Ուժեղը նա չէ, ով ճնշում է, այլ նա, ով կարողանում է պաշտպանել

Զրույց ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ , բ/ծ մայոր Գոհար Ստեփանյանի հետ

Ավարտել է ԵՊԲՀ սանիտարահիգենիկ, ռազմաբժշկական ֆակուլտետները, հետբուհական կրթությունը շարունակել ինտերնատուրայում (1999-2000 թթ.), կլինօրդինատուրայում (2007-2009 թթ.): Ծառայության է անցել Տավուշի՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ապա Տավուշի ԱԲՋ-ում: Որպես բ/ծ պետ ծառայել է Նուբարաշենի գնդում: Կլինօրդինատուրան ավարտելուց հետո տեղափոխվել է ԼՂՀ Մարտունու ԱԲՋ , ծառայել նախ որպես օրդինատոր, ապա որպես թերապևտիկ բաժնի պետ: 2012 թ. ղեկավարում է Վանաձորի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքը:

– Ինչպե՞ս է իրականացվում թերապևտիկ ծառայությունը զինվորական բժշկական կառույցում:

-Թերապևտիկ ծառայությունը իրականացնում է ներքին հիվանդությունների ախտորոշումը, բուժումը առանց վիրաբուժական միջամտության: Բաժանմունքում ծառայում են տարբեր նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող բժիշկներ և ծառայում են ոչ միայն բաժանմունքում, այլև (հատկապես ձմռան ամիսներին), երբ սուր շնչառական հիվանդությունները շատանում են, մեկնում են գործուղումների տարբեր զորամասեր (թերապևտի հետ զորամաս է այցելում նաև ինֆեկցիոնիստը): Ամբողջ զորքը «զտում ենք», հիվանդներին առանձնացնում, ոմանք բուժումը ստանում են զորամասի բուժկետում, ոմանց տեղափոխում ենք հոսպիտալ, եթե լրացուցիչ բուժզննման կամ մասնագիտական բուժօգնության կարիք է լինում: Հոսպիտալային և զորամասային օղակների բուժծառայության աշխատակիցների համագործակցության շնորհիվ ուշացած հիվանդներ չեն լինում:

Թերապևտիկ ծառայության արդյունավետ իրականացման կարևոր նախապայմաններից է նաև դեղորայքը, որի ընտրությունը կատարվում է ԶՈՒ բուժվարչության կողմից: Իմ ծառայության ընթացքում չի եղել մի դեպք, երբ կիրառվող դեղորայքից կողմնակի ազդեցություններ կամ ալերգիկ երևույթներ առաջանան, իսկ դա վկայում է այն մասին, որ դեղամիջոցները, երբեմն՝ նաև ոչ բրենդային, ճիշտ են ընտրված և իհարկե, նաև ճիշտ են պահվում: Հաճախ ենք լսում, որ մեզ մոտ կիրառվող նույնանուն դեղամիջոցից՝ այս կա այն դեղատնից գնված, ալերգիաներ, կողմնակի ազդեցություններ են առաջացել. պատճառը այն է, որ դրանք ոչ ճիշտ պայմաններում են պահվել, ժամկետանց կամ կեղծ են եղել: Իսկ մեզ մոտ նման երևույթները բացառվում են, որովհետև դեղորայքի պահպանումը կատարվում է սահմանված կարգով:

Ճիշտ է, այսօր մենք չենք կարող հպարտանալ մեր հոսպիտալի շենքային պայմաններով, սակայն գոհացնող մի հանգամանք չեմ կարող չնշել՝ մեր հոսպիտալում երբեք ներհիվանդանոցային ինֆեկցիաներ չեն եղել, որովհետև և սպիտակեղենի, և սարքավորումների, և հիվանդասենյակների ախտահանումը առանց թերացումների է կատարվում:

-Ավարտելով ինտերնատուրան՝ մոտ 5 տարի ծառայել եք զորամասային օղակում և միայն 2007 թ. հնարավորություն եք ստացել շարունակելու ուսումը կլինօրդինատուրայում: Դժվար չէ՞ր 5 տարի սպասել օրդինատուրա ընդունվելուն:

