Ես մի բանակ որդիներ ունեմ

Երևանի կայազորային հոսպիտալի բուժվիճակագիր Անահիտ Մկրտչյանը զինվորական բժիշկների կողքին է եղել Արցախյան պատերազմի և հետագա տարիների ընթացքում, գրել է, հավաքել, ամբողջացրել ու պահպանել է մեր բանակի ռազմաբժշկական ծառայության վիճակագրությունը: Կարծում էի` մեզ կպատմի իր կատարած աշխատանքի, հուսադրող իրողությունների և մտահոգիչ խնդիրների մասին, սակայն երբ հանդիպեցինք, և նա իմացավ՝ ով եմ ես, անմիջապես ասաց.

-Նստեք, ուրախ եմ, բայց նախապես ասեմ՝ գործի մասին ոչ մի հարց:

– Կխոսենք Ձեր մասին… Ե՞րբ եք եկել Երևանի կայազորային հոսպիտալ:

-1987 թվականի մարտի 27-ին որպես ընդունարանի գործավար աշխատանքի ընդունվեցի 2-րդ բուժսանմասում, իսկ մինչ այդ մեզ ուղարկել էին այստեղ պրակտիկայի (պոլիտեխնիկական տեխնիկումը ավարտելուց հետո նաև բուժքույրական գործ եմ սովորել), և 38 ուսանողներից միայն ինձ ընտրեցին հիվանդանոցում աշխատելու համար: 1993 թվականի հունիսի 1-ին 2-րդ բուժսանմասը վերանվանվեց և պաշտոնապես ճանաչվեց որպես Երևանի կայազորային հոսպիտալ:

… Հիշում եմ ամեն ինչ: Հիշում եմ նույնիսկ առաջին վիրավորներին, որոնց Զանգելանից բերեցին մեզ մոտ. տղաները Գորիսի բրիգադից էին՝ Արսենյան Թաթուլ, Գինովյան Արթուր (վիրավորվել էին ականի պայթյունից, երկուսի ոտքն էլ կտրվել էր)…

Երբ պատերազմը սկսվեց, մեր հիվանդանոցում դեռևս ավերիչ երկրաշարժից տուժածներ՝ ծանր վնասվածքներ ունեցող հիվանդներ կային: Փոքր-ինչ ապաքինված հիվանդներին դուրս գրեցինք, որպեսզի կարողանանք ընդունել վիրավորներին: Ամեն օր վիրավորներ էին բերում… Ամիսներ շարունակ մնացել եմ այստեղ, չեմ հանել շորերս, չեմ քնել: Երբ լսում էի, որ դարձյալ վիրավոր են բերել, վազում էի դեպի մեքենան, աղոթում էի՝ միայն թե շնչի, հասնում էի վիրավորին ու անմիջապես ձեռքս զարկերակին դնելում… Հպարտությամբ պիտի ասեմ, որ մեզ մոտ վիրավորների սխալ տեսակավորման կամ բուժօգնության ուշացման հետևանքով երբեք ոչ մի զոհ չի եղել, որովհետև բոլոր բժիշկները փորձառու էին, մի քանի վիրահատական սրահներում միաժամանակ վիրահատություններ էին կատարվում: Փրկում էին ոչ միայն հայերին, այլև վիրավոր ռազմագերիներին: Հիշում եմ՝ մի կապուտաչյա երիտասարդ էին բերել մեզ մոտ. մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի, ռուսերեն էր խոսում: Սկզբում վախենում էր մեզնից, բայց երբ տեսավ, որ մենք իրենց նման չենք, փաթաթվեց ինձ ու խնդրեց, որ զանգեմ իր մորը, ասեմ, որ որդին ողջ է, և ամեն ինչ լավ կլինի: Նա ընկերացավ ինձ հետ, նրա համար տանից ափսե, բաժակ, գդալ էի բերել: Մենք փորձում էինք փրկել, բուժել բոլոր ռազմագերիներին:

Վերհիշելով Արցախյան պատերազմի մասնակիցների, բժիշկ-ազատամարտիկների սոսկալի հուշվերը Կիրովաբադի բանտում գերության, անպատմելի խոշտանգումների մասին՝ հարցրի նրան.

-Ռազմագերիներին փոխանակում էինք մեր գերիների՞ հետ, թե մեր տղաների խոշտանգված դիակների:

Անահիտը ցավով նայեց աչքերիս մեջ.

-Չեմ հիշում թեկուզ մի դեպք, որ նրանք բուժած լինեն հայ գերիներին կամ առողջ վերադարձրած լինեն… Բայց միևնույնն է, մեր բժիշկները ջանք չէին խնայում ռազմագերիներին փրկելու համար:

-Իսկ Դուք որպես բուժքույր օգնե՞լ եք վիրավորներին, թե միայն թղթաբանությամբ եք զբաղվել:

– Իմ գործը շատ էր: Պատկերացնում եք, ինձ արձակուրդ տվեցին մեկ ամսով, իսկ ես, ոչ մեկին նախապես չասելով, կամավոր մեկնեցի Արցախ, որպեսզի այնտեղ էլ օգնեմ հայրենակիցներիս: Բուժկետերում բոլորը զբաղված էին վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելով, սակայն պետք էր մեկը, ով կգրեր, կհավաքեր բոլոր տեղեկությունները վիրավորների, զոհերի մասին. հիվանդության պատմագրեր էի լրացնում, օգնում էի, սովորեցնում՝ ինչպես կանոնավոր վարել գրանցամատյանները: Դրմբոնում մի ղարաբաղցի զինվոր հարցրեց ինձ՝ չե՞ս վախենում, մենք մեր կանանց ուղարկել ենք Երևան, դու Երևանից եկել ես, որ օգնես մեզ: Ես չէի վախենում, ինձ կանչում էր հայրենիքը, ինձ կանչում էր Ղարաբաղը, և ես այնտեղ էի:

Ես տեսել եմ պատերազմը, տեսել եմ՝ ինչպես էին գնդակոծում Մատաղիսը, Թալիշը: Այդ տարիները ցավի, կորստի, հաղթանակի, հպարտության ու ցնծության տարիներ էին, և մեզանից յուրաքանչյուրը իր տեղում իր պարտականությունն էր կատարում:

Ես գիտակցում էի իմ կատարած աշխատանքի կարևորությունը: Երբ կայազորային հոսպիտալը կազմավորվեց, բուժծառայության պետ, գնդապետ Մնացական Աղաբաբյանը սկսեց զտել աշխատակիցներին, նրանց կանչում էր իր մոտ, զրուցում նրանցից յուրաքանչյուրի հետ: 2-րդ բուժսանմասի գլխավոր բժիշկ, մայոր Սարգիս Առաքելյանի հանձնարարականով՝ ես արդեն զբաղվում էի վիրավորներին ցուցակագրելով: Երբ իմ կազմած ցուցակը ներկայացրի գնդապետ Աղաբաբյանին, նա հարցրեց՝ ով է սա գրել, կանչեք նրան ինձ մոտ: Վախվորած պատասխանեցի, որ ես եմ: Նա ինձ ասաց՝ այսօրվանից կնստես իմ կողքին ու կաշխատես, եթե այսքան աշխատանք կատարել ես, համոզված եմ, ավելին կարող ես: Հետագայում, երբ խոսք էր գնում աշխատակազմում կրճատումներ կատարելու մասին, Աղաբաբյանը ասում էր՝ իմ աղջկան ձեռք չտաք, ում ուզում եք տարեք հոսպիտալից:

1998-2012 թթ. որպես բուժքույր աշխատել եմ նաև կազմզորահավաքայինում. առավոտյան գնում էի այնտեղ, երեկոյան գալիս էի հոսպիտալ ու շարունակում լրացնել գրանցամատյանները:

-Իսկ ե՞րբ էիք տանը լինում:

-Տուն կարողանում էի գնալ միայն քնելու համար, երբ աշխատանքս ավարտում էի: Անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկություն գրի առնել, հավաքել, պահել, իսկ դա մեծ և հետևողական աշխատանք էր պահանջում: Ինձ օգնող չկար, պատերազմի տարիներին մենակ վարել եմ ամբողջ թղթաբանությունը: Հիմա իմ աշխատանքը ավելի է շատացել, բայց այնքան եմ հմտացել, որ կարողանում եմ շատ արագ կատարել: Անգիր հիշում եմ ամեն գրառում, որ կատարել եմ,- հպարտ ասում է Անահիտը և ցույց տալով գործընկերոջը, որ նստած էր մեզ հետ նույն սենյակում, ուրախ շարունակում է,- մինչև նրանք միացնում են համակարգիչը, որ գտնեն իրենց փնտրած փաստաթուղթը,ես անգիր պատասխանում եմ բոլոր հարցերին:

Երբ լրանում է եռամսյակը, ես հանում եմ անցյալ, նախանցյալ տարվա նույն ժամանակահատվածի գրառումները, համեմատում եմ… և ուրախանում:

-Ուրախանո՞ւմ…ինչի՞ց…

-Առաջընթացից: Արձանագրված արդյունքներից, որոնց մասին վկայում են փաստաթղթերում արձանագրված տվյալները: Հավատացած եղեք, մեր բանակի բժիշկները հսկայական աշխատանք են կատարել, մեր բանակի բուժծառայությունը իսկապես մեծ հաջողություններ ունեցել է:

-Միայն ուրախացե՞լ եք, մտահոգիչ իրողություններ չե՞ն եղել:

-Եղել են, բայց դրական դինամիկան ոգևորիչ է: Մենք հիմա շատ հզոր ենք: Ես հավատում եմ, որ եթե Աստված մի արասցե, կրկին պատերազմ սկսվի, մենք դարձյալ կհաղթենք. այն ժամանակ, երբ դեռ չունեինք կանոնավոր բանակ, չունեինք կանոնավոր ռազմաբժշկական ծառայություն, մենք պատվով կերտեցինք մեր հաղթանակը, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ այսօ՛ր ինչ «դաս» կտա թշնամուն հայոց բանակը, մեր այն զինվորը, որ դեռ 18-20 տարեկան է, բայց կարողանում է սանձել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայիններին:

Իմ ազատամարտիկ ընկերներից մեկը պատմեց, որ երբ վերջերս դիրքեր է բարձրացել, մի զինվոր դիտողություն է արել իրեն՝ասելով՝ հոպար, հետ կանգնի… Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր մեր 18 տարեկան զինվորը խրատ է տալիս պատերազմով անցած ու հաղթած մարտիկին: Ի՞՛նչ կա ավելի վեհ ու հուսադրող: Թշնամին էլ գիտի, որ մենք զինված ենք, ու մեր զինվորը, ճիշտ է, խաղաղասեր, բայց նունքան անպարտելի ու հզոր ոգի ունի: Հայ տղաները, հայ զինվորները արծիվներ են: Դուք պիտի տեսնեք՝ ինչ արծվեղեն հայացքներ ունեն, երբ մտնում են հավաքակայան, երբ բարձրանում են այն ավտոմեքենան, որը ժամեր անց իրենց տանելու է զորամաս՝ հայրենիքի այն անկյունը, որը օրեր, շաբաթներ անց տան նման հարազատ ու թանկ է դառնալու նրանցից յուրաքանչյուրի համար:

Ես զավակներ չունեմ, բայց նրանցից յուրաքանչյուրը իմն է: Գիշերը պառկում եմ, լույսը բացվում է, իսկ ես դեռ չեմ քնել. մտածում եմ՝ անձրև է գալիս, տեսնես՝ առաջնագծում կանգնած զինվորը չի՞ թրջվել, դրսում ցուրտ է, ձմեռ, մենք տանը մրսում ենք, իսկ դրսում կանգնած զինվորի ոտքերը, ձեռքերը տեսնես չե՞ն սառել… Մեկ-մեկ զարթնում եմ ու ինքս ինձ ասում՝ վերջ, գնում եմ հոսպիտալ ու խնդրեմ, որ ինձ սահմանամերձ գոտի տեղափոխեն: Մտածում եմ, որ գուցե այնտեղ ես պետք եմ զինվորներին…

-Երբ հարկ լինի, մեզանից յուրաքանչյուրը կկանգնի զինվորի կողքին: Դուք էիք ասում՝ մեր զինվորները արծիվներ են, այսօր նրանք կարողանում են պաշտպանել և՛ իրենց, և՛ մեզ, և՛ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները:

-Գիտեմ, բայց ես չեմ կարող չմտածել զինվորի մասին… Տարիներ առաջ, դեռ երիտասարդ էի, կանգառում մի տղամարդ մոտեցավ ինձ ու ժպտալով ողջունեց:

-Բարև Ձեզ,- սառը պատասխանեցի նրան:

-Ամուսնացա՞ծ եք,- հարցրեց անծանոթը:

-Այո:

Նա, մի փոքր շփոթված, շարունակեց.

-Ունե՞ք երեխաներ:

-Այո, ես մի բանակ որդիներ ունեմ:

Էդիտա Մելքոնյան