ԼԱԲՈՐԱՏՈՐ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Այսօր չնայած գործիքային հետազոտությունների բնագավառում մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, առաջատար նշանակություն ունի լաբորատոր դիագնոստիկան` բազմատեսակ հետազոտությունների ընձեռած հնարավորությունների շնորհիվ։

Ի՞նչ է այն` պարզաբանում է բ/ծ կապիտան, կ.գ. թեկնածու ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

Լաբորատոր դիագնոստիկայի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմել օրգանիզմում ընթացող ֆունկցիոնալ փոփոխությունների մասին, լաբորատոր ախտորոշիչ ճիշտ հետազոտությունների ու թեստերի ընտրությունը և մանրակրկիտ գիտականորեն նրանց վերլուծությունը հանդիսանում է հիվանդության ախտորոշման հիմքը, որից էլ հենց կախված է բուժման արդյունավետությունը։ Մարդկանց օրգանիզմում ֆունկցիոնալ փոփոխությունների առաջացման պատճառ հանդիսացող գործոնները տարբեր են, և դրանք էլ կարող են նպաստել այս կամ այլ հիվանդությունների զարգացմանը։ Այդ գործոններն են՝ ֆիզիկական (ջերմային, մեխանիկական, մթնոլորտային ճնշումը, ճառագայթումը), քիմիական (օրգանիզմ թափանցող թունավոր նյութերը, սննդային խանգարումները), կենսաբանական (վարակներ, մանրէներ, սնկեր, մակաբույծներ), գենետիկական գործոններ (քրոմոսոմային, գենային, գենոմային շեղումները), իմունոլոգիական։ Քանի որ հիվանդությունների առաջացման ազդակները բազմազան են և բազմաբնույթ՝ հետևաբար այդ հիվանդությունների հայտնաբերման և ճշգրիտ ախտորոշման մեթոդները ևս լինում են տարբեր։ Բոլոր կլինիկաներում, անկախ հիվանդության առաջացման հիմնական բուն պատճառից, նշանակվում է արյան և մեզի ընդհանուր հետազոտություն։

Արյան ընդհանուր հետազոտությունը (անալիզ) կլինիկական տեսանկյունից դիագնոստիկ մեծ արժեք է ներկայացնում, երբ նկատվում է արյան սկզբնավորվող բջիջների ախտաբանական երիտասարդացում և ախտաբանական գերբազմացում, որը հատկապես խիստ բնութագրական է սուր և խրոնիկ լեյկոզների ժամանակ։ Իսկ բազմաթիվ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակ արյան մորֆոլոգիական կազմը կարող է չփոփոխվել։ Մեզի ընդհանուր հետազոտությունը ինֆորմացիա է տալիս միզասեռական համակարգի ֆունկցիոնալ վիճակի վերաբերյալ, իսկ մեզում հայտնաբերված ֆիզիկա-քիմիական փոփոխությունները կարող են նաև հուշել մի շարք ներքին օրգանների հիվանդությունների մասին։

Արյան կենսաքիմիական հետազոտությունների քանակը բավական ծավալուն է, և այն հնարավորություն է տալիս բացահայտել փոփոխություններ լյարդում, երիկամներում, սիրտ-անոթային համակարգում և այլ օրգաններում։ Հիմնականում այս հետազոտությունների միջոցով որոշվում է ածխաջրերի, սպիտակուցների, ազոտային նյութերի, ամինաթթուների, պիգմենտների, լիպիդների, հորմոնների միկրոէլեմենտների փոխանակության խանգարումները, ֆերմենտների ակտիվության փոփոխությունները։ Վարակիչ-բորբոքային հիվանդությունների ախտորոշումը հիմնվում է առավելապես մանրէաբանական և շճաբանական հետազոտությունների վրա։

Վերջին տարիներին իմունոլոգիական հետազոտությունների բնագավառում ժամանակակից նոր մեթոդներ են ներդրվել (ԻՖ, ԻՑՖ), որոնք օժտված են բարձր զգայնությամբ, հնարավորություն են տալիս արյան մեջ, ոսկրածուծում և այլ հետազոտվող նյութերում տվյալ հարուցիչի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերմանը։ Իսկ մի շարք օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, հաստ աղիք, շագանակագեղձ) ուռուցքային հիվանդությունների նախնական ախտորոշման կամ բացառման համար լայնորեն կատարվում է իմունոլոգիական մեթոդներից՝ սպեցիֆիկ ուռուցքային մարկերների ստուգում։ Այսօր բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ գենային մուտացիաները, և բժշկական գենետիկայի մոլեկուլյար կենսաբանության ամենահրատապ խնդիրներից է ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշումը և պրակտիկայում ներդրումը։

Մի՛ զլացեք ժամանակին հետազոտվել։

Առողջ եղեք։