ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ

Մեխանիկական ազդեցությամբ ոսկորի ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք։ Կոտրվածքների ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ։

Տարբերակվում են բաց և փակ կոտրվածքներ։ Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ։ Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ։ Կախված կոտրվածքների գծի ուղղությունից՝ տարբերվում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ։ Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային։ Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ՝ ողներին։ Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում (տափակում) է, և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է։

Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքները։

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

♦ Ցավ,

♦ Կոտրվածքի տեղում առաջացած ձեւախեղում,

♦ Կրեպիտացիա (խշխշոց) կոտրված հատվածների միջև,

♦ Վերջույթների շարժման սահմանափակություն:

Բոլոր ոսկրամկանային վնասվածքների ժամանակ տուժածը գանգատվում է ցավից, որն ուժեղանում է վնասված հատվածը շարժելիս։ Տուժածը կարող է ընդհանրապես չկարողանալ շարժել վերջույթը։ Վնասված մասի մաշկի գույնը փոխվում է և այտուցվում։ Այտուցը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար։ Սկզբնական շրջանում մաշկը կարմրում է, որոշ ժամանակ անց այն դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, առաջանում է կապտուկ։ Հնարավոր է, որ լինի վնասված մասի ձևի փոփոխություն։ Համեմատելով վնասված մասը չվնասված կողմի հետ՝ կարելի է հայտնաբերել ձևափոխությունը։ Հնարավոր է տեսնել անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ։ Երբեմն հնարավոր է, որ փոխվի վնասված վերջույթի երկարությունը. այն կարող է առողջ վերջույթից ավելի կարճ կամ երկար լինել։ Որոշ դեպքերում անմիջապես կարելի է ճանաչել կոտրվածքը՝ տուժածն ինքը կարող է վնասվածքը ստանալու պահին լսել ոսկրի կոտրվելու ձայնը, կամ տեսնել վերքից դուրս ցցված ոսկրեր, լսել ոսկրի բեկորների՝ միմյանց հպվելու խրթխրթոցը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

Անհրաժեշտ է գնահատել տուժածի վիճակը և անհրաժեշտության դեպքում ահազանգել շտապօգնություն կամ տուժածին հասցնել հիվանդանոց։

Եթե կա արտաքին արյունահոսություն, ապա առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել այն, սակայն անմիջապես կոտրվածքի վրա ճնշում չի կարելի գործադրել։ Ուժեղ արյունահոսության դեպքում անհրաժեշտ է սեղմել սեղմման կետերը։ Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար վերքը անհրաժեշտ է ծածկել մաքուր վիրակապական անձեռոցիկով։

Անհրաժեշտ է տուժածին օգնել, հարմար դիրք ընդունել։ Սովորաբար տուժածն ինքը վնասված վերջույթը պահում է իրեն ամենահարմար դիրքում։ Պետք է հանգստացնել տուժածին։

Սառեցնել վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Վնասված մասի սառեցումը նպաստում է ներքին արյունահոսության, այտուցի և ցավի նվազեցմանը։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների ժամանակ անհրաժեշտ է տեղադրել չոր սառը առարկա կամ սառցապարկ, բացառությամբ բաց կոտրվածքի։ Սառցապարկ պատրաստելու համար սառույցի կտորները պետք է դնել որևէ գործվածքի կամ պլաստիկ տոպրակի մեջ։ Մաշկի և սառցապարկի միջև միշտ դնել սրբիչ կամ որևէ գործվածքի կտոր։ Սառույցը դրեք յուրաքանչյուր ժամը մեկ` 15 րոպեով, 24-48 ժամվա ընթացքում։

Ոսկրամկանային վնասվածքի դեպքում անհրաժեշտ է անշարժացնել վնասված մասը։ Դրա շնորհիվ նվազում է ցավը, կանխվում վնասվածքի շրջանի փափուկ հյուսվածքների հետագա վնասումը։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿ ԿՈՏՐՎԱԾՔԻ ԺԱՄԱՆԱԿ

♦ Տուժածին անշարժացրեք։

♦ Ուսի և ազդրի ոսկորների կոտրվածքի դեպքում պետք է անշարժացնել ոչ պակաս, քան երեք հոդ։

♦ Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը սևեռվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից):

♦ Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ):

♦ չփորձեք կոտրվածքը սևեռել` շուրջը փաթաթելով։

♦ Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և ձեռքի տակ եղած այլ միջոցներ։

♦ Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը սևեռեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը մարմնին փաթաթելով։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԿՈՏՐՎԱԾՔԻ ԺԱՄԱՆԱԿ

♦ Մերկացնել վերջույթը` կտրելով հագուստը։

♦ Արյունահոսությունը դադարեցնել ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնել:

♦ վերքի վրա ստերիլ (մանրէազերծ) անձեռոցիկ դնել:

♦ անշարժացնել վերջավորությունը։

♦ Ցնցումային նոպայից նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվեք, եթե ունեք։

♦ Շտապ տեղափոխեք հիվանդանոց։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԱՆՈՑԻ ԵՒ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔՈՒՄ

Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում.

♦ Չի կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։

♦ Անշարժացրեք տուժածի գլուխը և պարանոցին հատուկ օձիք կապեք։

Եթե չունեք պարանոցի օձիք, ապա դիմեք այլ հնարամտությունների։ Օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։

Պարանոցի և ողնաշարի վնասվածքի կամ նման կասկածի դեպքում տուժածի տեղափոխումը կազմակերպեք հատուկ ասպարով, փայտե կամ նրբատախտակի մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
բ/ծ կապիտան
բժիշկ-վնասվածքաբան