-5 տարի զորամասային օղակում ծառայելը և կլինիկական օրդինատուրային սպասելը իսկապես հեշտ չէ: Սակայն երբ հստակ գիտես՝ ինչ ես այս կյանքում փնտրում, ինչ է քեզ պետք, դժվարությունները ամենևին էլ սարսափելի չեն թվում, ընդհակառակը, դրանք հաղթահարելը բազմապատկում է իմ ոգևորությունը: Ես ծառայել եմ այդ գիտակցումով և ծառայության ընթացքում՝ հիվանդ զինվորների հետ շփվելիս, հասկացել եմ՝ մարդիկ հիվանդանում են, երբ հուսահատվում են, երբ հիսաթափվում են և ընկճվում, երբ կորցնում են հավատը: Եվ այդ ժամանակ նրանք ավանդական բուժամիջոցներից՝ դեղորայքից բացի, ես կասեի՝ առավել, ջերմության, էներգիայի պակաս ունեն, իսկ ես, լինելով բժիշկ, պիտի ջանամ ամենից առաջ այդ էներգիան՝ դրական հույզերը, փոխանցել հիվանդին:

– Կան մարդիկ, որոնք էներգետիկ դաշտերի, դրական էներգիայի և այլ նմանատիպ երևույթների մասին պատկերացումները չեն ընդունում…

-Կամ ծիծաղելի են համարում… Ես գիտեմ: Բայց դա ինձ չի խանգարում: Ես օգնում եմ, որ հիվանդը իրեն հոգեպես ազատ զգա, օգնում եմ, որ կարողանա անկաշկանդ խոսել, ժպտալ, երգել, ծիծաղել… ինքնամփոփ վիճակից փորձում եմ հանել նրան, նրան արտահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն եմ տալիս և հասկանում եմ՝ որն է նրա հոգու ցավը:

Օրեր առաջ մի տարեց կին էր եկել ինձ մոտ, գանգատվում էր, որ սիրտն է ցավում, մեջքն է ցավում, ամեն ինչ ցավում է, բայց ես զննում եմ, լսում նրան և տեսնում եմ, որ որևէ հիվանդություն չունի: Սկսեցի հարազատի նման մտերմիկ զրուցել նրա հետ, հարցնում եմ՝ ընկճվա՞ծ եք, ինչի՞ց եք նեղվում… Եվ տատիկը ոգևորությունից փայլող աչքերով, որովհետև վերջապես իր ցավը հասկացել էին, սկսում է պատմել՝ …իմ հարսը…: Ես լուռ լսում եմ նրան և հասկանում՝ նա և իր հարսը էներգետիկ դիսոնանսի մեջ են. դա է նրա խնդիրը, դա է նրան ցավ պատճառում: Ես խորհուրդ եմ տալիս տուն գնալ և ինչպես մայրը կնայեր, կդիմեր իր դստերը, զրուցել հարսի հետ: Նա լուռ լսեց, հետո դուրս եկավ իմ աշխատասենյակից և մի քանի օրից կրկին եկավ, շնորհակալություն հայտնեց՝ գիտեք, սիրտս էլ չի ցավում, մեջքս էլ չի ցավում… «Հիվանդությունը» անցել է, բայց ես դեռ ոչ մի նշանակում չէի արել…

Անհրաժեշտ է գիտակցել, որ կարևոր են ոչ միայն մեր գործողությունները, այլև մտքերն ու հույզերը: Խոսքը պետք է զերծ լինի զազրախոսությունից, գանգատներից: Պետք է ջանալ չաղտոտել միտքը և հոգին այն ամենով, ինչ անպետք է և ավելորդ: Մենք ուղղորդում ենք մեր էներգիան, որը «տիեզերական մեխանիզմի» նման մեզ է վերադարձնում մեր գործողությունների, մտքերի, հույզերի «բերքը»: Եվ արդյունքում մեզ բաժին է հասնում այն կյանքը, որը մենք ինքներս ենք «ցանել»:

-Ինչպե՞ս են անդրադառնում Ձեր պատկերացումները ծառայության վրա:

-Օրեր առաջ հերթապահ էի, երեկոյան հիվանդի ատամը սկսեց ցավել: Ցավը վանելու, մոռանալու համար տղան բարձր երգում էր: Հերթապահ բուժքույրերը, կարծելով, որ ես, սենյակում նստած, նրա ձայնը չեմ լսում, եկան բողոքելու: Հանգստացնող ներարկեք և թողեք՝ երգի, որքան ուզում է՝ ասացի նրանց: Հիվանդները դեռ քնած չէին, և ոչ մեկին չէր խանգարում: Տղային հանգստացնող ներարկեցին, հանգստացավ, քնեց, իսկ առավոտյան ուղարկեցինք ատամնաբույժի մոտ… Պատկերացնում եք, եթե ատամնացավի ժամանակ մի հատ էլ մենք ճնշեինք նրան՝ թույլ չտալով երգել… Չի կարելի, զինվորը պիտի զգա, որ ինքը ազատ է և կարող է արտահայտվել:

Գիտեք, երբեմն մտածում եմ՝ եթե հոսպիտալներում ժամանցի սենյակներ, մարզասրահներ լինեին, գուցե դա ինչ-որ չափով կօգներ հիվանդներին, հատկապես նրանք, որոնք ավելի երկար են պառկում, կկարողանային զբաղվել, լիցքաթափվել, և օրը ավելի դրական կանցներ: Իսկ հիմա միայն կարողանում են հավաքվել իրար մոտ, երբեմն իմ աշխատասենյակ են գալիս, մեկը երգում է, մյուսը սիրած աղջկան հիշում… դա էլ ժամանց է: Նրանց գրքեր եմ տալիս, որ կարդան: Այս տարիքում տղաները, աղջիկները ակտիվորեն փնտրում են, ես փորձում եմ օգնել, որ գտնեն՝ ինչն է իրենց ավելի հոգեհարազատ:

-Ի՞նչ գրքեր եք կարդում:

-Հիմնականում՝ էզոտերիկ գրականություն, երբեմն նաև հոգևոր, կրոնական: Ես քրիստոնյա եմ, բայց կարդացել եմ ոչ միայն Աստվածաշունչ, այլև Ղուրան, Բհավատ Գիտտան, Բուդդայի ուսմունք: Մարդկանց, ազգերի տարբերությունները նրանց կրոնով են պայմանավորված, կրոնը պատկերացում է տալիս այն «կրողի»՝ դավանողի ամբողջ հոգեկերտվածքի մասին: Սակայն ինչն է հետաքրքիր. երբ բոլոր կրոնական ուսմունքներին ծանոթանում ես, տեսնում ես, որ բոլորի հիմքում նույն առանցքն է, ամեն հարցի պատասխան գտնում ես… Պարզապես պետք է կարդալ և Տիեզերքի կառուցվածքը ճիշտ հասկանալ:

-«Նայելով տեսնել, լսելով լսե՞լ»…

-Այո: Նուբարաշենի գնդում ծառայելիս մի արտասովոր դեպք տեղի ունեցավ, որը մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Ինձ մոտ եկավ մի զինվոր, շատ ընկճված էր և ասաց, որ ուզում է ինքնավնասում կատարել… Ես ապշել էի, բայց զսպելով զարմանքս, ցավը, որ զգում էի նրա հոգեվիճակը պատկերացնելով, ժպտալով պատասխանեցի՝ եթե դու ինձ մոտ ես եկել, ուրեմն ուզում ես, որ քեզ կանգնեցնեմ… Նա պատմեց՝ ինչն է իրեն անհանգստացնում… Երկար խոսեցի նրա հետ, հասկացավ, որ ինքնավնասում կատարելով խնդիրը չէր լուծվի, պետք է ավելի իրատես լինել և սովորել դիմակայել:

Ես միշտ բացատրում եմ տղաներին՝ ուժեղը նա չէ, ով ճնշում է, այլ նա, ով կարողանում է պաշտպանել: Իրականում ագրեսիան միշտ տրավմատիզմի է բերում: Որքան էլ փորձեն համոզել,որ «լավ նպատակով» են դրսևորում ագրեսիան, այդ ագրեսիվ ազդեցությունը մղում է հակազդման՝ պատասխանելու նույնքան անզուսպ և ագրեսիվ :

-Իսկ եթե դիմացինը սխալ է և շարունակում է համառորեն չընդունել իր սխալը:

-Նա կարող է չընդունել, «չփոխվել», ինչպես շատերն են ասում կամ պատկերացնում: Որքան մարդ, այնքան էլ բնույթ: Ես բոլորին չեմ կարող փոխել, միայն կարող եմ փոքրիկ, համոզիչ տեղեկություններ, փաստարկներ տալով՝ նրան ցույց տալ, որ այսպես էլ կարելի է, և գուցե՝ ավելի նպատակային, ավելի հետաքրքիր, ավելի ցանկալի: Հավատացեք, ցանկացած շփում անհետևանք չի անցնում,և եթե գիտակցության կամ տեղեկությունների պաշարի մեջ թեկուզ մի բան ավելանում է, դա արդեն փոփոխություն է: Ես դեմ եմ ուժ կիրառելուն: Իհարկե, երբեմն ուզում եմ նաև բարկանալ, բայց ձևական, որովհետև կան երիտասարդներ, որոնք ժպիտի լեզուն չեն հասկանում, կարծում են՝ «ամենաթողություն է», և այդ դեպքում ստիպված եմ ձևական ջղայնանալ՝ թույլ չտալով, որ բարկությունը իմ սիրտ մտնի:

…Ամենաշատ խնդիրները, որոնց հանդիպել եմ իմ ծառայության ընթացքում, առաջացրել են դերասանները: Նրանք ապրում են իրենց հորինած, իրենց շահեկան սցենարով, և եթե նրանց իրենց սցենարից դուրս պարտականություն՝ «դեր» ես տալիս, չեն կատարում: Վերջերս մի դերասան էր տեղափոխվել մեզ մոտ (պարտադիր զինվորական ծառայության մեջ է): Առավոտյան բոլորը ներկայանում են անվանականչի, նա շարքի մեջ չէ, իջնում են ճաշարան, նա դարձյալ չկա (իջնում է, երբ ինքն է ուզում)… Նրան կանչեցի ինձ մոտ ու ասացի՝ հարգելիս, քանի դեռ դու հոսպիտալում ես, քո սցենարը մի կողմ ես դնում ու «խաղում ես» մեր սցենարով, ինչպես մյուսները… Երեկոյան անվանականչին դարձյալ բոլորը դուրս էին եկել, զրուցել հերթապահ բժշկու հետ, իսկ նա սենյակից դուրս չէր եկել: Այդպիսի զինվորներ էլ ենք ունենում: Մեկը բռի է, մյուսը՝ բարեկիրթ, մեկը հանգիստ է, մյուսը՝ կրակոտ…

Ես միշտ ասում եմ իմ աղջկան, երիտասարդներին՝ դու կարող ես լինել բռի, անկարգ, բարեկիրթ, հիստերիկ, անշնորհք, փորձիր հասկանալ՝որն ես դու…

-Ձեր աղջիկը Ձեզ հետ տեղափոխվո՞ւմ է այնտեղ, որտեղ Դուք եք ծառայում:

-Վանաձոր տեղափոխվեցինք ամբողջ ընտանիքով (մենք Իջևանից ենք), իսկ երբ ծառայում էի ԼՂՀ Մարտունու ԱԲՋ-ում, մի բնակարան վարձեցի, որպեսզի կարողանամ աղջկաս, քրոջս կանչել ինձ մոտ:

-Բնակարանային պայմանները հարմարավե՞տ էին:

-Բնակարան չէր կարելի անվանել. ընդամենը մի սենյակ էր: Ոչ սանհանգույց կար, ոչ խոհանոց, ոչ լոգարան, ոչ գույք, ջրի ծորակը բակում էր (ազատ բնակարաններ չկային, այդ շրջանում սպաները շատ էին, ծառայողական տներ մեզ չէին հատկացնում)… Բակում նստել նույնպես չէինք կարողանում. օձեր կային, մի անգամ նույնիսկ գյուրզան տուն էր մտել… Բահով վիզը կտրեցի… Այդպես, մաքուր, կանոնավոր կյանքի մասին բոլոր պատկերացումներս, սկզբունքներս մի կողմ դրած՝ անցա ծառայության:

Մի մահճակալ, մի գրապահարան, մի սեղան, աթոռներ բերեցինք… ու դաշնամուր, որպեսզի երբ աղջիկս գար ինձ մոտ, կարողանար նվագել: Փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի նա, կտրվելով իր ընկերներից, նոր բնակավայրում չտխրեր: Ութ տարեկան էր, երբ եկավ Մարտունի. հաճախում էր տեղի դպրոց, իսկ դասերից հետո գալիս էր ինձ մոտ, սովորում դասերը, բժիշկների հետևից պտտվում, իսկ երբ աշխատանքս ավարտում էի, միասին գալիս էինք տուն: Լինում էին օրեր, երբ գիշերը զանգում էին, կանչում ԱԲՋ, երեխային արթնացնում էի և ինձ հետ տանում: Իսկ ինչպե՜ս էր խոսում Ղարաբաղի բարբառով… Հետագայում քրոջս էլ կանչեցի ինձ մոտ, որպեսզի երեխային չտանջեմ: Նա օտար լեզվի մասնագետ է և Մարտունու դպրոցում սկսեց ֆրանսերեն դասավանդել, աղջկաս տանում էր, բերում, իսկ ես ամբողջովին ծառայությանն էի տրվել:

Ճիշտ է, Մարտունու ԱԲՋ այդ տարիներին նույնպես անբարեկարգ վիճակում էր, սակայն բուժանձնակազմը աշխատում էր չափազանց կազմակերպված: Ընդունարանը, դեղատունը, ատամնաբույժի կաբինետը տեղակայված էին մետաղե վագոններում, իսկ բաժանմունքները՝ շենքի ներսում: Բժիշկներին ընդամենը մեկ սենյակ էր հատկացված, որտեղ 3 սեղան, 13 աթոռ կար: Մենք սկսել ենք այդպիսի հնարավորություններով… Կարևորը այն արդյունքն է, որ ունենք այսօր՝ բանակի կայուն զարգացում ապրող ռազմաբժշկական ծառայությունը:

Էդիտա Մելքոնյան