ԿՈՓԵ՛Ք ՁԵԶ

Ձմռանը, օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ, շնչառական օրգանների հիվանդությունները հաճախակիանում են։ Մեր շրջապատում շատանում են փռշտացող, հազացող, ֆսֆսացող, կարմրած քթով մարդիկ։ Ինչպե՞ս կանխարգելել շնչառական հիվանդությունները` այս հարցին պատասխանում է Երեւանի կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի ֆթիզիատր, բուժծառայության կապիտան ԼԱՐԻՍԱ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ։

– Շնչառական օրգանները մարմնի բջիջներն ապահովում են թթվածնի անհրաժեշտ քանակով եւ հեռացնում են ածխաթթու գազը։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի եւ արյան մակարդման կարգավորմանը, իմունային համակարգի մշակմանը, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը։

Ձմռան շրջանում շնչառական հիվանդությունների սրումը կապված է ցուրտ եղանակի հետ, սառը օդը շնչելիս շնչառական ուղիների լորձային համակարգը չորանում է եւ չի պաշտպանվում, եւ եղած վարակը ներթափանցում է օրգանիզմ՝ առաջացնելով այս կամ այն հիվանդությունը։ Եթե ձեր մարմինը դողում է, մկանները ցավում են, քթից արտադրություն կա, մարմնում` ջարդվածության զգացողություն, հազ, փռշտոց, վիճակն է՛լ ավելի չբարդացնելու, հիվանդության սրման երկրորդային հետեւանքներից խուսափելու համար պետք է դիմել բժշկի։ Ցավոք, մենք առողջությանը հետևելու ցածր կուլտուրա ունենք։ Մարդիկ կան, երբ մի փոքր վատ են զգում, անմիջապես հակաբիոտիկ են օգտագործում (հակաբիոտիկի ոչ ճիշտ օգտագործումը եւ դեղաչափի սխալ չափաբաժինը կարող են առիթ դառնալ բուժական ներազդեցության նկատմամբ մանրէների կայունության ձևավորմանը)։ Երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ։

Ամենատարածված շնչառական հիվանդություններից են գրիպը, թոքաբորբը եւ բրոնխիտը։

Գրիպը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդը խոսելիս, հազալիս, փռշտալիս փոխանցում է վարակը։ Որքան թույլ է մարդու դիմադրողականությունը, այնքան մեծ է վարակվելու հավանականությունը։ Հիվանդությունը սկսվում է դողով, ջերմության բարձրացումով, նկատվում են թուլություն, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախություն, մարմնի ջարդվածություն, բկանցքի, ըմպանի եւ քթի լորձաթաղանթի բորբոքային երեւույթներ։ Նկատվում է արյան ճնշման անկում եւ պուլսի դանդաղում։ Ռիսկի գործոններն են` ներքին եւ արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները։ Գրիպից զերծ մնալու համար անհրաժեշտ է ամեն կերպ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, առողջ ապրելակերպ վարել, զբաղվել սպորտով, կոփվել, հաճախակի զբոսնել մաքուր օդում։ Հաճախակի օդափոխել փակ տարածքները, հագնվել եղանակին համապատասխան։ Պակաս կարեւոր չէ անձնական հիգիենայի պահպանումը։ Պետք է գրիպով հիվանդին մեկուսացնել, որպեսզի նա չվարակի մյուսներին, սահմանել անկողնային ռեժիմ եւ բուժում, խմել մեծ քանակությամբ հեղուկներ (վիտամիններով հարուստ տաք ըմպելիք, ցանկալի է մասուրի հյութ, ցիտրուսներ), պահպանել կաթնածխաջրածնային դիետա, սնվել սպիտակուցներով եւ վիտամիններով (միրգ, բանջարեղեն) հարուստ սննդով։ Չի կարելի գրիպին «հայավարի» վերաբերվել՝ կանցնի-կգնա։ Հիշե՛ք, գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ։ Այն կարող է սրել սիրտ-անոթային հիվանդությունները, առաջացնել թոքերի բորբոքում եւ այլն։

Թոքերի բորբոքման հարուցիչները վիրուսներն են կամ բակտերիաները։ Թոքերի բորբոքում կարող է առաջանալ նաեւ թոքերի ֆիզիկական, քիմիական վնասվածքներից (քիմիական նյութեր, մարտական թունավոր նյութեր)։ Հիվանդության զարգացմանը նպաստում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը, գերհոգնածությունը, նախորդող հիվանդությունները, մրսածությունը, ծխելը եւ խմելը։ Թոքաբորբն ուղեկցվում է ընդհանուր բորբոքային ախտանիշներով՝ տենդ, դող, հազ, նաեւ շնչառական օրգանների ֆունկցիաների եւ արյան շրջանառության խանգարումներով (շնչարգելություն, ցավեր կրծքավանդակում, սրտխփոցներ, արյան ճնշման եւ զարկերակի հաճախականության փոփոխություն)։ Այս հիվանդության «բարեկամների թվում են ցուրտը, խոնավ եւ հատկապես անցումային եղանակը, ոչ բավարար սնունդը։ Պետք է, կրկնում եմ, ամեն կերպ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, վիտամիններով հարուստ լիարժեք սնունդ ընդունել, սենյակը հաճախակի օդափոխել։ Բուժման արդյունավետության համար անհրաժեշտ են հակաբիոտիկներ, բայց բժշկի նշանակմամբ։ Այս ամենից զատ անչափ կարեւոր է հիվանդի տրամադրությունը։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բռնկվող, անհաշտ մարդկանց թոքերը ավելի շուտ են հիվանդանում, քան բարեհոգի եւ լավատես մարդկանց։ Մաղթում եմ ձեզ առողջություն եւ բարձր տրամադրություն։

Գրի առավ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