«Ցերեկը կռվում էի, գիշերը՝ վիրահատում»

Աշոտ Աբրահամյանը ծնվել է 1912 թ. Ենիքենդ գյուղում (Լեռնային Ղարաբաղ, Շահումյանի շրջան): Կորցնելով հորը՝ 14 տարեկան հասակում բանվորություն է անում Կիրովաբադի տեքստիլ կոմբինատում: Դպրոցը ավարտելուց հետո սովորում է Երևանի ինդուստրիալ-տեխնիկական բանֆակում, ապա 1935 թ. ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ: 1940 թ ավարտելով ինստիտուտը՝ զորակոչվում է բանակ: Չորս ամիս վերապատրաստվելուց հետո նա ուղարկվում է Վիլնյուս որպես 46-րդ տանկային գնդի կրտսեր բժիշկ:

Սակայն շուտով սկսվում է Հայրենական պատերազմը, և ֆաշիստական բանակը ռմբակոծում է խաղաղ քաղաքները: Այդ օրից էլ սկսվում է բժիշկ Աբրահամյանի մարտական ուղին: Նա ոչ միայն մասնակցում է Ստալինգրադյան ճակատամարտին, այլև Վիլնյուսի, Մինսկի, Սմոլենսկի, Վյազմայի, Գոմելի, Չերնիգովի, Խարկովի, Պոլտավայի, Կուրսկի, Օրյոլի և այլ քաղաքների, բնակավայրերի ազատագրման համար մղված ծանր մարտերին:

«Պատերազմի սկզբում,- պատմում է բժիշկը,- հաճախ է պատահել, որ ցերեկները զենքը ձեռքիս կռվել եմ, իսկ գիշերները՝ վիրահատել, կազմակերպել վիրավորներին թիկունք տեղափոխելու գործը: Թշնամին անողորմ էր, բարբարոս: Երբեք չեմ մոռանա այն ահավոր տեսարանը, որ 1941 թ. բացվեց իմ առաջ Վյազմա քաղաքում. երկաթուղային կայարանում կուտակվել էին մեծ թվով նահանջող քաղաքացիներ ու վիրավորներ, հիտլերականները քարուքանդ էին արել երկաթուղային հանգույցը և գիշեր-ցերեկ ռմբակոծում էին կուտակված անզեն մարդկանց… Իսկ մարդիկ, իրենց հոգու արիությամբ, միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունքով, և՛հիացրին, և՛ պարտավորեցրին ինձ:

…Ինչպե՞ս կարելի է մոռանալ բուժքույր Լյուբա Պոլյակովային, որը 40-42 աստիճան սառնամանիքի պայմաններում, հակառակորդի չդադարող կրակահերթի տակ, ձյան վրայով սողեսող մի քանի օրում մարտադաշտից դուրս բերեց 200-ից ավելի վիրավորների՝ իրենց զենքի հետ միասին:

Իսկ Ստալինյան հերոսամարտը…»:

Պատմական այդ ճակատամարտում խորհրդային զորքերի տարած փայլուն հաղթանակից հետո Աշոտ Աբրահամյանը նշանակվում է 16-51 հոսպիտալի պետ: Չորս անգամ վիրավորվում է և ամեն անգամ փոքր-ինչ կազդուրվելուց հետո՝ վերադառնում է իր զորամաս, շարունակում մասնակցել քաղաքների ինքնապաշտպանական-ազատագրման մարտերին:

Պատերազմից հետո նա զինվորական ծառայությունը շարունակում է տարբեր զորամասերում: 1967 թ. զորացրվում է և աշխատանքի անցնում Երևանի 1-ին բժշկական ուսումնարանում՝ դասախոսելով վիրաբուժություն առարկան:

Բժշկական ծառայության պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Աբրահամյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվում է մարտական 15 շքանշաններով և մեդալներով:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան