Դյուցազնապատում

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ-ազատամարտիկ Արտակ Ջեյնալյանը:

1992-ի հունիսն էր: Մարտակերտի մի մասը գրավված էր ադրբեջանցիների կողմից: Կապանում էլ բարդ իրավիճակ էր, մերոնք դիրքեր էին զիջել: «Նիկոլ Դուման» ջոկատը համալրվեց, և մենք մեկնեցինք Սյունիք, հետո՝ Մարտակերտ: Գրոհով վերցրինք Կարմիրավանը, միացյալ ջոկատների հետ մի քանի գյուղ ազատագրելուց հետո նախապատրատվում էինք ազատագրել Լենինավանը:

Հունիսի 18-ին խորքային հետազոտություն կատարեցինք, և որոշվեց, որ հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, պետք է մտնենք Լենինավան: Առավոտյան ծանր մտորումներով արթնացա, կարծես ինչ-որ կանխազգացումներ ունեի, բայց դա չէր կարող պատճառ լինել, որ ես հրաժարվեի մարտադաշտ մեկնելուց: Մեր հրամանատարը՝ «Արջ» Արմենը՝ մի հաղթանդամ, կապուտաչ, շեկ մորուքով, ուրախ-զվարթ, ուժեղ կամքով ու խիզախ մի անձնավորություն, հավաքեց ջոկատի տղաներին և իր խռպոտ ձայնով ասաց, որ եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում կամ չեն կարող մասնակցել մարտական գործողությանը, կարող են մնալ: Ոչ ոք չարձագանքեց: Մենք մեկնեցինք:

…Ինձ մոտ էր դեղորայքով և առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով լեցուն պայուսակը, և իմ սուրբ պարտականությունն էր ոչ միայն ընկերներիս հետ կողք կողքի կռվելը, այլև անհրաժեշտության դեպքում նրանց օգնելը, փրկելը:

Մարտը սկսվեց: Բոլոր ուղղություններով պետք է հարձակում լիներ, բայց, չգիտես ինչու, կապը կտրվեց, մեր հրետանին չգործեց: Հիմնական հարձակումը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կատարեր «Արաբո» ջոկատը, Հարությունագոմերի կողմից, մյուս երեք կողմերից պետք է հարձակվեին մյուս ջոկատները, իսկ մեր ջոկատը պետք է ճանապարհի ուղղությամբ գնար: Այդտեղ դարանակալ հակառակորդը սպասում էր մեզ: Սկսեցին չորս կողմից կրակել: Ջոկատի առջևից գնում էինք ես, Միքայելը և Հովենը: «Արջին» ասացի, որ մեզ շրջապատել են, և նա նահանջի հրաման տվեց: Ես, Միքայելը, Հովենը կրակը վերցրինք մեզ վրա և ապահովեցինք տղաների անվտանգ նահանջը:

Մի պահ կրակը դադարեց, ապա դարձյալ ամբողջ ուժգնությամբ այն ուղղեցին մեզ վրա: Կրակում էին ինքնաձիգներից, ականանետներից, հրանոթից: Ես զգացի օդի ճողփյունը, արկի պտույտը և հազիվ հասցրի տղաներին զգուշացնել, երբ արկը ընկավ իմ և Միքայելի արանքը ու ահավոր դղրդյունով պայթեց: Մենք իրարից 2-3 մետր հեռավորության վրա էինք գտնվում, իսկ Հովենը մեզանից մոտ 5 մետր հեռու էր: Երբ ընկա, զգացի, որ ոտքս կոտրվել է: Պառկել էի ու բացարձակ ոչ ցավ, ոչ սարսափ էի զգում. երանելի մի զգացում պատել էր ինձ… ու տանում էր… Մի քանի րոպե վայելեցի այդ վիճակը, հետո ուշքի եկա ու հասկացա, որ պետք չէ տրվել այդ զգացողությանը, որ վաղ է դեռ, որ ապրել է պետք: Գլուխս բարձրացրի ու տեսա Հովենին. նա ընկած էր մեջքի վրա՝ որովայնը պատառոտված, բաց աչքերը հառել էր ինձ: Սողալով մոտեցա նրան, զգացի, որ դեռ ողջ է:

-Հովեն,- ասացի ես,- չվախենաս… դու մենակ չես, ես քո կողքին եմ:

Նա լսում էր ինձ, ժպիտի նման մի բան երևաց նրա դեմքին…

Հովենը մահացավ՝ զգալով, որ մենակ չէ…

Հետո ամրան դրեցի ոտքիս, ֆիքսեցի ժամը, որպեսզի եթե գիտակցությունս կորցնեմ, բժիշկները իմանան՝ որ ժամին եմ վիրավորվել: Մի խոսքով, ամեն ինչ արեցի բժշկական կանոնների համաձայն: Ես ոչ մի րոպե չկորցրի գիտակցությունս և ինքնատիրապետումը: Բժշկական պայուսակը ամբողջովին քրքրվել էր բեկորներից, փորձեցի ներարկիչը գտնել, սակայն ամեն ինչ ջարդուփշուր էր եղել: Ձեռքս տարա գրպանս. ցավազրկող սրվակներ ունեի, անվնաս էին մնացել: Ջարդեցի սրվակի բերանը և կուլ տվեցի պարունակությունը (ճիշտ է, այդ պահին ցավ չունեի, բայց ամեն պահի այն կարող էր սկսվել… կրծքավանդակս էր վիրավորված, կոկորդս, աջ ոտքս վերից վար վնասված էր, իսկ ձախ ոտքս ծնկից վերև կտրվել էր, միայն կապաններն էին պահում): Հանեցի հագուստս, զենքս մի կողմ դրեցի, մի նռնակ վերցրի, որ եթե հակառակորդի ձեռքն ընկնեմ, նրանց էլ պայթեցնեմ ինձ հետ: Հետո դիմեցի Միքայելին, որը նույնպես ծանր վիճակում էր, խնդրեցի դանակը տալ: Նա գիտեր՝ ինչի համար եմ ուզում, և չտվեց: Իմ սվինով, որ այնքան էլ սուր չէր, դժվարությամբ կտրեցի ջլերից կախված ոտքս…

Նման իրավիճակում պետք է սառնասիրտ լինել… Մեջքի վրա սողալով՝ փորձեցի նահանջել, բայց հակառակորդը նկատել էր ինձ և իմ ուղղությամբ կրակեց: Ավտոմատից արձակված գնդակը կպավ ձեռքիս: Չգիտեմ՝ որքան ժամանակ էր անցել, երբ մեր ետևից եկավ Ղուկաս Ուլիխանյանը և մերկ ձեռքերով նռնականետի ականը վերցնելով՝ հեռացրեց, որ չպայթի:

Մեզ դրեցին տանկի վրա ու տարան… Ինձ վիրահատեց Արտավազդ Սահակյանը՝ անդամահատումից փրկելով ոչ միայն մյուս ոտքս, այլև կյանքս:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)