Դյուցազնական մայորը

Անուշավան Գալոյանը ծնվել է 1901 թ. Արթիկի շրջանի Փանիկ գյուղում: Մանուկ հասակում զրկվում է ծնողներից և ճաշակում կյանքի ողջ դառնությունը. ծանր աշխատանքով պահում է իր գոյությունը… Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ սովորում է Երևանի պետական բժշկական ինստիտուտում և որպես գլխավոր բժիշկ աշխատանքի անցնում հայրենի գյուղի հիվանդանոցում:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին Անուշավան Գալոյանը մեկնում է ռազմաճակատ. Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերի շարքում, 4-րդ տանկային բանակի 6-րդ կորպուսի 49-րդ մեքենայացված բրիգադի կազմում ծանրագույն, բայց փառավոր ու հերոսական մարտական ուղի է անցնում հայազգի բժիշկը, հասնում է Լեհաստան՝ մինչև Բոբժա գյուղ: Նա տեսնում է խորհրդային զինվորի անօրինակ սխրանքն ու հաղթանակը, հիտլերյան «անհաղթ» բանակի խայտառակ պարտությունն ու կործանումը, կիսում է ֆաշիստական բռնություններից ազատված ժողովրդի ուրախությունը:

1945 թ. հունվարի 15-ին լեհական Կելցե քաղաքի մոտ գերմանական տանկերին հաջողվում է ճեղքել խորհրդային զորքերի պաշտպանական գիծը: Գվարդիայի մայոր Անուշավան Գալոյանը, որ այդ պահին իր «վիրահատարանում»՝ փայտաշեն մի տնակում, հերթական վիրավորի կյանքն էր փրկում, ավարտելով վիրահատությունը՝ անմիջապես դուրս է վազում և սողեսող ընդառաջ գնալով թշնամու մոտեցող տանկային շարասյանը՝ նետում է նռնակը (այն շարքից հանում է առաջին տանկը) և իր ետևից գնացող զինվորների հետ խափանում է տանկային գրոհը:

Բժիշկ Գալոյանը հենց մարտի ընթացքում՝ չդադարող պայթյունների ու կրակոցների որոտի տակ, վիրակապում է թեթև վիրավորներին, իսկ մյուսներին դուրս բերում մարտադաշտից և հասցնելով իր տնակ՝ վիրահատում նրանց: Նա հերթական վիրահատությունն էր կատարում, երբ խրճիթի դուռը բացվում է, և մի խումբ գերմանացիներ ներս խուժելով կրակ են բացում վիրավորների և բժշկի վրա: Գալոյանը իսկույն ցած է դնում վիրահատական դանակը և վերցնելով զենքը՝ նույնպես կրակ բացում և սպանում նրանց, սակայն ինքը նույնպես ծանր վիրավորվում է և զոհվում…

«Դյուցազնական մայոր»՝ այսպես են անվանում նրան վիրավորները, որոնք տեսնում են անձնվեր բժշկի մահը, այդպես են հիշում նրան Բոբժա գյուղի բնակիչները, որոնց հարազատի նման ընդունում, լսում, բուժում էր բժիշկը: Մարտական ընկերները զինվորական պատվով հողին են հանձնում բժշկի աճյունը, իսկ Լեհաստանի Բոբժա գյուղի դպրոցը կոչում են սիրելի հերոսի՝ Անուշավան Գալոյանի անվամբ:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան