Գետաշենցի բժիշկ ազատամարտիկը

Սարգիս Հակոբքյոխվյանը ծնվել է 1935 թ. Գետաշենում, ադրբեջանցիներին ահ ու սարսափի մեջ պահող չոբան Սաքիի գերդաստանում: Մանկությունն ու պատանեկությունը անցել են խաղաղ, երջանիկ: Մեր հանդիպման ժամանակ նա պատմում էր այդ երանելի օրերի մասին, մտովի վերադառնում էր Գետաշեն՝ այն հարազատ վայրերը, որոնց հետ կապված են իր կյանքի ամենաերջանիկ հիշողությունները: Ավաղ, թշնամուն հաջողվել է խլել իր դրախտավայրը՝ իր Գետաշենը, սակայն հիշողությունները խլել, ջնջել չի հաջողվել…

-Գետաշենը հրաշք էր,- պատմում է Սարգիս Հակոբքյոխվյանը,- գեղեցկությամբ իր նմանը չուներ: Վեց հազարից ավելի բնակչություն ունեցող գյուղը շրջապատված էր խիտ անտառներով, բարձրաբերձ լեռներով: Գյուղի միջով անցնող գետը, որը սկիզբ էր առնում Մռավ սարի ստորոտից, այնքան զուլալ էր, այնքան մաքուր, որ խմում էինք նրա ջրից: Մենք մի չքնաղ լիճ էլ ունեինք անտառի խորքում՝ շրջապատված սոսիներով, անունը Գյոլ-գյոլ էր. դա հսկայական մարգարիտ էր, իսկական հրաշք: Իսկ ժողովուրդը՝ աշխատասեր, պարզ, հյուրասեր, բարի… բոլորն իրենց տներում թոնիր ունեին, հաց էին թխում և թխած հացից բաժանում անցնող ու դարձող ծանոթ-անծանոթներին:

Աշնանը բոլորի նկուղները միանգամից լցվում էին մրգերի անուշ բույրերով: Լցվում էին գինու կարասները՝ նռան, կարմիր, սպիտակ, մուսկաթի, վերջին շրջանում անգամ մորուց էին օղի ու գինի քաշում: Նկուղներում մեծ քոթուկ էր դրված, հենց այդ քոթուկների վրա էլ սեղան էին բացում. ամեն ինչ այնտեղ էր՝ և հացը, և խառը թթուն, և գինիները, և հոնի ու թթի օղին, մոթալի պանիրը, խոզի ապխտած միսը… էլ չեմ ասում մրգերի ու հատապտուղներ մասին…

Մեր տանը հայրս հաճախ էր ճաշկերույթներ կազմակերպում. հիշում եմ՝ երեք թե չորս տարեկան էի, երբ հյուրեր էինք ունենում, նա նվագում էր, երգում, ինձ էլ բարձրացնում էր ուտելիքով ծանրաբեռնված սեղանի վրա, որ պարեմ հյուրերի համար: Ես պարելով սեղանի մի ծայրից մյուս ծայրն էի անցնում՝ չդիպչելով ափսեներին, իսկ երբ օղին պակասում էր, վազում էի նկուղ և օղու՝ ինձանից ծանր շտոպը գրկած՝ բերում ներս, ու ինձանից գոհ, որ ճանապարհին չեմ գցել կոտրել, հանձնում էի հայրիկիս՝ արժանանալով հյուրերի գովասանքին: Յոթ-ութ տարեկանից հայրս ինձ իր հետ որսի էր տանում, հետո արդեն ես էի գնում հասակակիցներիս հետ, ձուկ էինք բռնում, շներ կռվեցնում, ընկերներով ձի հեծած՝ գնում էինք անտառ, գիշերը մնում այնտեղ, խարույկ վառում ու փայտ հավաքում, իսկ լուսադեմին հավաքած փայտը բարձում էինք ձիերի վրա, վերադառնում տուն: Հազիվ էինք հասցնում փոխել հագուստը, լվացվել ու վազել դպրոց:

Ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը՝ Սարգիս Հակոբքյոխվյանը վերապատրաստվում է որպես վիրաբույժ և 1969 թ. կնոջ՝ Սիլվայի հետ, որը նրա համակուրսեցին էր, վերադառնում է Գետաշեն, որտեղ նրանց գրկաբաց են ընդունում: Գյուղի հիվանդանոցը փոքր էր, ընդամենը 25 մահճակալ ուներ և սպասարկում էր ոչ միայն վեցհազարանոց գյուղի բնակչությանը, այլև մոտակա Կամո, Ազատ գյուղերի բնակչներին: Երկու տարվա ընթացքում Սարգիսը հասցնում է վերապատրաստվել՝ ստանալով վնասվածքաբանի, ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում, իսկ կինը՝ գինեկոլոգ-մանկաբարձի: Նրանց ջանքերով հիվանդանոցը վերակառուցվում է, մահճակալների թիվը հասնում է 70-ի: 22 տարի նրանք աշխատում են Գետաշենում, շենացնում հիվանդանոցը, համալրում ժամանակակից սարքավորումներով, ընդունում ու բուժում հազարավոր մարդկանց, իսկ երբ արդեն որոշում են Երևան վերադառնալ, մղձավանջային օրերը սկսվում են Գետաշենի համար:

-Այդ ժամանակ արդեն գյուղից իմ հեռանալը դավաճանություն կլիներ: Ես տեղացի էի և բժիշկ, ի՞նչպես թողնեի համագյուղացիներիս, ի՞նչ կմտածեին նրանք իմ մասին, կասեին՝ դոխտուրը փախալա…

Եվ բժիշկը մնում է ոչ միայն վիրավորներին, հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար, այլև վերցնում է զենքը և համագյուղացիների հետ կռիվ տալիս, որպեզի ազատագրի, փրկի իր ծննդավայրը:

-Շուտով Սումգաիթի դեպքերին հաջորդեց Կիրովաբադի, ապա Խանլարի հայաթափումը: Գետաշենը չորս կողմից շրջապատված էր ադրբեջանական գյուղերով: Խանլարից դեպի Գետաշեն երեք հայկական գյուղ կար՝ Կամոն, Ազատը, Այգեստանը, որոնք համարվում էին Գետաշենի դարպասները, իսկ դեպի ձախ՝ Մարտունի գնացող ճանապարհին, հայկական Կաշչի Արմավիր գյուղն էր: Աստիճանաբար բոլոր գյուղերը հայաթափվեցին, և Գետաշենը մնաց շրջափակման մեջ: Ճանապարհ չկար, կապ չկար: Միայն Երևանից էին ուղղաթիռներ գալիս և բերում ամենաանհրաժեշտ բաները՝ ալյուրի պարկեր, որոնց մեջ զենք-զինամթերք էր թաքցրած:

Գյուղը տագնապի մեջ էր, այն շրջապատված էր ոչ միայն թուրքերով, այլև դրսում կանգնած էր խորհրդային բանակի կանոնավոր զորքը, որը բացեիբաց թուրքերին էր աջակցում, իսկ գյուղի ներսում կամավորական փոքր ջոկատներն էին և գյուղացիները, անգամ կանայք էին զինվել՝ պաշտպանելու իրենց տները, իրենց շենը: Այլևս ոչ մի տեղից օգնություն ստանալու ակնկալիք չունեինք, մեր հույսը մեզ վրա էր: Գյուղում պաշտպանական 24 կետ էինք դրել, որտեղ գիշեր-ցերեկ հերթապահում էին տղաները:

Զորքի հետ բախումներից խուսափելու համար ապրիլի 29-ին գետաշենցիները գիշերով անտառի ճանապարհով դուրս հանեցին Հայաստանից եկած ազատամարտիկների մեծ մասին: Գյուղում մնացին Թաթուլը, Արթուրը, Հրաչը մի քանի ազատամարտիկների հետ: Առաջին տանկը Գետաշեն մտավ 1991 թ. ապրիլի 30-ին: Գյուղի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ֆիդայիները՝ Թաթուլը, Արթուրը, Հրաչը և էլի երեք հոգի, դուրս եկան ուղիղ տանկի դեմ: Թաթուլը բարձրացավ տանկի վրա, նռնակի ձգանը քաշեց և սպառնաց, որ եթե չհանձնվեն, կպայթեցնի: Տանկի մեջ, բացի 14 ռուս զինվորականներից, մի քանի ադրբեջանցի և ուզբեկներ կային: Առաջինը տանկից դուրս եկավ հրամանատարը, որը կոչումով գնդապետ էր, և հրամայեց ենթականերին հանձնվել: Թաթուլը մոտեցավ գնդապետին, խուզարկեց նրան և նրա գրպանից հանեց «Օղակ» գործողության պլանը: Այդ նույն օրը ռուսները 17 գետաշենցու պատանդ էին վերցրել: 14 զինվորականներին փոխանակեցինք նրանց հետ: Քիչ անց հայտնեցին, որ գյուղի վերևից ադրբեջանցի «օմոնականները» ռուս զինվորների հետ շարժվում են դեպի կենտրոն, գալիս էին կրակելով, տները հրկիզելով, գալիս էին՝ սպանելով մարդկանց… ավտոմատով, կացնով, խոշտանգում էին ծերերին, կանանց ու երեխաներին: Հակառակորդը երեք կողմից ճեղքել էր պաշտպանական դիրքերը ու մտել գյուղ, իսկ ռուսական ուղղաթիռները վերևից էին ահաբեկում գյուղի բնակիչներին:

Թաթուլը, նռնակը ձեռքին բարձր պահած, քայլում էր գնդապետի հետևից: Մոտ 50 մետր հեռավորությամբ, սպիտակ խալաթը հագիս՝ ես էի գնում: Երբ բավական մոտեցել էինք ջարդարարներին, Թաթուլը գնդապետին ասաց՝ հրամայիր, թող հետ գնան, թող չկրակեն, թե չէ կքաշեմ ձգանը ու քեզ էլ ինձ հետ կպայթեցնեմ: Գնդապետը գոռաց՝ օմոնականներ, չկրակեք… ու ինքը իսկույն գետնին պառկեց: Այդ պահին կողքից ավտոմատով կրակ բացեցին: Թաթուլը, Արթուրը, Հրաչը խոցված ընկան… Թաթուլի ձեռքի նռնակը պայթեց, գնդապետը ձեռքից վիրավորվեց: Մի ահավոր խառնաշփոթ սկսվեց, որի ժամանակ էլ փախցրին գնդապետին, և զորքը նահանջեց:

Ապրիլի 30-ի արյունոտ օրը բացի ֆիդայիներից 27 գետաշենցիներ էլ զոհվեցին: Նրանց բոլորի դիակները բերեցին հիվանդանոց… Տղաները անճանաչելի էին դարձել: Նրանցից մեկը մայրապետ Անգինի որդին էր՝ Վարդանը: Վարդանին սպանել էին… կտրել ականջները ու քիթը, ոտքերը ջարդել: Առաջին պահին մայրը չճանաչեց որդու դիակը: Մի քանի րոպե լայնացած աչքերով նայեց նրան, հետո ամայացած հայացքով նայեց շուրջը, անխոս շրջվեց ու շարունակեց ինձ հետ կարել, մաքրել խոշտանգված դիակները… Մայրը կարծես քարացել էր, վերացել աշխարհից… Այդ նույն գիշերն էլ զոհված գետաշենցիներին թաղեցինք իրենց տների բակերում, իսկ Թաթուլի, Հրաչի, Արթուրի և Սիմոնի դիակները տեղափոխեցին Շահումյան, այնտեղից էլ ուղղաթիռով հասցրին Երևան:

Մայիսի 2-ին գետաշենցիների մեծ մասին ավտոբուսներով Խանլարից ուղարկեցին Իջևան, ուղղաթիռներով էլ՝ Ստեփանակերտ ու Շահումյան,, մարդիկ իրենց հետ ոչինչ չկարողացան վերցնել: Գյուղում բնակչության 10 տոկոսն էր մնացել, բայց մենք դեռ շարունակում էինք հիվանդանոցում ընդունել, վիրահատել, բուժել հիվանդներին ու վիրավորներին: Երեկոյան հիվանդանոց եկավ Իգոր Մուրադյանը և ասաց, որ գիշերը ֆիդայիների վաթսունհոգանոց խումբը դուրս է գալու Գետաշենից, մենք նույնպես պետք է դուրս գանք նրանց հետ: Սակայն ես, Երևանից օգնության եկած բժիշկներ Վալերի Խաչատրյանը և Գևորգը Գրիգորյանը հրաժարվեցինք մեկնել տղաների հետ:

Այդ գիշեր վառում են հիվանդանոցի շենքը և այն տները, որտեղ զենք-զինամթերք էր պահված: Սարգիսը երկար կանգնում է ու նայում ՝ ինչպես է իր 22 տարիների վաստակը կրակի ճարակ, մոխիր դառնում… Հետո մոլոր քայլերով գնում է քրոջ տուն, որտեղ նրա զառամյալ մայրն ու քույրն էին մնում: Մայիսի 7-ին նրանք դուրս են գալիս տնից և քայլում դեպի ուղղաթիռների թռիչքահրապարակ: Հրապարակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Մարդիկ, նստած գետնին, ուղղաթիռ բարձրանալու իրենց հերթին էին սպասում:

-Մորս հետ առաջացանք: Հենց ուղղաթիռի աստիճանների մոտ ռուս սպան հանեց գլխարկս, վերցրեց փաստաթղթերս: Այդ պահին Խանլարի դատախազը, ճանաչելով ինձ (իմ անունը թուրքերի սև ցուցակում էր), ՕՄՕՆ-ի պետ Մամեդովին ադրբեջաներեն ասաց՝ դաշնակ Անդրանիկն է, կտանեք Կիրովաբադի բանտ… Նույն ձևով՝ Վալերիկին, Գևորգին և գետաշենցի 14 երիտասարդների…

91-ամյա մայրս շվարած կանգնել, նայում էր ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում…

Մեզ տարան Կիրովաբադի բանտ, որտեղ ասես կազմ ու պատրաստ մեզ էին սպասում: Մոտ 30 հոգի կողք կողքի շարվել էին միջանցքում, որի երկարությունը 50 մետր կլիներ, ու գիշատիչ հայացքով նայում էին, սպասում՝ երբ են հարձակվելու ու հոշոտելու մեզ… Րոպեներ անց աքացիներով ու մահակներով դաժան ծեծ սկսվեց… Ադրբեջանցի դահիճները ծեծելուց առաջ մերկացնում էին, մտցնում «բաղնիք», դուռը փակում և 14-15 հոգով հարձակվում զոհի վրա: Ծեծում էին այնքան, մինչև կորցնում էինք գիտակցությունը, իսկ ուշքի բերելու համար վառված ծխածխոտով դաջում էին մարմիններիս ու նորից շարունակում… Ծեծվողի անմարդկային գոռոցից երևի բանտի քարերն էլ շարժվում էին… Իսկ մենք գոռոցի ձայնից հասկանում էինք, թե ում են հիմա տանջում… Բայց ֆիզիկական տանջանքներից բացի, նրանք մեզ ծաղրելու, նվաստացնելու չլսված միջոցների էին դիմում… Մի օր էլ մեզ դուրս բերեցին բանտի բակը, հրացան տվեցին ու հրամայեցին նշան բռնել պատի տակ շարված թուրքերի վրա: Հետո նկարահանեցին, որպեսզի ցույց տան, ապացուցեն, որ մարդասպանները մենք ենք ու այդ հոդվածով մահապատժի դատապարտեն…

Սակայն մինչ նրանք կիրականացնեին մեզ գնդակահարելու իրենց սպառնալիքը, Կարմիր խաչ կազմակերպության ներկայացուցիչները եկան բանտ՝ մեզ ազատելու: Սակայն գիտե՞ք՝որն էր ամենազավեշտալին… տեսնելով մեր տանջահար դեմքերը, կիսամերկ, ջարդված, կապտած մարմինները՝ նրանք լուսանկարում էին մեզ ու հետն էլ հարցեր տալիս՝ ինչպես էին մեզ հետ բանտապահները վարվում… Ներքին գործերի նախարարը անամոթաբար ասում էր բանտապահներին՝ բացեք դռները, թող դուրս գան մարդիկ, նրանք հո կալանավոր չեն… Հետո իր զինվորներին հասկացրեց, որ մեքենան, որով մեզ Հայաստան էին տեղափոխելու, հեռու կանգնեցնեն: Մենք, որ հազիվ էինք կանգնում ոտքի վրա, մի կերպ ոտքներս քարշ տալով, քայլեցինք դեպի ավտոմեքենան, հենվելով իրար՝ դժվարությամբ բարձրացանք ու տեղավորվեցինք մեքենայի մեջ: Ավտոմեքենան ուղեկցողներին խիստ հրաման տվեցին, որ մեզ անվտանգ հասցնեն Թովուզ… բոլորիս համար էլ պարզ էր, որ եթե Թովուզ մտնեինք, այնտեղից կենդանի դուրս չէինք գա: Մեքենան շարժվեց: Բոլորս լուռ էինք, յուրաքանչյուրս իր մտքերի հետ… Մենք պատկերացում չունեինք, թե ինչ ճանապարհով են տանում մեզ, ուր ենք հասել: Եվ հանկարծ ավտոմեքենան կանգ առավ: Կարծես գետնի տակից օմոնականների զինված մի խումբ կտրեց մեքենայի ճանապարհը, սակայն, բարեբախտաբար, մեզ ուղեկցողները, որոնք կանգնել էին օմոնականների և ավտոմեքենայի միջև՝ փորձելով կասեցնել նրանց հարձակումը, կարողացան ետ մղել նրանց:

… Ժամեր անց մեքենան մեզ անվնաս հասցրեց Շամշադին… Մենք արդեն տանն էինք…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)