ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽՐՈՆԻԿԱ

Հատվածներ Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Սարգիս Ավթանդիլյանի օրագրից

1994 թ. 25 հունվարի, Դրմբոն

Օմարում ազերիները մեծ քանակությամբ զրահատեխնիկա և կենդանի ուժ են կուտակել: Այս մասին պատմում են մեզ մոտ բերված վիրավորները: Մարտի ժամանակ մերոնք ոչնչացրել են բազմաթիվ հակառակորդների: 25 վիրավոր բերեցին Դրմբոն: Նրանց մեջ էր իմ որդու մտերիմ ընկերը՝ Երևանի բնակիչ, «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը. ախտորոշումը՝ աջ ազդրի թափանցող գնդակով վիրավորում՝ հյուսվածքների մեծ պատռվածքով: Վիրահատեցինք նրան: Վանուշ Թորոսյանի հետ Դրմբոն էին բերել «Ամարասի» Արթուր Ալեքսանյանին՝ … պաշտպանական շրջանի թիկունքի գծով պետի տեղակալին. փակ բեկորային վիրավորում ուներ թիակի և ազդրի շրջանում: Վիրահատությունից հետո երկուսին էլ ուղարկեցինք Երևան:

26 հունվարի

Վիրավորները լուր են բերում, որ մերոնք 26-ին 5 կարևոր ռազմավարական բարձունքներ են գրավել: Վիրավոր են բերում: Այսօր բերեցին նաև հակառակորդի գերված զինվորներից մեկին՝ Բարդայի բնակիչ Արզուման Ալահվերդիևին (ծնված 1973 թ.): Ախտորոշումը՝ թափանցիկ գնդակային վիրավորում երկու ազդրահոդերից: Բուժօգնություն ենք ցույց տալիս նրան:

29 հունվարի

Օմարի շրջանում մերոնք շրջապատել են հակառակորդին: Թշնամին մեծ քանակությամբ զոհեր է տալիս: Այդ օրը Վաղիուհասի բնակիչ Արեգ Գրիգորյանը գանգի թափանցիկ վիրավորում էր ստացել: Թշնամին այլ վայրերից Օմար է բերում մեծ քանակությամբ զրահատեխնիկա և կենդանի ուժ, որոնց շարքերում վարձու զինվորներ՝ մոջահեդներ, ուկրաինացիներ կային:

Օմարում առատ ձյուն եկավ: Սառնամանիք սկսվեց: Թշնամին խմբերով հանձնվում է. չեն դիմանում սառնամանիքից չընկճվող մեր տղաների հարձակումներին և ցրտին:

18 փետրվարի

Օմարն ամբողջությամբ մաքրված է ազերիներից: Թշնամին թողել է մեծ քանակությամբ զոհեր, գերիներ, ռազմական տեխնիկա, սննդամթերք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մերոնցից զոհեր և վիրավորներ չկային:

19 փետրվարի

Ասում են՝ Օմարում խաղաղություն է: Ոչ մի կրակոց: Թշնամու կողմից զինվորներ են գերի հանձնվում, այլապես կցրտահարվեն:

Անընդհատ ձյուն է գալիս: Մեր չորս կողմը ձյան սառը, հաստ ծածկույթ է: Առավոտյան Մռավի գագաթները փայլում են արևի թույլ ճառագայթներից: Օրը արևոտ է ու մի քիչ տաք: Ձյունը սկսում է հալվել՝ ցեխ առաջացնելով: Ստեփանակերտից եկած բժշկական բրիգադը, որ տեղակայվել էր Դադիվանքում, վերադառնում է Ստեփանակերտ:

Այսօր ես հիշեցի խորհրդային զորքերի հաղթանակը 1943-ին Ստալինգրադի ու Մոսկվայի մատույցներում. այդ հաղթանակները բեկումնային դարձան… Ես այդ ժամանակ Լենինգրադի մոտ էի և նույնպես տեսել եմ մերոնց հաղթական հարձակումները թշնամու վրա:

Օմարի մոտ մեր հաղթանակը նույնքան փառահեղ էր: Մենք ազատագրում էինք մեր հողերը, որոնք զավթված էին թշնամու կողմից:

20 փետրվարի

Օրը պարզկա, արևոտ ու տաք է՝ նախորդ օրվա համեմատ: Դրմբոնի շրջակա բարձունքներից ձյունը հալվում է: Մեզ մոտ է եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա գրկեց ինձ, Ավետարանը ձեռքս դրեց ու լուսանկարեց. խոստացավ լուսանկարը ուղարկել ինձ: Նրա հետ էին Զորի Բալայանը, Վյաչեսլավ Աղաբաբյանը, Վալերի Մարությանը, Էդուարդ Ղուկասյանը:

Առավոտյան Զագլիկ գյուղի մոտ մի արկ պայթեց:

21 փետրվարի

Գարնան շունչն արդեն զգացվում է: Երեկոյան Քերոլայն Քոքսը Դրմբոնից գնաց Չլդրան, այնտեղից՝ Ստեփանակերտ: Մեզ մոտ եկան բարեգործական ընկերության նախաագահ Խաչիկ Ստամբոլցյանը և Սուրեն Ապրեսյանը: Մեզ համար ախտահանող սարքավորում են բերել, այն արտադրվում է Երևանում: Սարքը արտադրում է թթվածին և չոր եղանակով ախտահանում է նյութը:

