Գուլպաներ որդու համար

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Արշակ Գասպարյանը:

Շուշիի ու Կուբաթլիի արանքում մի գյուղ կար՝ Խանանլար անունով: Ես այնտեղ տեղակայված դաշտային հոսպիտալի պետն էի: Լաչին-Լիսագոր ուղղությամբ ծանր մարտեր էին ընթանում: Այդ ժամանակ ինձ հետ էին մեր բժիշկներից անեսթեզիոլոգ Արթուր Բաբայանը, բժշկական ինստիտուտի ուսանողներ Մարատը, Վադիմը, բուժքույրեր Աննա Ղուլյանը և Անժելա Հարությունյանը: Երկու օր անընդմեջ վիրահատում էինք, իսկ վիրավորների հոսքը չէր դադարում: Ստիպված օգնություն խնդրեցինք Վալերի Մարությանից: Մեզ օգնության եկան Կարեն Բազիյանն ու մարզական բժիշկ Լեոնիդ Զախարյանը (նա մահացավ ինֆարկտից՝ զինադադարի կնքումից ամիսներ անց): Նրանց գալուց 1 ժամ առաջ հոսպիտալ բերված դիակների մեջ էր նաև Լեոնիդ Զախարյանի որդին՝ Բորյան:

Հոսպիտալ մտնելուն պես Լեոնիդը հարցրեց.

-Եղբայր, լուր ունե՞ս որդուցս, տեսե՞լ ես նրան, ինչպե՞ս է:

Հազիվ ինձ տիրապետելով՝ զսպեցի հուզմունքս և ասացի.

-Լեոնիդ ջան, արի վիրահատարան մտնենք, կօգնես ինձ, հետո կխոսենք…

Երբ վերջին վիրահատությունը ավարտելուց հետո ուժասպառ դուրս եկանք վիրահատարանից, նստեցինք հանգստանալու, Լեոնիդը, իր պայուսակից հանելով մի զույգ տաք գուլպաներ, կրկին դիմեց ինձ.

-Արշա՛կ, եղբա՛յրս, էս գուլպեքը ո՞նց հասցնեմ որդուս՝ Բորյային:

Թաքցնել այլևս չէի կարող… Ես պետք է ասեի նրան անողոք ճշմարտությունը, թեև անպատմելի ծանր էր նայել սիրելի ընկերոջ աչքերին ու գուժել որդու մահը: Մոտեցա նրան, գրկեցի:

-Քեզ պինդ պահիր, եղբա՛յր… Բորյան չկա… Աստված նրան իր մոտ տարավ…

Լեոնիդը, գուլպաները ձեռքին, քարացած ինձ էր նայում, իսկ ես խոսքեր չէի գտնում մխիթարելու նրան, և միթե հնարավոր էր նրան մխիթարել…

Անահիտ Չիբուխչյան