Վարուժան Մարգարյան. թշնամուն մենք լավ ենք ճանաչում

Հուլիսյան տաք առավոտը մարտական դիրքերում խաղաղ էր բացվել: Կրակոցներ չէին լսվում: Այսպես է հիշում շարքային Վարուժան Մարգարյանը: Խաղաղությունը մարտական դիրքերում, սակայն, հարաբերական է… հերթական կրակոցը՝ «ամենասպասելին»: « Ես առույգ հերթափոխ էի: Մինչ այդ պահը հանգիստ էր, ամեն ինչ հանկարծակի սկսվեց: Դիպուկահարը կրակեց, սակայն մի փոքր շեղվել էր. գնդակը քարին էր դիպել, բեկորներից ուսս վիրավորվեց: Հիմնականում մկաններն են վնասվել, սակայն բժիշկներն ասում են, որ ընդամենը ժամանակի խնդիր է և շուտով կապաքինվեմ»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ի առավոտյան` ժամը 8-ին: Վարուժանը ծնվել է 1995 թվականին` Երևանում: Նախքան ծառայությունն ընդունվել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ: Ապա առաջին կուրսն ավարտեուց հետո զորակոչվել բանակ: Արդեն 7 ամսվա ծառայող է: Մտադիր է ուսումը շարունակել: Ծառայում է Հադրութի զորամասում: Երկրորդ անգամ էր դիրքեր բարձրացել, երբ միջադեպը տեղի ունեցավ: «Չծառայելու մասին երբեք չեմ մտածել, հիմա էլ, երբ վիրավորվել եմ, չեմ մտածում չծառայելու մասին: Կապաքինվեմ ու կշարունակեմ ծառայությունս: Չեմ հիշում, որ այս ընթացքում որևէ լուրջ դժվարության բախված լինեմ: Իհարկե, կան դժվարություններ, բայց այս պահին չեմ կարող հիշել որևէ խնդիր, որ ինձ նեղություն պատճառած լինի: Պարզապես մարտական դիրքերում ծառայությունն ավելի մեծ պատասխանատվություն ու զգաստություն է պահանջում, քանի որ հաջորդ վայրկյանն անկանխատեսելի է: Իսկ թշնամուն մենք լավ ենք ճանաչում: Երկու անգամ եմ եղել մարտական դիրքերում: Իհարկե, մի փոքր լարվում եմ, բայց ավելի շատ ոչ թե նրանից, թե ինչ-որ բան կպատահի, այլ` մտահոգվում եմ՝ կկարողանամ արդյոք ամենայն պատասխանատվությամբ իրականացնել պարտականությունս»: Հասմիկ Գյոզալյան