Գույների բուժիչ ուժը

Գույները ազդում են ոչ միայն աչքի վրա, այլեւ մյուս օրգանների: Ու ոչ միայն ազդում են, այլ նաեւ բուժում: Այդ հատկության վրա է հիմնված գունաթերապիան: Գունաթերապիան (գունաբուժությունը) հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից:

Պարզվում է՝գույները, երանգները, որոնք դու ընտրում ես (հագուստ, դիմահարդարում, ամանեղեն ու նույնիսկ սննդամթերքի գուներանգները), այդ բոլորը քո օրգանիզմի համար ունեն մեծ նշանակություն: Որոշ գույներ նյարդայնացնում են, մյուսները՝բարձրացնում տրամադրությունը: Իմանալով այս կամ այն գույնի ազդեցության մասին՝ կարելի է լավացնել ինքնազգացողությունը, մինչեւ անգամ բուժել նյարդային համակարգի խանգարումները:

Իսկ այժմ ամեն մի գույն քննենք առանձին, հասկանանք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ էներգիայով է օժտված:

Հավելիր քո էներգիան

Կարմիրը պետք է արյան շրջանառության օրգաններին, լյարդին ու երիկամներին, այն նպաստում է մկանային թուլացմանը, ներքին օրգանների նորմալ գործունեությանը:

Կարմիրն արթնացնում է ներքին էներգիան, եռանդ է հաղորդում, խթանում երեւակայությունը: Այն կենսունակության, վերարտադրության եւ գոյատեւելու ձգտման խորհրդանիշն է: Պատկերացրեք՝ լողում եք կարմիր ամպերի մեջ, եթե ուժի եւ դիմացկունության կարիք ունեք: Սակայն այս գույնի հետ զգույշ եղեք. ոմանց մոտ այն տագնապի, վտանգի հետ է նույնացվում: Շատերին նյարդայնացնում է այս գույնը, կարող է անգամ գլխացավ առաջացնել, իսկ ջերմություն ունենալու եւ բորբոքային պրոցեսների դեպքում նույնիսկ վնասել:

Նարնջագույնը կենսական եռանդի ու էներգիայի գույն է: Այն երիտասարդացնում եւ վերականգնում է նյարդային հյուսվածքները: Միաժամանակ բարելավում է փայծաղի եւ ենթաստամոքսային գեղձերի ֆունկցիան, ամրապնդում շնչառական օրգանները, օգտակար է ասթմայի եւ բրոնխիտի դեպքերում:

Այս գույնը կենսունակության, ուրախության, հրճվանքի, լավատեսության, առույգության եւ զգացմունքայնության գույնն է: Պատահական չէ, որ այն նույնացվում է արեգակի հետ: Մտովի ընկղմվեք նարնջագույնի մեջ, եթե ցանկանում եք գրավել մարդկանց ուշադրությունը, լավացնել անձնական եւ գործնական հարաբերությունները:

Դեղինը խթանում է մտածողությունը, մաքրում մաշկը, արգելակում է լեղախցանումը, վերականգնում հանքային տարրերի պահեստացումը, իջեցնում բարձրացված թթվայնությունը:

Ցավում է ստամոքսը, իշխում է հոռետեսությունը, գնիր սաթե ուլունքներ, իսկ խոհանոցում կախիր վառ դեղին վարագույր ու նորից ուրախացիր կյանքով: Չէ որ այն նուրբ զգացմունքների եւ ներշնչանքի գույն է: Դեղին գույնը ոգեշնչում է ստեղծագործողներին: Ընկղմվեք դեղին գույնի մեջ, եթե ցանկանում եք զարգացնել ներըմբռնումը ու նոր գաղափարների կարիք եք զգում:

Միայն հանգստություն

Կանաչը կարգավորում է սիրտ-անոթային համակարգը, բուժում ռիթմախանգարումը, կայունացնում ճնշումն ու նյարդավիճակը: Այդ գույնով կարելի է բուժել գլխացավը, սուր վարակիչ հիվանդությունները, տեսողության խանգարումը: Այս գույնը միաժամանակ կատարում է թարմացնող, հականեխիչ եւ հակաբորբոքիչ գործողություն: Այն ամրապնդում է մկանները եւ խթանում մակուղեղը:

Կանաչ գույնը մարմնական եւ հոգեկան ապաքինման, ներդաշնակության եւ կարեկցանքի գույն է: Այս գույնով երեւակայական լոգանքն օգտակար կլինի նրանց, ովքեր զգում են, որ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ:

Կապույտի բոլոր նրբերանգները օժտված են քնաբերության ազդակներով: Դրանք ննջասենյակի պաստառների եւ լուսամուտի վարագույրների համար իդեալական գույն են, բայց չափավոր, այլապես կարող են ընկճվածություն առաջացնել:

Երկնագույնը (կապույտը) կարելի է օգտագործել բորբոքային պրոցեսներում, այդ թվում՝ մրսածության եւ վարակիչ հիվանդությունների դեպքերում: Խորհուրդ է տրվում նաեւ հոդացավի (ռեւմատիզմի) եւ թոքային հիվանդությունների դեպքում: Այդ գույնի բոլոր նրբերանգները բարենպաստ են աչքերի համար: Հետաքրքիր է, որ կապույտ գույնը ունի ախորժակը զսպելու հատկություն:Այնպես որ, եթե ցանկանում ես նիհարել, ապա խմիր եւ կեր կապույտ ամանեղենից, իսկ սեղանին փռիր լազուր սփռոց:

Կապույտը ստեղծագործական գույն է: Եթե ստեղծագործական լուծումներ եք փնտրում, «լողացեք» այս գույնի մեջ:

Երկնագույնը հանգիստ, խաղաղություն բերող գույն է: Փորձեք մտովի լողալ երկնագույնի մեջ, եթե զգում եք հոգնածություն, լարվածություն եւ լիցքաթափվելու կարիք ունեք:

Ինչպես դառնալ խելացի

Մա նուշակագույնը կապված է մտածողության հետ, ուստի վարորդական քննություն հանձնելիս կամ դիպլոմային պաշտպանության ժամանակ հարկ է գնալ հենց այդ գույնի կոստյումով: Բուժական առմամբ մանուշակագույնը հանգստացնում է նյարդերը, այն կարելի է օգտագործել հոգեկան խանգարումների, նյարդացավերի, հոդացավերի, ուղեղի ցնցումների, երիկամային լեղամաղձային, լեղա-պարկային ցավերի դեպքերում: Այն օգտակար է նաեւ սիրտ-անոթային համակարգին: Մանուշակագույնը նպաստում է նաեւ ջերմության իջեցմանը: Մանուշակագույնը մտքի անսպասելի փայլատակումների գույնն է:

Արյան խումբը եւ գույները

Գտնում են, որ արյան առաջին խմբի մարդկանց համար հատկապես բարենպաստ են կարմիր եւ նարնջագույն գույները: Դրանք եռանդուն մարդիկ են, որոնց անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Արյան 2-րդ եւ 4-րդ խմբի ենթականերին համապատասխանում է կանաչի եւ կապույտի բոլոր նրբերանգները: Այդ գույները խթանում են մտավոր գործունեությունը եւ բարձրացնում տրամադրությունը:

Արյան այդ խմբի մարդկանց խորհուրդ է տրվում միջին ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ թիմային խաղեր: Արյան երրորդ խմբին պատկանողներին հարմար է օգտագործել կապույտ եւ կանաչ գույները ոչ թե առույգությունը բարձրացնելու, այլ ընդհակառակը՝ նյարդերը հանգստացնելու համար: Դրանք բավականին մղումային (իմպուլսիվ) մարդիկ են:

Պատրաստեց Ս. Սուղյանը

  • 12060020_489325274582082_1493234943_o