Մեծ արկած՝ պատերազմ անունով

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից՝ Ասկերանի (1992 թ.), Շուշիի (1993թ.), Մատաղիսի (1994 թ.) գնդերի բուժծառայության պետ, բժիշկ-ազատամարտիկ Արմեն Հարությունյանը:

1992 թվականն էր: Մեր զորքերը պատրաստվում էին հետ վերցնել Մեծ շենը, որտեղ թուրքերը բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, կենդանի ուժ էին կուտակել: Մերոնք մի գիշերվա մեջ անտառի միջով ճանապարհ էին բացել ու բազավորվել հենց գյուղի թիկունքում:

Երեկոյան մեզ մոտ բերեցին անգլիացի երկու թղթակիցների, որոնք պետք է նկարահանեին մարտը: Ցուրտ էր, մտանք կապի ավտոմեքենայի մեջ՝ մի-մի բաժակ օղի խմելու, տաքանալու, քանի որ դրսում խարույկ վառելը արգելված էր: Հակառակորդը կնկատեր ու կձախողեր մեր գրոհը: Գրոհը նախատեսված էր լուսաբացին: Պառկեցինք քնելու: Միայն ես ունեի քնապարկ, ուստի այն առաջարկեցի մեր հյուրերից մեկին՝ կին լրագրողուհուն: Բայց նա հասկացրեց, որ մենք երկուսս էլ կտեղավորվենք: Եվ մեջք մեջքի տված քնեցինք երկուսով: Երբ արթնացա, նա կողքիս չէր:

-Տղերք,- հարցրի,- էս ո՞ւր գնաց իմ գիշերային հյուրը:

-Գետում լվացվելու,- պատասխանեցին:

Այդ պահին գետի կողմից մի տարեց կին էր գալիս դեպի մեզ:

-Ահա և քո գիշերային հյուրը,-ասացին նրանք ՝ գլխով ցույց տալով կնոջը:

-Ոնց թե… Նա ջահել աղջիկ չէ՞ր,- զարմացա ես:

Հետո իմ կիսատ-պռատ անգլերենով դիմեցի լրագրողուհուն.

-Քանի՞ տարեկան եք:

-75…

Մեր շուրջը հավաքվածները ուրախ ծիծաղեցին… Իսկ ինչպես էր վազում:

Այդ օրը մեր գրոհը, ինչպես պլանավորել էինք՝ հարձակվել ու թուրքերին հանկարծակիի բերել, ձախողվեց: Նրանք հարձակվեցին մեզ վրա, բավականին զոհեր, վիրավորներ ունեինք… Նահանջելով խորացանք անտառի մեջ: Բոլորիս առջևից վազում էր անգլիացի լրագրողուհին: Հետո մեզ մոտ եկավ Սեյրան Օհանյանը և ողջ մնացածներիս հավաքելով՝ ասաց.

-Ինչ էլ որ պատահի, պետք է առաջ գնանք ու ականապատենք տարածքը: Մենք այլընտրանք չունենք: Մեծ շենը պետք է ազատագրվի:

Մենք զգուշությամբ սկսեցինք առաջ գնալ: Հասնելով առաջին գծին՝ նկատեցինք թուրքերին: Նրանք զրահամեքենաների թրթուրներով ճզմում էին մեր տղաների դիակները, որոնց չէր հաջողվել դուրս բերել մարտադաշտից: Անպատմելի կսկիծով նայում էինք այդ տեսարանին ու ոչինչ չէինք կարողանում անել: Մենք շատ քիչ էինք և ականներից ու ավտոմատից բացի ուրիշ ոչինչ չունեինք՝ ոչ զրահատեխնիկա, ոչ ժամանակակից հզոր զենքեր: Մինչ մենք ականապատում էինք նշված տարածքները, Սեյրան Օհանյանը իր ջոկատի տղաների հետ մարտի էր բռնվել առաջին գծում կանգնած թուրքերի հետ, որոնք քիչ առաջ մեր տղաների մարմիններն էին ճզմում: Երբ նրանք իրենց սև գործն ավարտելուց հետո դուրս էին եկել զրահամեքենաներից, պահը որսալով՝ մերոնք աննկատ մտել էին զրահամեքենայի մեջ և հարձակվել նրանց վրա: Հիշում եմ՝ նկատելով դեպի մեզ եկող զրահամեքենան՝ մեզ թվաց՝ թուրքերը հայտնաբերել են մեր տեղը և հարձակվում են: Ու հենց սկսեցինք փախչել, Սեյրան Օհանյանը, դուրս գալով զրահամեքենայից, գոռաց՝ եկեք, նստեք, հեռանում ենք:

Մեր ականապատված տարածքից ներքև ջրամբարը հսկող տղաները որոշել էին պայթեցնել ջրամբարը ու թուրքերին թողնել ջրի տակ, բայց երբ հասկացել էին, որ դա կարող է աղետ դառնալ շրջակա բնակավայրերի համար, փոխել էին իրենց որոշումը: Այդ ընթացքում էլ թուրքերը ռուսական հատուկ ջոկատի հետ հարձակվել էին և գրավել նրանց դիրքերը ու հսկողությունը ռուսներին հանձնելով՝ հեռացել: Մերոնք, կրկին հարձակվելով, տարածքի հսկողությունը իրենց ձեռքն էին վերցրել:

Վիրավորները շատ էին, մեր տանկն էլ, գլորվելով ձորը, վիրավորների թիվը ավելի շատացրեց: Որքան հնարավոր էր, վիրավորներին տեղավորեցինք ավտոմեքենայի մեջ և տարանք Դրմբոնի հոսպիտալ: Վալերի Մարությանն էլ այնտեղ էր: Նրանց բացատրեցինք իրավիճակը, խնդրեցինք շտապօգնության մեքենաներ տրամադրել, որպեսզի մնացած վիրավորներին էլ հոսպիտալ տեղափոխեինք… Զոհեր ունեինք, նրանց էլ բոլորին պետք է դուրս բերեինք այնտեղից:

-Բայց այս պահին մեքենա չունենք,- ասաց Մարությանը:

-Ես հերթապահ ավտոմեքենայով քեզ հետ կգամ, Արմեն,- մեր խոսակցությանը խառնվեց Աշոտ Ադամյանը:

-Ոչ մի դեպքում,- գոռաց Մարությանը,- Աշոտ, ոչ մի տեղ էլ չես գնա: Հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում: Որ գնաս, ու հանկարծ քեզ ինչ-որ բան պատահի, ես ինչ կանեմ, քո նման բժիշկ որտեղից գտնեմ:

Բայց Աշոտը վճռական էր տրամադրված: Նա խնդրեց Արմեն Պատաշյանին նստել ղեկին, ինքն էլ տեղավորվելով ավտոմեքենայի մեջ, շարժվեցին մեր ավտոմեքենայի հետևից: Երբ տեղ հասանք, այնտեղ արդեն երկու շտապօգնության մեքենա էր կանգնած, և հասցրել էին ձորից հանել մյուս վիրավորներին: Նրանք, վիրավորներին տեղավորելով ավտոմեքենաների մեջ, վերադարձան հոսպիատլ: Աշոտին ասացի, որ ինքն էլ նրանց հետ գնա, բայց չհամաձայնեց: Երբ տեղ հասանք, Աշոտը որոշեց ուսումնասիրել տարածքը… Մեր կանգնած տեղից մոտավորապես 60 մետր հեռավորության վրա ՝ անտառամեջի ճանապարհի վերևում, արկի պայթյունից մի մեծ փոս էր գոյացել: Աշոտը գնաց դեպի փոսը: Երբ նա փոսը մտավ, մեկ-երկու րոպե անց երևացին հակառակորդի զրահամեքենաները: Անելանելի պահ էր: Աշոտին չէինք կարող զգուշացնել: Եթե մեզանից որևէ մեկը դուրս գար թաքստոցից, անմիջապես կնկատեին ու բոլորիս կոչնչացնեին: Մեզ մի ելք էր մնում՝ արագ նստել մեքենաներն ու փախչել ներքևի ճանապարհով, վերևի ճանապարհը նույն փոսի տակով էր անցնում, ուր մի քանի րոպե առաջ Աշոտը մտավ: Փախչում էինք, բայց բոլորիս միտքը Աշոտի կողմն էր:

Երկու կիլոմետր էլ չէինք անցել, մերոնց հանդիպեցինք: Նրանք սրարշավ դեպի թուրքերն էին գնում. Հայաստանից եկած հավաքական ջոկատներն էին: Թուրքերը, որ չէին սպասում հարձակման, խուճապի մատնվեցին և նահանջեցին իրենց եկած ճանապարհով: Մենք նույնպես հետ դարձանք և ջոկատների հետևից գնալով՝ հասանք փոսին: Տեսա Աշոտին… նա դուրս էր եկել ու զարմացած շուրջն էր նայում:

-Ի՞նչ ձայներ էին, ի՞նչ խառնաշփոթ էր,- հարցրեց Աշոտը:

-Հեչ, Աշոտ ջան,-կատակեցի ես,- թուրքերն ուզում էին էդ փոսը գրավել, 15-20 րոպե շուրջկալ արեցին, տեսան, որ իրենց խելքի բանը չի, թողեցին-գնացին…

Աշոտի բախտը իսկապես բերել էր, որ մի քանի րոպե ուշ էր դուրս եկել, հակառակ դեպքում չեմ էլ ուզում մտածել, թե նրա հետ ինչ կպատահեր: Այո, պատերազմի ժամանակ վայրկյաններն էլ ճակատագրական էին: Երբ Մարությանը լսեց այդ մասին, բարկացավ, գոռաց ինձ վրա՝ եթե Աշոտի մազը ծռվեր, կսպանեի քեզ…

Սակայն այդ օրը «արկածները» դրանով չավարտվեցին: Դեռ չէի հեռացել հոսպիտալից, երբ ինձ մոտեցավ ստեփանակերտցի ազատամարտիկներից մեկը՝ Արոն, իր երկու մարտական ընկերների հետ:

-Ընկերոջս չե՞ք տեսել,- հարցնում էր նա,- նա վիրավորվել էր, նրան թողել-եկե՞լ եք… Դե հիմա առաջ ընկիր, գնում ենք գտնենք նրան:

Այդ երկու տղաներին էլ մեզ հետ վերցնելով ՝ նստեցինք մեր ավտոմեքենան ու նախկին ճանապարհով գնացինք դեպի Մեծ շեն: Դեռ գյուղ չհասած՝ ճամփեզրին ինչ-որ մարդիկ ու մի պատգարակ նկատեցինք: Նրանցից երկուսը կռացել էին պատգարակի վրա, իսկ երրորդը չորս կողմն էր նայում:

Քանի որ ճանապարհի այդ հատվածը քանդված էր և ավտոմեքենայի համար անանցանելի, մեր ավտոմեքենան կանգնեցրինք և մնացած ճանապարհը ոտքով անցանք: Առաջինը ավտոմեքենայից Արոն դուրս եկավ և սկսեց վազել, նրա հետևից՝ ընկերները, հետո՝ ես: Մեզ համար անսպասելի՝ երրորդ անձնավորությունը, որ կանգնած հսկում էր, սկսեց Արոյի վրա կրակել: Արոն ավտոմատով պատասխան կրակ բացեց ու երեքին գետնին տապալեց: Մենք դեռ մտածում էինք, որ վիրավորը Արոյի ընկերն է: Բայց մեծ հիասթափություն ապրեցինք, երբ նրան մոտենալուն պես հասկացանք, որ թուրք է… իրենց լեզվով ջուր խնդրեց… Մենք նրան ջուր տվեցինք: Սկզբում մտածում էինք նրան մեզ հետ տանել՝ հետագայում մերոնցից մեկնումեկի հետ փոխանակելու համար, բայց վիճակը շատ ծանր էր, ճանապարհին կմահանար:

Թուրքերի ավտոմատները վերցնելով՝ գնացինք դեպի մեր մեքենան: Երբ արդեն տեղավորվել էինք մեքենայի մեջ, նկատեցի, որ մեր տղաներից մեկի պարանոցից արյուն է հոսում, ինքն էլ թաշկինակով սրբում էր: Երբ թուրքը կրակել էր, ու Արայիկը խույս էր տվել, գնդակը, այդ տղայի պարանոցը ծակելով, դուրս էր եկել հակառակ կողմից: Վիրակապելուց հետո հարցրի նրան՝ ոնց ես: Ասաց՝ լավ եմ, ինչ ա եղել… Գնդակը մի կողմից մտել էր, մյուս կողմից դուրս եկել՝ առանց վնասելու կոկորդը:

Նոր էինք դուրս եկել ճանապարհից, երբ թուրքերը կրկին հարձակման անցան…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)