22-23 փետրվարի

Օրը սառնությամբ բացվեց: Երկինքը թխպոտ է: Եղանակը հանկարծակի ցրտեց: Կեսօրից հետո սկսեց առատ ձյուն տեղալ, որը դադարեց 23-ի երեկոյան միայն:

22-ին Օմարի կողմից պայթյուններ լսվեցին: Մերոնք փակել էին լեռնանցքի ճանապարհը, որը տանում էր դեպի Գանձակ: Երկու օր ոչ մի կրակոց չլսվեց…

16 մարտի

Առատ ձյուն եկավ: Մռավն ու շրջակայքը ձյան շերտով ծածկվեցին: Քոլատակի բնակիչ Հրանտ Հարությունյանը (ծնված 1954 թ.) Մարտակերտի մոտ ականի վրա պայթել էր, նրան մեզ մոտ բերեցին: Ոտքը սրունքից անդամահատեցին:

Մաղավուզի կողմից անընդհատ արկի պայթյուններ են լսվում: Տեղեկություն եկավ, որ մերոնք նահանջել են և բարձունքներ են հանձնել: Մարտերը շարունակվում են: Մերոնք նորից կգրավեն բարձունքները:

Երեկոյան տրակտորով հոսպիտալ բերեցին Կոճողոտի բնակիչ Նինա Շամիրյանին (ծնված 1965 թ.)՝ հղի էր: Ծնունդը ես ընդունեցի: Տղա ծնվեց՝ պորտալարը փաթաթված վզին: Արհեստական շնչառություն տվեցի: Երեխան բարձր ճչաց: Ծննդկանը և երեխան նորմալ վիճակում են:

20 մարտի

Ուրախալի լուր լսեցինք. Օմարի լեռնանցքում վերինհոռաթաղցի Ագո Շիրինյանի տղաները մի բարձունք են գրավել, իսկ թուրքերը փախել են՝ թողնելով զինամթերքը: Այս մասին պատմեց Ագոն, որը եկել էր ձեռքը վիրակապելու:

9 ապրիլի

Հրամանատարության կարգադրությամբ Դրմբոնից ամբողջ անձնակազմով տեղափոխվում ենք Մաղավուզ գյուղ: Սամսոն Սարգսյանին հոսպիտալում ենք թողնում, որ հսկի:Մեր տղաները ուրախությունից օդում կրակոցներ տվեցին. մենք մոտենում էինք Մարտակերտին: Օհանյանը, ես, Ռադիկը մեքենայի մեջ էինք:

Մաղավուզում ենք: Սերգեյ Օհանյանը պաշտպանական շրջանի բժշկական ծառայության պետն է: Գիշերը տեղավորվեցինք ու առանձնացրինք բաժանմունքները: Օհանյանը վրանի տակ էր ապրում:

Առավոտյան արկեր են թռչում մեր գլխի վրայով: Մանվել Գրիգորյանի տղաները բարձունքներ են գրավում: Հակառակորդի ինքնաթիռները գնդիկավոր ռումբեր են թափում Մաղավուզի և Հաթերքի շրջակայքում: Թեթև վիրավորներ կան: Վիրավորները պատմում են, որ Մատաղիսը ազատագրված է ազերիներից, և որ նրանք նահանջում են դեպի Չայլու:

12 ապրիլի

Հակառակորդի ինքնաթիռները մի քանի թռիչք կատարեցին մեր գլխավերևում: Ռմբակոծեցին գնդիկավոր ռումբերով: Ռազմաճակատից վիրավորներ են բերում, մեկ օրում՝ 18վիրավոր: Թուրքերը դիմադրում են, բայց հիմանականում խուճապահար են: Մեր մարտիկները հասել են Մատաղիսից ներքև՝ մինչև Չայլուի գինեգործարան: Մերոնք մտել են Լևոնարխ, գնացել մինչև ջրանցք: Մեր զորամիավորումները առաջանում են Մարտակերտի շրջանի բոլոր ուղղություններով՝ Փափրավենդից Շահումյան:

Սերգեյ Օհանյանի որդին՝ Գագիկը, մեզ հետ է: Բժշկական ինստիտուտի ուսանող է, բայց արդեն վիրահատություններ է կատարում, վերքեր մշակում:

13 ապրիլի

Մեր գլխավերևում՝ Մաղավուզի օդային սահմաններում, երևաց հակառակորդի ինքնաթիռը. մեր զենիթայինները խփեցին այն: Երևանից եկած ուղղաթիռը տեղափոխում է ծանր հիվանդներին, վիրավորներին:

Մանվել Գրիգորյանը, «Եղնիկները», Սամվել Կարապետյանը իրենց տղաների հետ պատրաստվում են ազատագրելու զավթված նոր բնակավայրեր:

Մատաղիսը ազատագրված է, Լևոնարխը՝ նույնպես:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)