Բարեփոխումներ ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը, ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ Մհեր Խալաթյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ այցելեցին ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան՝ առողջարանի շենքային պայմաններին, բուժական հնարավորություններին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու նպատակով: «Լեռնային Հայաստան»-ը ՀՀ ԶՈՒ գործող միակ հանգստյան տուն-առողջարանն է, որտեղ իրականացվում է վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ և բնակլիմայական բուժում, հանգստի կազմակերպում: Ներկաները շրջայց կատարեցին առողջարանի բաժանմունքներում, 2014 թ. շահագործման հանձնված նորակառույց ցեխաբուժարանում, ճաշարանում, զրուցեցին հանգստացողների հետ:

Ծանոթանալով հանգստի, բուժման, ժամանցի համար նախատեսված առողջարանային պայմաններին՝ նախարարը խոսեց առկա ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև գնահատեց ծավալուն բարեփոխումներ իրականցնելու հնարավորություններն ու մատնանշեց ամենաարդյունավետ ուղիները:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը առաջարկեց ստեղծել հանձնաժողով՝ առողջարանի վերանորոգման աշխատանքները բոլոր ուղղություններով պլանավորելու, վերահսկելու նպատակով, և ուշադրություն դարձնել ոչ միայն վերանորոգման որակին, այլև ոճին, առաջնորդվել եվրոպական առաջատար երկրներում ընդունված չափորոշիչներով՝մրցունակ լինելու համար: Նա կարևորեց առողջարանում ֆիզիոթերապևտիկ բուժումը բարձր մակարդակով կազմակերպելու, բարձրակարգ մասնագետներ հրավիրելու, բուժական կաբինետները ավելի ժամանակակից միջոցներով համալրելու անհրաժեշտությունը:

ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը շեշտեց առողջարանում հանգստացողների առօրյան առավել բովանդակալից կազմակերպելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զեկույցներով, առաջարկներով հանդես եկան ԶՈՒ հակահամաճարակային անվտանգության ծառայության պետ, փոխգնդապետ Ծատուրյանը, Երևանի կայազորային հոսպիտալաի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի պետի տեղակալ, բուժմասի պետ, բ/ծ մայոր Արթուր Արզումանյանը: Քննարկվեցին նաև ռազմաբժշկական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Իր զեկույցում ԶՈՒ հակահամաճարակային անվտանգության ծառայության պետ, փոխգնդապետ Սատուրյանը նշեց. «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ներկայումս ՀՀ ԶՈՒ խիստ նվազել են վարակիչ հիվանդությունները, որոնք եթե 10 տարի առաջ կազմում էին ընդհանուր հիվանդացության 40%-ը, այժմ այդ ցուցանիշը նվազել է գրեթե կրկնակի անգամ: Եթե աղիքային հիվանդությունները կազմում էին վարակիչ հիվանդությունների 15%-ը, ապա վերջին 5 տարիներին նկատվում է այդ հիվանդությունների մակարդակի կանոնավոր նվազում:

Աղիքային վարակների մակարդակի նվազումը պայմանավորված է զորամասերի ջրամատակարարման, սանկենցաղային, սննդի կազմակերպման բարելավման հետ, այդ ուղղությամբ բանակում հսկայական աշխատանք է կատարվել:

Սննդային գործոնով պայմանավորված թունավորումներ և վարակներ չեն արձանագրվել: Այսօր արդեն ունենք օրգանիզմի կենսաբանական պահանջների համապատասխան սննդի ռացիոն: Ավելացել է զինվորներին տրվող մսի քանակը, տրվում են նաև օշարակներ, մուրաբա, մսային, բուսական պահածոների տարբեր տեսակներ»:

«Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի պետի տեղակալ, բուժմասի պետ, բ/ծ մայոր Արթուր Արզումանյանը փաստեց. «Մեզանում առկա իրողությունները վկայում են, որ ժամկետային պարտադիր զինծառայողները նույնպես կարիք ունեն առողջարանային բուժսպասարկման: Ծառայության ընթացքում ստացած վնասվածքներով, հրազենային վիրավորումներով զինծառայողները իրենց բուժումը ստանում են հոսպիտալներում և քաղաքացիական բուժհիմնարկներում: Առաջարկում ենք մշակել մեխանիզմ, ըստ որի ժամկետային պարտադիր զինծառայողները առողջարանային ծառայություններից կօգտվեն հետվնասվածքային և այլ հիվանդությունների հետբուժական փուլում:

ՀՀ ԶՈՒ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների առողջարանային սպասարկման համակարգը զարգացնելու համար անհրաժեշտ ենք համարում կատարելագործել տվյալ ոլորտում հարաբերությունները կարգավորող նորմատիվ-իրավական բազան և կառավարման մեխանիզմները, մշակել և իրականացնել համագործակցության ծրագրեր արտերկրում գործող առողջարանների հետ, օպտիմալացնել առողջարանային բուժման (միայն բժշկական ցուցումներով) և կազմակերպված հանգստի ժամկետներն ու թվակազմը, բարելավել գիտական-մեթոդական, տեղեկութային ապահովումը, ներդնել նորամուծական բժշկական և առողջարանային սպասարկման համակարգի կառավարման առաջավոր տեղեկատվական տեխնոլոգիաներ»:

Առողջարանի կահավորման, բուժական խնդիրների, ինչպես նաև հանգստի կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով հանդես եկավ նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանի զեկույցը վերաբերում էր ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների պարենային ապահովման սկզբունքներին, առանձնահատկութուններին և իրականացման կարգին: Նա առաջարկեց վերանայել ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողների և դուրս գրված, սակայն դեռևս զորամաս չտեղափոխված զինծառաողների կերակրման տարբերությունը սահմանող կարգը, ռազմաբժշկական հաստատություններում բուժման մեջ գտնվող ծանր վիրավորներին, վնասվածքներ ունեցողներին և սոմատիկ այլ ծանր հիվանդներին լրացուցիչ տրամադրել 25 %-ի չափով ավելի չափաբաժին, զորամասային բուժկետերում բուժվող հիվանդներին կերակրել հոսպիտալային նորմայով, ինչպես նաև տալ դիետիկ սնունդ:

Նախարար Սեյրան Օհանյանը, լսելով զեկույցները, հանձնարարեց ներկայացնել առաջարկությունների ամբողջական փաթեթ բարեփոխումների ծրագրում ընդգրկելու համար: