Բենիկ Օհանջանյան. Ժպտացող աչքերով զինվորը

Բենիկ Օհանջանյան. Ժպտացող աչքերով զինվորը

Սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածը, հիրավի, լարվածությամբ ու գործողությունների բնույթով աննախադեպ էր: Այդ ընթացքում թշնամին տարբեր ուղղություններով դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր ձեռնարկեց և բազմաթիվ կորուստներ տալով` ետ շպրտվեց:
Հայոց բանակի հրամանատարական կազմն ու շարքային զինվորը հերոսության բազմաթիվ օրինակներ ցույց տվեցին:
Օրեր առաջ այցելեցինք թշնամու դիվերսիան հետ մղելու ժամանակ իրենց խիզախությամբ աչքի ընկած մեր վիրավոր զինվորներին: Տղաների վիճակը լավ է: Ինչպես իրենք են հավաստում, վիրահատությունից հետո օր օրի բարելավումը նկատելի է:
Տղաները հոգեպես պատրաստ են վերադառնալ շարք, միայն թե լիովին կազդուրվելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ:
***
ժպտացող աչքերով զինվորը` ՊԲ շարքային Բենիկ Օհանջանյանը, ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղից է: Ավագ եղբայրն արդեն ավարտել է ծառայությունը: Ինքը դեռ մեկ տարի ունի մինչև ծառայության ավարտը: Հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, և պատերազմի մասին հաղթական պատմությունները մանկությունից ուղեկցել են նրան: Հավանաբար, նաև դա էր պատճառը, որ միշտ յուրահատուկ սեր ու հետաքրքություն է ունեցել զինվորականի մասնագիտության նկատմամբ. նախքան ծառայությունը սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Հուլիսի 26-ին թշնամին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հետախուզադիվերսիոն հարձակման փորձ էր արել ու կրկին ձախողվել:
«Ժամը 00:00-ից մինչև 02:00-ը ես դիտորդ էի: Հերթափոխս հանձնեցի և անցա առույգ հերթափոխի` կացարանի մոտ հերթապահելով և ապահովելով ընկերներիս հանգիստը: 02: 20 րոպեին կրտսեր ընկերս գնաց դեպի զուգարան: Ճանապարհի կեսից վերադարձավ, լապտերը վերցրեց և կրկին շարժվեց նույն ուղղությամբ: Այդ պահին նռնակ նետեցին ընկերոջս ուղղությամբ»,-պատմում է զինվորը:
Բենիկը զարմանալի արագությամբ՝ առանց խուճապի մատնվելու անմիջապես կողմնորոշվել է և սկսել կրակել թշնամու ուղղությամբ: Այդ պահից թշնամին, բնականաբար, փոխել է կրակի ուղղությունը` այս անգամ կրակը ուղղելով դեպի Բենիկի կանգնած վայրը:
«Որոշ ժամանակ հետո փորձեցի տեղս փոխել, սակայն ոտքս չէի զգում, մնացի նույն տեղում և հետ ընկած շարունակեցի կրակել, մինչև պահեստատուփը դատարկվեց: Ապա զենքը նետեցի կացարան, ես էլ մի կերպ փորձեցի հասնել կացարան: Քիչ անց եկավ նաև արթուն հերթափոխ կրտսեր ընկերը»,-շարունակում է Բենիկը:
Դիքրի անձնակազմն անմիջապես անցել է գործողությունների, ինչի արդյունքում դիվերսանտները, խուճապի մատնվելով, փախուստի են դիմել:
Բուժօգնությունը կազմակերպվել է ճիշտ ժամանակին: Ինչպես Բենիկն է պատմում, դիրքի ավագը լարան է դրել ոտքին, ապա գումարտակի շտաբի պետը տեղափոխել է Մարտակերտի հոսպիտալ:
Թշնամուն հետ մղած զինվորը կարճ ժամանակում կարողացել է հաղթահարել բոլոր վախերը: Այժմ անգամ առաջին մի քանի օրվա տագնապն ու մտահոգությունն է նահանջել: Պատրաստ է ապաքինվելուն պես շարունակել ծառայությունը:
«Ընդհանուր ծառայությունը դժվարություններով լի է: Ամենահասարակ օրինակը` դիրքեր հասնելու համար լեռնային դժվարամատչելի ճանապարհ ենք անցնում: Սակայն երբեք դժվարություններից չեմ վախեցել, չեմ ընկճվել: Ես իմ մեկ տարվա ծառայության փորձից կարող եմ ասել, որ ծառայությունն իսկապես անհրաժեշտ է յուրաքանչյուրիս: Ի վերջո` հենց ծառայությունն է մեզ տղամարդ դարձնում»:
Հայրը` Գառնիկ Օհանջանյանը, դժվարությամբ է պատմում իր ապրումների մասին:
«Երբ զանգահարեցին, ասացին, որ տղաս վիրավոր է, խնդրեցի, որ հեռախոսը մոտեցնեն ձայնը լսեմ: Եվ միայն ձայնը լսելուց հետո փոքր-ինչ հանգստացա: Անմիջապես ուղևորվեցի Ստեփանակերտ` տղայիս մոտ, իսկ հիմա այստեղ եմ: Բժիշկներից, բուժքույրերից անչափ շնորհակալ եմ, շնորհակալ եմ հոգատար վերաբերմունքի համար: Փառք Աստծո, մեր տղան այսօր մեզ հետ է ու արագ ապաքինվում է»:
Գառնիկ Օհանջանյանը մասնացկել է Արցախյան ազատամարտին: Կռվել է Մոնթեի ջոկատում: Մի շարք տարաքծների ինքնապաշտպանական մարտերի է մասնակցել: Այսօրվա երիտասարդների մասին գոհունակությամբ ու ջերմությամբ է խոսում` նշելով, որ հաղթողի հոգեբանությամբ սերունդ է մեծանում:
Ռազմի դաշտից հիշողությունները շատ են ու բոլորն էլ թանկ: Հիշում է, թե քանի անգամ են մինչև ատամները զինված ադրբեջանական հրոսակախմբերին հետ մղել, խայտառակ փախուստի մատնել, քանի անգամ են զենքերն առգրավել:
«Ամեն ինչ տեսել ենք»,-հոգոց է հանում ու հետո ժպիտով շարունակում.
«Մեր զենքը քիչ էր…իրենց զենքը վերցնում էինք, իրենց դեմ կռվում…»
Հուշերի առանցքում Ավոն է.
«Հասարակ մարդ էր… ազնիվ, պարզ, շիտակ: Հին, մաշված, կարկատաններով համազգեստ էր կրում: Աշխատավարձը ստանում էր, ստորագրում և ուղարկում մանկապարտեզին: Ասում էր` ինձ գումար հարկավոր չի, ես եկել եմ ձեզ օգնելու»:

Հասմիկ Գյոզալյան