Հաղթում են միասին

Արցախ տանող ճանապարհը միշտ սպասված է… երկար սպասված: Հարմար տեղավորվում եմ լուսամուտի մոտ, որ ճանապարհի ոչ մի միլիմետր բաց չթողնեմ: Աչքերով կլանում եմ շուրջս ամեն ինչ: Ուս ուսի տված սարերի խրոխտ տեսքից շնչառությունս արագանում է… Գիտեմ՝ ուրիշ սարեր են՝ հաղթած, հպարտ սարեր…

Հասնում ենք Ստեփանակերտ: Չնայած անտանելի շոգին, ժամանակի սղությանը՝ հասցնում ենք փոքր-ինչ զբոսնել քաղաքում, ապա ուղևորվում ենք դեպի մեր նպատակակետ՝ Մարտակերտ: Մարտակերտում երբեք չեմ եղել… ու անմիջապես զգում եմ պատերազմի շունչը: Իսկ մի անծանոթ տատիկ ուղղակի հարցնում է՝ եկել եք կռիվ տեսնելու՞….

Ժպտում եմ՝ կռիվ տեսել եմ, տատի′կ… եկել ենք՝ մարդկանց մասին պատմելու:

Երեկոյան կողմ հասնում ենք Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ: Դարպասների մոտից նկատում ենք՝ մասնաշենքերը նորակառույց են: Մոտենում ենք. մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանած: Դռները բաց են… սիտիս խփոցներն արագանում են. երևի վիրավոր կա…

Մտնում ենք ներս: Շենքը վերանորոգված է, լուսավոր, միջանցքը մաքրությունից փայլում է: Մեզ ընդառաջ է գալիս առանձին բժշկական ջոկատի հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանը: Փոքր-ինչ անհանգիստ է… Չենք սխալվել. հիվանդին պետք է ճանապարհեն Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Մենք տեղավորվում ենք ԱԲՋ-ի բուժական մասնաշենքից փոքր-ինչ վերև գտնվող կացարաններում, որոնք նախատեսված են բժիշկների համար: Սենյակիս լուսամուտից դուրս եմ նայում: ԱԲՋ-ի ամբողջ տարածքն աչքիս առաջ է: Ու անմիջապես մտածում եմ՝ այստեղ ՝ հարևանությամբ ապրող բժիշկները երբեք, ոչ մի րոպե չեն կտրվում հոսպիտալային առօրյայից:

Մարտակերտի ԱԲՋ-ն կազմավորվել է 1996 թվականին՝ Սարսանգի ջրամբարի հարևանությամբ գտնվող Ալաշան կոչվող տարածքում: Նույն թվականի մայիսին ընդունվել է առաջին հիվանդը: ԱԲՋ-ի ձևավորման ակունքներում կանգնած են պատերազմի բովով անցած բժիշկներ, որոնք նաև հետագայում իրենց փորձն են փոխանցել երիտասարդ մասնագետներին: 2014 թվականի նոյեմբերից ԱԲՋ-ն տեղափոխվել է ներկայիս տարածք. նորակառույց շենքերը համապատասխանում են ժամանակակից բոլոր պահանջներին:

Նոր բացվող օրվա հետ սկսվում է նաև մեր աշխատանքը: Նախ բժիշկ Ազարյանի հետ շրջում ենք բոլոր բաժանմունքներով, ծանոթանում ԱԲՋ-ի տեխնիկական հագեցվածությանը, պատմությանը, անձնակազմին, զրուցում զինվորների հետ… այցելում ենք ճաշարան, լվացքատուն, սննդի պահպանման պահեստներ: Մտքիս մեջ արդեն հատիկ-հատիկ ձևակերպում եմ հարցերս, պլանավորում բոլոր զրույցներս, ակնարկներս…

ԱԲՋ-ն կազմված է 4 բաժանմունքներից՝ ընդունման, վիրաբուժական, վիրահատական-վերակենդանացման և թերապևտիկ, և կաբինետներից՝ ճառագայթային ախտորոշման, ուլտրաձայնային հետազոտության, ատմնաբուժական, ինչպես նաև լաբորատորիայից, որոնք հագեցված են անհրաժեշտ բուժսարքավորումներով ու գույքով: Այստեղ հսկայական ծավալի աշխատանք է իրականացվում: Աշխատանքային առօրյան ամեն րոպե հագեցած է, լարված: Բուժհաստատությունը բավական մեծ ու բարդ տարածքի պաշտպանությունն իրականանցող մի քանի զորամասերի է սպասարկում: Իսկ սահմանային միջադեպերն, այս ուղղությամբ, ցավոք, բավական հաճախակի են… Բուժանձնակազմն իր ուսերին է կրում մարտական հենակետերից անմիջապես այստեղ տեղափոխվող ծանր վիրավորների կյանքը փրկելու պատասխանատվությունը…

Այստեղ հիանալու, զարմանալու առիթները շատ են… Բժիշկները բնակվում են անմիջապես հոսպիտալում՝ բուժական մասնաշենքից փոքր-ինչ վերև՝ առանձին շենքում՝ կողք կողքի… Երբ ծանր դեպք է լինում, բոլորը մեկ մարդու նման հիվանդի կողքին են: Ոչ միայն վիրաբույժը, ոչ միայն անզգայաբանը. բոլորը…

Սա թիմ է, ընտանիք, որտեղ մարդկային հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի, ջերմության, միմյանց հասնելու, օգնելու, զինվորին փրկելու պատրաստակամության վրա: Այս մարդիկ ապրում են կողք կողքի, պայքարում են կողք կողքի, ու… հաղթում են միասին:

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում մեզ հյուրընկալեցին հարազատի ջերմությամբ: Երեք օր մնալով բուժհաստատության հարկի տակ՝ դարձանք այս մեծ ընտանիքի անդամները, հարազատացանք…

Հ.Գ. Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի բոլոր բաժանմունքների մասին պատմող ռեպորտաժները, բժիշկների, բուժքույրերի հետ զրույցները, ակնարկները, ինչպես նաև զորամասի բժշկական անձնակազմի հետ զրույցները կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում:

Հասմիկ Գյոզալյան

  • 17IMG_6222 (Medium)
  • 53IMG_6459 (Medium)
  • 6 (Medium)
  • 43IMG_6416 (Medium)
  • 13 IMG_6180 (Medium)
  • 58 IMG_6491 (1) (Medium)
  • 51IMG_6451 (Medium)
  • 41IMG_6408 (Medium)
  • unnamed
  • unnamed (2)
  • unnamed (1)