Ճանապարհ՝ դժոխքի միջով

Աշոտ Ադամյանը մեկն է այն բժիշկներից, որոնց ջանքերով Արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ստեղծվեց զինվորական հոսպիտալը, կազմավորվեց ռազմաբժշկական ծառայությունը: Որպես բժիշկ՝ նա մասնակցել է Խոջալուի ու Սրխավենդի ազատագրման մարտական գործողություններին, մասնակցել է դաշտային հոսպիտալների ստեղծմանը, թեժ մարտերի ժամանակ տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին: Ստեփանակերտի հոսպիտալում ստեղծել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը:

-Երբ հակառակորդը սկսեց հրետակոծել ու ռմբակոծելՍտեփանակերտը, ու սկսվեց առաջին վիրավորների հոսքը, նախկին մարզկոմի շենքի նկուղում հոսպիտալ բացվեց: Բժիշկները, երկու մասի բաժանվելով, սկսեցին բուժօգնություն ցույց տալ և՛ հոսպիտալում, և՛մարզային հիվանդանոցում: Ես իմ մի քանի գործընկերների հետ նախընտրեցի աշխատել նորաստեղծ հոսպիտալում: Այդ ժամանակ երջանկահիշատակ Վալերի Մարությանը իր շուրջը հավաքեց այն բժիշկներին, ովքեր պատրաստ էին իր հետ մինչև վերջ գնալու: Այդպես կազմավորվեց մեր թիմը և մինչև զինադադար անցավ պատերազմի դժոխային ճանապարհով, անցանք՝ ուս-ուսի տված, մեկս մյուսի մասին հոգալով, մեկս մյուսին խնայելով, իրար թիկունք կանգնելով: Մի հարկի տակ ապրեցինք, կիսեցինք վերջին կտոր հացը, ուրախացանք մեր փոքր ու մեծ հաղթանակներով, լաց եղանք կորուստների համար, բայց երբեք չնահանջեցինք այն նպատակից, հանուն որի համախմբվել ու պայքարի մեջ էինք մտել:

-Եթե չեմ սխալվում, Խոջալուի ազատագրման ժամանակ Դուք մի քանի հոգու հետ շրջափակման մեջ եք ընկել:

-Այո, ճիշտ է: Գրոհող ջոկատներից բացի՝ մի վաշտ կար, որը հիմնականում գրոհից հետո պետք է մտներ Խոջալու և ամբողջությամբ մաքրեր այն թուրքերից: Հինգ հոգով՝ ես, փրկարարական ջոկատի հրամանատար Ասլան Գրիգորյանը, վարորդը, Հրայրը և Կամոն, նրանց հետ սպասում էինք լուսաբացին: Դեռ նոր էին ուրվագծվում լեռները, երբ ռացիայով հայտնեցին, որ վիրավորներ կան, որոնց պետք է դուրս բերեինք մարտի դաշտից: Հինգ հոգով դուրս եկանք և գլխավոր ճանապարհի տակով գնացինք վիրավորների հետևից: Վիրավորների վիճակը շատ ծանր էր, ուստի մեզ չէին սպասել, նրանց վերցնելով՝ ընդառաջ էին եկել, բայց քանի որ գլխավոր ճանապարհով էին անցել, իրար չհանդիպեցինք, իսկ մենք, դեռ անտեղյակ, շարունակում էինք իջնել: Գյուղի կեսն արդեն ազատագրվել էր թուրքերից: Ճանապարհին հանդիպեցինք ազատամարտիկներից մեկին, որը իմ հարևանն էր, և նրան էլ մեզ հետ ավտոմեքենայով իջեցրինք: Մեզանից ոչ շատ հեռու մի երկհարկանի տուն կար, որտեղ շարժ էր նկատվում: Մտածելով, որ մերոնք են, որոշեցինք մոտենալ տանը և այնտեղից տեսնել, թե ինչ է կատարվում գյուղի ներքևի մասում: Վարորդին թողնելով ավտոմեքենայի մեջ, հինգով հատելով ճանապարճը՝ քայլեցինք դեպի երկհարկանի տունը: Մինչև տանը մոտենալը մի մեծ փոս կար, որի մեջ փամփուշտակալներ նկատելով՝ որոշեցինք հավաքել, մեկ փամփուշտն էլ մեզ համար արժեք ուներ: Հենց այդ պահին էլ այն նույն տնից նռնականետով մեզ վրա կրակ բացեցին: Հարևանի տղան , որ առջևում էր կանգնած, տեղում զոհվեց, իսկ մենք սողալով դուրս եկանք ու նետվեցինք ճանապարհի հակառակ կողմը: Վարորդն էլ, նկատելով մեզ, գործի գցեց շարժիչը, որ մոտենար, բայց թուրքերը կրակ բացեցին ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի դռները պոկվեցին և մի քանի մետր հեռու ընկան, ու մինչ կպայթեր, վարորդը հասցրեց դուրս թռչել և գլորվելով մեզ մոտ հասավ:

Լույսն արդեն բացվել էր, գյուղում դեռ շարունակվում էին մարտերը, կրակոցները շատ մոտիկից էին լսվում: Պարզ էր՝ մերոնք առաջանում էին, բայց մենք ոչ կարող էինք դուրս գալ մեր թաքստոցից, ոչ էլ օգնություն կանչել: Թուրքերն էլ ոչ մի րոպե չէին դադարում մեր ուղղությամբ կրակելուց:

-Իսկ դուք զինվա՞ծ չէիք:

-Մենք ընդամենը մի ավտոմատ ունեինք և նռնակներ: Իհարկե, դիմադրում էինք, բայց նրանք անհամեմատ շատ ավելի լավ էին զինված, բացի այդ, նրանց և դիրքն էր հարմար, և քանակը՝ յոթ կամ ութ հոգի էին: Երբ նրանցից երկուսը զոհվեցին, գիտեք, թե ինչ արեցին նրանք. իրենց զոհված ընկերների դիակները բոյով մեկ կանգնեցնելով պատուհանի մոտ, նրանց ետևում թաքնվելով՝ կրակում էին: Այդ պահին մեր ազատամարտիկներից երկուսը ճանապարհով ներքև են իջնում: Մինչ մենք կփորձեինք նախազգուշացնել, որ թաքնվեն, թուրքերը արդեն նկատել էին նրանց և կրակ բացել նրանց վրա: Ազատամարտիկներից մեկը տեղում զոհվեց, մյուսը վիրավորվեց: Մեծ դժվարությամբ նրանց դուրս բերեցինք ճանապարհից ու թաքցրինք ծառերի տակ: Վիրավոր ազատամարտիկին առաջին բուժօգնություն ցույց տվեցի, բայց անհրաժեշտ էր նաև մերոնց տեղյակ պահել այդ տանը պատսպարվող թուրքերի մասին, որպեսզի նոր զոհեր չլինեին: Որոշեցինք, ինչ գնով էլ լինի, հեռանալ այդտեղից: Զոհված երիտասարդը կատարյալ հսկա էր, գլուխն ու ոտքերը պատգարակից դուրս էին մնում, 10-15 րոպե տանում էինք, մի քանի րոպե հանգստանում (պատգարակը ցած էինք դնում, մենք էլ կողքին պառկում): Չեմ հիշում՝ որքան էինք քայլել, բայց ուժասպառ էինք եղել: Փառք Աստծո, մերոնք նկատել էին մեզ և ընդառաջ էին եկել: Երկուսը օգնեցին տեղափոխել դիակը, իսկ մյուսները գնացին վերացնելու թուրքերի որջը:

-Ի՞նչ եք հիշում Սրխավենդի դեպքերից:

-Երբ առաջին անգամ գնացի Սրխավենդ, այնտեղ հանդիպեցի մեր լավագույն բժիշկներից մեկին՝ անեսթեզիոլոգ Վալերի Գրիգորյանին: Նրա հայրը Լեռնային Ղարբաղի դատական բժիշկն էր՝ բոլորի կողմից ճանաչված, հարգված անձնավորություն, որին թուրքերը 1990-ին սպանեցին… սպանեցին քարերով, վայրագորեն: Հոր սպանության վրեժը լուծելու համար Վալերին զենքը ձեռքն էր վերցրել և որպես շարքային մարտիկ մասնակցում էր թեժ մարտերին, միևնույն ժամանակ Առաջաձորում լազարեթ էր բացել, որտեղ վիրահատարան էր ստեղծել, վրանների տակ էլ մահճակալներ տեղադրել…

1992-ի ապրիլի 27-ին մեր բժշկական թիմը Վալերի Մարությանի գլխավորությամբ գիշերով սարերով հասավ Սղնախին հարող անտառը: Տեղ հասնելուն պես՝ բոլորս մի մարդու նման սկսեցինք կառուցել մեր հոսպիտալը: Անտառի ներքևի ճանապարհից քիչ հեռու մի անասնագոմ-ֆերմա կար: Չոր խոտի տուկերը քարշ տալով՝ հասցրինք անտառի բացատ, որտեղ պետք է տեղակայվեր հոսպիտալը, և սկսեցինք «շինարարությունը». պատերը տուկերով շարեցինք, բայց դեռ ծածկ չունեինք: Հակառակի պես ցուրտ, անձրևոտ օրեր էին, ձնախառն անձրև, որն առատորեն լցվում էր մեր «ապարանքը»: Ամեն անգամ ստիպված էինք լինում բահերով ու ձեռքերով դուրս հանել գոյացած ցեխը, հատակը չորացնել: Բոլորս էինք աշխատում, առանց բացառության, սկսած Վալերի Մարությանից: Գիշերում էինք վրանների տակ: Մի օր առավոտյան ինչ-որ ծանրություն զգալով վրաս՝ արթնացա: Վրանը նստել էր, մի կերպ դուրս եկա և ինչ տեսնեմ՝ մոտ 20-25 սմ ձյուն էր դրել: Տղաներից մեկի միջոցով լուր ուղարկեցի ընկերոջս ու խնդրեցի, որ ինձ համար զինվորական կիսաճիտք կոշիկներ ուղարկի (ես ինձ հետ տաք հագուստ չէի տարել, թեթև սպորտային հագուստ էի հագել և սպորտային կոշիկներ): Կոշիկները տեղ հասան, բայց չհասցրի հագնել. մայիսի չորսն էր:

Մեր շուրջն արդեն ջոկատներ էին հավաքվել իրենց վրանները դրել: Բացատը նմանվել էր փոքրիկ ավանի: Երեկոները յուրաքանչյուր ջոկատ իր վրանի առջև խարույկ էր վառում, նստում էին, նվագում, երգում, պարում: Դա մի աննկարագրելի տեսարան էր, ափսոս, որ ոչ մեկի մտքով չանցավ նկարահանել, շատ գողտրիկ կադրեր կստացվեին…

Երբ պատրաստվում էի զինվորական նոր կոշիկներս հագնել, ինձ մոտեցավ մեր դրամատիկական թատրոնի դերասանուհի Ժաննա Գալստյանը.

-Աշոտ ջան, քո խելքին էլի մարդիկ կան, նրանք էլ սպորտային կոշիկներով պետք է բարձրանան Քիրս սարը, բեր զինվորական կոշիկներդ նրանցից մեկին տանք:

Սուսուփուս տվեցի…

Վերջապես եկավ Շուշիի ազատագրման բաղձալի օրը… Թե ինչ զգացինք ու ապրեցինք, ուղղակի խոսքերով չես ասի, չես բացատրի: Ազատություն էինք տվել մի զգացմունքի, որը երկար ժամանակ խեղդում էինք մեր մեջ:

Ճիշտ է, Շուշիի գրավման օրը մեր ուղղությամբ, սպասվածից հակառակ, քիչ էր վիրավորների թիվը, բայց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ կային, որոնց վիրահատեցինք հենց դաշտային հոսպիտալում՝ առանց ժամանակ կորցնելու: Այդ փորձը ցույց տվեց, որ որքան մոտիկ են հոպիտալները մարտադաշտին, այնքան ավելի արդյունավետ է. նախ, մենք հնարավորություն էինք ստանում շատ ավելի մարդկային կյանք փրկելու, և երկրորդ, որը պակաս կարևոր չէր, ավելին, ուղղակի անհրաժեշտություն էր, բժիշկների ներկայությունը ոգեշնչում էր մարտիկներին, բարձրացում նրանց մարտունակությունը:

Աշոտ Ադամյանը պարբերաբար մեկնում էր դաշտային հոսպիտալներ, անմնացորդ նվիրումով կատարում իր մասնագիտական ու մարդասիրական պարտքը: 1992 թ. նոյեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհվում է Աշոտ Ադամյանի եղբայրը՝ Արմենը, նա ընդամենը 22 տարեկան էր: Սակայն Աշոտը, ցավը իր մեջ խեղդելով, շարունակում է կատարել իր գործը՝ փրկության օղակ դառնալով հազարավոր վիրավորների համար:

-Վերջին անգամ դաշտային հոսպիտալ եմ գնացել 1994թ. հունվարի 4-ին: Մենք երեք բժիշկներով՝ ես, Կարեն Պողոսովը, Կարեն Բալասանովը, բավականին մեծ խմբի հետ՝ բուժքույրեր, վարորդներ, էլեկտրիկ (դվիժոկով էինք էլեկտրական հոսանք ստանում) և էլի մի քանի տնտեսական աշխատողներ, գնացինք Դրմբոն: Մեզ դիմավորեց Քելբաջար-Օմար տարածաշրջանի հրամանատար Ֆելիքսը:

-Դուք պետք է մեկնեք Դադիվանք և սկսեք հոսպիտալի տեղակայման աշխատանքները,- ասաց նա:

-Ե՞րբ ենք մենկնելու:

-Հենց հիմա:

-Բայց այս գիշերով արժե՞ ճանապարհ ընկնել:

-Եթե ավելի ուշ գնաք, չեք հասցնի: Իսկ մեզ հարկավոր է, որ մինչև ժամը 11-ը հոսպիտալը ամեն ինչով պատրաստ լինի վիրավորներ ընդունելու:

Հաջորդ օրը վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմանում, մենք ճանապարհ ընկանք: Դրմբոնից մինչև Դադիվանք ընկած ճանապարհը ահավոր էր, քարուքանդ փոսերով: Մինչև տեղ հասանք, ժամը ութն անց երեսուն էր: Որպես հոսպիտալ ամենահարմար շինությունը գյուղի դպրոցն էր, որտեղ էլ սկսեցինք աշխատել. վիրասրահ, վիրակապարան, հիվանդասենյակներ առանձնացրինք, կահավորեցինք: Փաստորեն, երկու ժամում հասցրինք բոլոր աշխատանքները կատարել և դեռ ճաշն էլ պատրաստել: Հրամանատարը զարմացել էր… Այդ օրը, մեզանից բացի, ոչ ոք չկար, գիշերը մենք, իրար փոխարինելով, ավտոմատները ձեռքներիս, հերթապահեցինք: Թշնամին մեզանից 6-7 կիլոմետրի վրա էր, ինչ ասես կարող էր պատահել:

-Ի՞նչ դեպքեր եք հիշում Ստեփանակերտի հոսպիտալից:

-Դաշտային հոսպիտալներում, թեև կյանքի համար վտանգավոր էր, բայց աշխատանքի տեսակետից ավելի հեշտ էր, համեմատաբար ավելի քիչ վիրավորներ էին լինում: Գիշեր ու ցերեկ առանց հանգստի աշխատում էինք, պատահում էր՝ միանգամից հարյուր, նույնիսկ ավելի վիրավորներ էին բերում… հատկապես այն ժամանակահատվածում, երբ քաղաքը հրետակոծում ու ռմբահարում էին:

Հիշում եմ՝ ամպամած, անձրևոտ եղանակներ էին, քանի օր էր՝ ուղղաթիռ չկար, վիրավորները կուտակվել էին, ու դեռ իրար հետևից բերում էին: Բոլոր մահճակալները զբաղված էին, ստիպված վիրավորների մի մասին ֆիզիոթերապիայի բաժանմունքում պառկեցրինք, մյուս մասին էլ՝ դահլիճում, որտեղ անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ տեղադրեցինք: Մենք վիրաբույժներով առանց դադարի իրար հետևից վիրահատում էինք, իսկ անձնակազմի մյուս անդամներին՝ բժիշկներին, բուժքույրերին, հանձնարարում էինք ավելի թեթև վիրավորներին վիրակապել, կաթիլային միացնել… Ամեն մահճակալի մոտ երեք-չորս հոգի վիրավորի հարազատներից էին կանգնած, մեկը գոռում էր, լաց ու շիվան անում, մյուսը՝ օգնություն կանչում… դժոխային վիճակ:

Ես պատմում եմ, ու կինոժապավենի նման այդ ամենը աչքերիս առջևով է անցնում: Ոտքից վիրավոր մի տղա կար, Հայաստանի ջոկատներից էր, եթե չեմ սխալվում, անունն էլ՝ Ռուստամ: Մեր ընդունարանի բժշկուհիներից մեկին խնդրեցի նրանով զբաղվել, մինչ կավարտեի վիրահատությունները: Գրեթե ամբողջ գիշեր վիրահատեցինք: Երբ հաջորդ օրը համայց էի կատարում, Ռուստամը, ինձ դիմելով, ասաց.

-Բժիշկ ջան, ինձ ոչ ոք չի մոտեցել, խնդրում եմ՝ վերքս նայես:

Ես մոտեցա, բացեցի վերքը և կարգադրեցի անմիջապես նրան վիրասրահ տանել: Տղայի մոտ գանգրենայի նախանշաններ կային: Մինչև անզգայացնելը տղան սկսեց լաց լինել ու խնդրել, որ ոտքը հանկարծ չկտրեմ: Պատմեց, որ հայր չունի, որ մոր միակ հույսը ինքն է: Դե, ես հո քարից չեմ, մարդ եմ ու շատ լավ էի հասկանում նրան: Ինչ հնարավոր էր, արեցի՝ կտրեցի, մաքրեցի բոլոր փտած հյուսվածքները, բայց համոզված չէի, որ լավ կլինի: Հաջորդ օրը բուժքույրերը զեկուցեցին, որ գիշերը շատ վատ է զգացել, ջերմությունն էլ 40-ից չի իջել: Նորից տարանք վիրահատարան, նորից լաց լինելով աղերսեց, որ ոտքը չկտրեմ, բուժքույրերն էլ իրենց հերթին էին լաց լինելով խնդրում.

-Բժիշկ Ադամյան, չկտրես, մեղք է, մի բան արա:

Ես նորից մաքրեցի, կտրեցի, այդպես՝ մի չորս-հինգ օր: Նա դարձավ իմ հիվանդը, անձամբ էի նրան անզգայացնում ու վիրակապում հենց տեղում, որովհետև մեկ րոպե անգամ վիրասեղանները ազատ չէին լինում: Բնականաբար, ազատ անեսթեզիոլոգ էլ չունեինք: Մոտ 10 օր անց նկատեցի, որ կամաց-կամաց նոր հյուսվածքներ են աճում, բժշկական լեզվով ասած՝ գրանուլյացիաներ են սկսվել: Իհարկե, բոլորից շատ ես ուրախացա՝ մտածելով, որ փտախտի պրոցեսը վերջապես դադարել է: Նրան ուղղաթիռով ուղարկեցի Երևան, հետն էլ՝ Միքայելյանի ինստիտուտի իմ ընկերներին ուղղված մի նամակ, որտեղ մանրամասնորեն գրել էի՝ ինչ է եղել, և ինչ է խնդրել… խնդրեցի, որ աշխատեն պահպանել տղայի ոտքը, որովհետև այն վիճակում էր, որ տեսնելուն պես կարող էին և անդամահատել: Մի երկու օր հետո ծանր վիրավորին ուղեկցելու նպատակով ինքս թռա Երևան: Հիվանդին հասցնելով Միքայելյանի անվան ինստիտուտի ընդունարան՝ շտապեցի հետաքրքրվել Ռուստամով: Իհարկե, գործընկերներս, տեսնելով ինձ, մի լավ «թափ տվեցին».

-Բա դա պահելու ոտք է, որ պահել ես ու մեզ էլ ստիպում ես պահել:

Տղային այնտեղ հինգ-վեց անգամ վիրահատել էին, բայց հիվանդ ոտքը խեղճ տղայի գլխին պատուհաս էր դարձել: Եթե ժամանակին կտրեի, նրա ոտքը կպրոթեզավորվեր և այլ խնդիրներ չէր ունենա: Դրանից հետո ես որոշեցի նույն սխալը չկրկնել, առավել ևս հիմա, երբ ավելի փորձառու եմ:

…Պատերազմը մեզ ստիպեց անցնել իր դժոխային ճանապարհներով, խլելով մեր հարազատներին՝ մեզ ստիպեց տառապել, քանդեց մեր շեներն ու ավանները, բայց և բացահայտեց մեր ընդունակությունները, կարողությունները, փոխեց մեր պատկերացումները կյանքի ու մեր ազգի մասին: Մենք համախմբվեցինք և ապացուցեցինք, որ թեև քիչ ենք, բայց ուժ ենք ու կարող ենք հաղթել թշնամուն:

-Ի՞նչ եք ցանկանում մեր հայրենիքին, ժողովրդին:

-Խաղաղություն, խաղաղություն և էլի խաղաղություն… Մենք էստաֆետը մեր երեխաներին ենք հանձնում, իսկ ես չեմ ցանկանում, որ իմ երեխան անցնի այն ճանապարհով, որ ես եմ անցել, տեսնի այն դժոխքը, որ ես եմ տեսել: Երկրիս զարգացում, բարգավաճում եմ ցանկանում և… Ղարաբաղն ու Հայաստանը միավորվեն:

Անահիտ Չիբուխչյան