Ախտորոշման բաժանմունքը սպասում է նոր սարքավորման….

Այցելելով ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալ՝ հնարավորություն ունեցանք տեսնելու՝ ինչ պայմաններում է այսօր հանրապետության առաջին զինվորական հոսպիտալը, ինչ առաջընթաց և ինչ ձեռքբերումներ է ունեցել տարիների ընթացքում: Ինչպես նշեց հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը, հոսպիտալի ամենակարևոր ձեռքբերումը տարածաշրջանում բարձր հեղինակությունն է և բարձրակարգ բուժանձնակազմը:

Ախտորոշման բաժանմունքը՝ լաբորատորիան, ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդներով հետազոտությունների (սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, ԷՍԳ) կաբինետները, տեղակայված են հոսպիտալի առաջին հարկում, ռենտգենոգրաֆիան կատարվում է երկրորդ մասնաշենքում: Լաբորատորիան վերանորոգվել է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային կազմակերպության կողմից և հագեցած է նորագույն սարքավորումներով, ինչը չենք կարող ասել ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետի մասին (ինչպես նշեց հոսպիտալի պետ Գագիկ Մարտիրոսյանը՝ սարքավորումը նոր չէ … սակայն մասնագետն է հմուտ և կարողանում է աշխատանքը հավուր պատշաճի կատարել):

Բժիշկ-ճառագայթաբան Գայանե Ստեփանյանը ավարտել է Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտը: Որպես կարդիոլոգ աշխատել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցում և պոլիկլինիկայում: Այնուհետև մասնակցելով բժիշկ-ճառագայթաբանների վերապատրաստման դասընթացների՝ ստացել է համապատասխան որակավորում և շարունակել աշխատանքը քաղաքային հիվանդանոցում: 2002թ-ից ծառայում է Վանաձորի կայազորային հոսպիտալում: Ներկայացնելով իր աշխատանքային հնարավորությունները՝ նա նշեց.

Ուլտրաձայնային հետազոտությունը լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդություններ ախտորոշելու, բուժման ընթացքին հետևելու և բուժման արդյունքները գնահատելու նպատակով: ՈՒՁՀ կատարելու ժամանակակից սարքավորումները բազմաթիվ հնարավորություններ ունեն, որոնք թույլ են տալիս լիարժեք և բազմակողմանի հետազոտել հիվանդին, տալ ճշգրիտ եզրակացություն: Իմ սարքավորումը նոր չէ, փոքր է ոչ միայն չափերով ( երբ հարկ է լինում, ես կարող եմ այն վերցնել և բարձրանալ հիվանդի մոտ), այլև հնարավորություններով. ավելի խորացված հետազոտությունների համար ստիպված ենք լինում մեր հիվանդներին ուղարկելու կամ Կենտրոնական հոսպիտալ, կամ այլ բուժհաստատություն:

Ժամանակակից ռենտգեն սարքավորում մեր հոսպիտալն արդեն ստացել է. այն կտեղադրվի նոր մասնաշենքում: Խոստացել են նաև ՈՒՁՀ կատարելու նորագույն սարքավորում տրամադրել մեր հոսպիտալին. այն անհրաժեշտություն է և հնարավորություն կտա տեղում լիարժեք և բազմակողմանի ուլտրաձայնային հետազոտություններ կատարելու:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_7899
  • IMG_7901