Մենք նորից կհաղթենք

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Մհեր Գրիգորյանը ավանդական դարձած «ինչու ընտրեցիք զինվորական բժշկի մասնագիտությունը» հարցին պատասխանեց.

-Հայրս զինվորական է, և դեռ մանկուց ես էլ ուզում էի զինվորական՝ բարձրաստիճան սպա կամ օդաչու դառնալ, բայց տարիներ անց, երբ կարդացի, ուսումնասիրեցի Արցախյան գոյապայքարի հերոսական պատմությունը, իմ ներսում մի ուժ, մի անդրդվելի համոզմունք զգացի, որ պատրաստ եմ ամեն փորձություն, ամեն դժվարություն հաղթահարելու, և ուզում եմ իմ «զենքով»՝ բժշկի մասնագիտական կարողություններով, գիտելիքներով զինվորի կողքին լինել, պաշտպանել նրան ու փրկել, որովհետև նրանից է սկսվում մեր հայրենիքի ազատությունը, անկախությունը և նոր հաղթանակների երազանքը:

Մհեր Գրիգորյանը մեզ ցույց տվեց իր գծանկարները, արտանկարները. երբ ձեռքը վերցրեց Արցախյան պատերազմի հերոս, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի դիմանկարը, հպարտ ասաց.

-Իմ հերոսը նա է: Նա իր ընկերոջ՝ Շահե Աճեմյանի հետ Հայաստան եկավ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, նրանք չվերադարձան ԱՄՆ՝ շարունակելու անխռով վայելել բարեկեցիկ կյանքը, այլ մեկնեցին մարտական գործողությունների գոտի և իրենց ջոկատի հետ անմոռանալի, փառահեղ հաղթանակներ կերտեցին… Կարո Քահքեջյանը զոհվեց հանուն հայրենիքի:

Երբ դու ապրում ես սահմանամերձ բնակավայրում, պայքարել և պաշտպանել ապրելու իրավունքը օրհասական խնդիր է, այլ սխրանք է, երբ թողնում ես քո հեռավոր, ապահով ծննդավայրը ու գալիս՝ այդ վտանգված հողակտորը փրկելու…

Սակայն այդ վտանգված հողակտորը մեր հայրենիքն է… Արաբական հնագույն գրառումներում Հայաստանը անվանում են Աստվածային օրենքների երկիր: Բոլոր ժողովուրդները նախանձել են մեզ, որովհետև լինելով արիական, կրելով հոգևոր, մշակութային դարավոր արժեքներ՝ մենք ոչ թե արհամարհել ենք նրանց ու բռնացել, այլև սովորեցրել ենք, նրանց կյանքը գունավորել ենք ու իմաստավորել՝ դեռևս հնագույն ժամանակներում աստղագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության «այբուբենը» մեկնելով նրանց: Բայց այսօր ցավով տեսնում եմ, որ իմ հայրենակիցները, մոռանալով մերը կամ չկարողանալով ուսումնասիրել, գնահատել սեփական ձեռքբերումները, հաղթանակները, օտարահաճ, օտարամեծար են դարձել… կամ լինելով թերուս՝ մեր ազգային արժեքները չեն նկատել՝ իրենց «ես»-չեն գտել:

-Կարծո՞ւմ ես՝ անհատի «ես»-ը ազգային արժեքների մեջ է:

-Ինչու ոչ, նաև ազգային արժեքների մեջ է: Երբ արտանկարում էի «Մարդկանց երազանքների փակուղին», ես ինքս ինձ համար ևս մեկ անգամ փաստեցի, որ «ես»-ի ազատությունը ամենաթանկ իրողությունն է… Աննկարագրելի երանություն է, երբ մարդ կարողանում է լինել ազատ ոչ միայն ֆիզիկապես, այլև իր «ես»-ը կարողանում է անկաշկանդ դրսևորել, չվախենալով գնահատականներից՝ արտահայտվել, չվախենալով պատնեշներից՝ դեպի նպատակը առաջանալ, չվախենալով կոտրվելուց՝ ճակատամարտ տալ և վերջապես չվախենալով պարտությունից՝ հաղթել, որովհետև հաղթանակն է կենարար:

Համաշխարհային պատմությունը թերթելիս համոզվում ենք, որ այնպիսի մարդիկ, ովքեր և ոչ մի իրավիճակում չեն կորցրել իրենց «ես»-ը, ժամանակի ընթացքում ոչ միայն մեծ հաղթանակներ են ունեցել, այլև նրանց որոշումները, նրանց համարձակությունը բեկումնային են եղել շրջապատի համար: Իսկ որոշ մարդկանց համար հասարակության երկաթե կաղապարները «կործանարար» են եղել. ի՞նչ կա ավելի ցավալի, քան այն գիտակցումը, որ դու կաս, բայց չգիտես, թե ով ես, ապրում ես, բայց չես հասկանում՝ ինչի համար… Նրանք կորցրել են իրենց «ես»-ը, նրանք նման են իմ պատկերած երկաթե խաղալիքին, բայց գիտեք՝ ի՞նչն է հուսադրող,-հարցրեց Մհերը և ցույց տալով երկաթե անդեմ տիկնիկի դատարկ կրծքավանդակում ծվարած թռչնակին՝ ասաց,- նույնիսկ այդպիսի հոգիները, որոնք արդեն ճկվել են, երկաթը սառնությունն ու իր ձևն է պարտադրել նրանց, իրենց հոգու խորքում դեռ փայփայում են՝ ո՞վ եմ… ես-ը՝ այս փոքրիկ թռչնակին, որ գիտի ճախրել և կճախրի, եթե թեկուզ մեկ անգամ զգա, ինչ բերկրանք է լինել ազատ:

-Ես նայում եմ այս արտանկարին, այլ մեկնություններ եմ տեսնում ...

-Ես՝ նույնպես, այս երկաթե տիկնիկի գաղափարը ավելի խորն է: Հանրությունը իր «անտեսանելի թելիկներով» ուղղորդում է մարդուն, այնինչը մարդը՝ որպես բանական էակ, պիտի վեր լինի և վեր լինելով՝ իր գիտակից կամքը թելադրի հանրությանը և չպարտադրի: Թելիկներով կառավարվող այս խաղալիքը դիմազուրկ, կամազուրկ անհատն է, սակայն «ես»-ի կորուստը գիտակցական ընտրություն չէ, այլ կործանարար հետևանք:

Մեր կայքի լուսանկարիչը՝ Համբարձումը նույնպես ուշադիր լսում էր նրան և հանկարծ հարցրեց.

-Բոլոր արտանկարներդ մեկնություննե՞ր ունեն:

-Չէի ասի,-պատասխանեց Մհերը:

-Օրինակ, այս աչքը ինչո՞ւ ես նկարել,- հարցրեց Համբարձումը նրան:

-«Աչքը մարմնի ճրագն է»…,- հիշեցի ես, բայց աշխատանքը մեկնելու իրավունքը երիտասարդ կուրսանտին էր:

-Աչքը մեր դեմքի միակ մասնիկն է, որ կարող է արտահայտել ամեն ինչ՝ զգացմունք, հուզմունք… ջերմություն, անտարբերություն, ցանկություն…

-Ո՞րն է քո ամենամեծ ցանկությունը,- հարցրի Մհեր Գրիգորյանին:

-Մեր սերունդը երազում է խաղաղության մասին,- պատասխանեց նա,- սակայն երկրպագելով խաղաղությանը՝ մենք դարձյալ կպայքարենք ու կհաղթենք մեզ պարտադրված պատերազմում:

…Հիշեցի՝ ինչ էր պատասխանել Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ-ազատամարտիկ Կամո Շաբոյանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ կայքի խմբագիր Գայանե Պողոսյանին, երբ վերջինս, զրույցի ոգեղենությունից արիացած, ասել էր՝ ես չեմ վախենում պատերազմից: «Իսկ ես վախենում եմ պատերազմից։ Ես Արցախյան պատերազմի ժամանակ ընկերներ եմ կորցրել։ Պայքարել եմ վիրավորների կյանքի համար ու չեմ կարողացել փրկել նրանց։ Ես տեսել եմ վիշտ, ցավ, կորուստ, մարդկային խեղված ճակատագրեր։ Մեկ տարում 536 վիրահատություն եմ կատարել դաշտային պայմաններում։ Ու վախենում եմ։ Ու չեմ ուզում այդ ամենը կրկնվի»,- ասել էր պատերազմի մասնակից բժիշկը:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_0347
  • IMG_0341
  • IMG_0343
  • IMG_0339
  • IMG_0346
  • IMG_0340
  • IMG_0334
  • IMG_0337
  • 12067128_818205074962633_1028116153_n
  • 12033478_818204688296005_939050952_n
  • 12041749_818204924962648_628544154_n
  • 12064233_818205991629208_1406573450_n