի շրջան): Փոքր հասակում զրկվել է ծնողներից և զրկանքներով ու դժվարություններով լի կյանք է ունեցել: Բարեկամների խնամքին ապավինած՝ սովորել է հայրենի գյուղի յոթամյա դպրոցում, միաժամանակ աշխատել որպես փոստատար: Այնուհետև մեկնել է Կիրովաբադ՝ ուսումը շարունակելու, 1934 թ. ավարտել է Կիրովաբադի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտ. բժիշկ դառնալը նրա մանկության երազանքն էր:

1939 թ. հաջողությամբ ավարտելով բուհը՝ Արտեմը և իր երկու ընկերները մեկնում են սահմանապահ զորամասեր: Ծառայելով տարբեր զորամասերում՝ նրանք աչքի են ընկնում ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև կարգապահությամբ, բարեխղճությամբ:

Սկսվում է Հայրենական պատերազմը: Հունիսի 23-ին զորամասի սպաները հավաքվում են ժողովի: Բժիշկ Արտեմ Սարգսյանը խնդրում է իրեն ուղարկել ռազմաճակատ: Արտեմը նշանակվում է բուժսանգումարտակի վիրաբուժական բաժնի օրդինատոր և պարտքի խոր գիտակցումով ամեն ինչ անում է հայրենիքի զինվորի կյանքը փրկելու համար:

1941 թ. օգոստոսը ամենածանր ժամանակահատվածն էր խորհրդային զորքերի համար: Մեծ թվով վիրավորներ են բերում նաև բուժսանգումարտակ: Վիրավորներից մեկին, որը շատ արյուն էր կորցրել, անհրաժեշտ էր արյուն ներարկել: Բայց պարզվում է , որ համապատասխան խմբի արյուն չկա: Եվ բժիշկ Արտեմ Սարգսյանը առաջարկում է իր արյունը ներարկել նրան, փրկում է կյանքը՝ դառնալով դոնոր վիրավոր սպայի համար:

Իր գումարտակից անբաժան, սխրանքներով նշանավոր ճանապարհ է անցնում երիտասարդ բժիշկը և հասնում է Լվով, որի ազատագրման համար մղվող հերոսական մարտերից մեկում վիրավորներին տարհանելու, մարտի դաշտում բուժօգնություն ցույց տալու պահին զոհվում է նաև Արտեմ Սարգսյանը: Դա 1944 թ. հուլիսի 22-ին էր: Հուլիսի 27-ին Լվովն ազատագրվում է: Բուժսանգումարտակի անձնակազմը, վիրավորներն ու գնդի հրամանատարները զինվորական համազարկի տակ հողին են հանձնում բժիշկ Արտեմ Սարգսյանի դին:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան