ՄԱՇԿԸ՝ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՅԵԼԻ

Գիտնականները պնդում են, որ մաշկը հայելի է, որում արտացոլվում է օրգանիզմի վիճակն իր բոլոր բարդություններով։ Եվ դա այդպես է, որովհետև մաշկն ամբողջ օրգանիզմի անբաժանելի մասն է, և տեսքը կախված է նրա ընդհանուր վիճակից։ Այսպիսով՝ որքան մաքուր է ձեր մաշկը, այնքան մաքուր է ձեր օրգանիզմը։ Գաղտնիք չէ, որ ի թիվս շատ ու շատ այլ հիվանդությունների, մաշկային հիվանդությունները ևս վերջին ժամանակահատվածում մեծ աճ են գրանցել։ Նման հիվանդություններից բնականաբար ապահովված չեն նաև զինվորները, մանավանդ հենակետերում հերթապահություն իրականացնողները. չէ՞ որ նրանք ամբողջ օրը դրսում են. արև, քամի, սառնամանիք, սողուններ, միջատներ. այս ամենը նպաստավոր հող է մաշկային հիվանդությունների զարգացման համար։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են առաջանում մաշկային հիվանդությունները, ինչպե՞ս կանխարգելել. պարզաբանում է Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան Արփինե Մաթևոսյանը։

-Մաշկը ծածկում է մարմնի ամբողջ մակերեսը և բնական ծալքերում այն վեր է ածվում լորձաթաղանթի։ Օրգանիզմի հետ մաշկը սերտորեն կապված է արյունատար, լիմֆատիկ և նյարդային համակարգերի օգնությամբ, այդ պատճառով բազմաթիվ ախտաբանական պրոցեսներ, որոնք ընթանում են տարբեր օրգաններում, որոշակի չափով արտացոլվում են մաշկի միջոցով։ Մաշկն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ՝ պաշտպանողական, ջերմակարգավորման, զգացողության, սեկրետոր (ճարպագեղձերը և քրտնագեղձերը գտնվում են մաշկի հաստության մեջ, նրանց ծորանները բացվում են մաշկի մակերեսին), ներծծող, շնչառական։

Մաշկային հիվանդությունների (մաշկի և նրա հավելումների՝ ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազ, եղունգներ) առաջացման մեջ դեր են խաղում երկու խումբ գործոններ՝ արտաքին և ներքին։

Արտաքին գործոններն են՝ մեխանիկական (դրանք են վնասվածքները, որոնք կարող են բերել մաշկի ծածկույթի ամբողջականության խանգարման, ստեղծվում են, այսպես ասած, «բաց դռներ», որտեղից էլ ներս են թափանցում զանազան հիվանդությունների հարուցիչներ), ֆիզիկական (բարձր կամ ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ առաջանում են բորբոքային պրոցեսներ (այրվածք, ցրտահարություն, արևահարություն), քիմիական, կենդանի պարազիտներ (քոսի տիզ, ոջիլ), սնկիկներ, բակտերիաներ, վիրուսներ, կլիմայական գործոններ։

Ներքին գործոնները զանազան օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումներն են ու դրանց հետ կապված հիվանդագին փոփոխությունների արտահայտվածությունն են մաշկի մակերեսին։

Մաշկային հիվանդությունները բաժանվում են մի քանի խմբերի՝ մաշկի թարախային հիվանդություններ, սնկային հիվանդություններ, պարազիտային (քոս, ոջլոտություն), քորվող մաշկախտեր, վիրուսային (գորտնուկներ, հերպեսներ), ժառանգական նախատրամադրվածություն ունեցող, անհայտ ծագման մաշկաբորբեր։ Մաշկային հիվանդություններից առավել տարածվածներին մենք կանդրադառնանք թերթի առաջիկա համարներում։

Մաշկային հիվանդությունները դրսևորվում են բազմաթիվ պաթոլոգիկ (ախտածին) տարրերով՝ բշտիկներ, թարախաբշտիկներ, ճաքեր, գերհաստացած (գերեղջրացած) օջախներ, թեփոտում, էրոզիվ-խոցային մակերեսներ, հանգույցիկներ, հիպերեմիա (կարմրածություն), հիպեր կամ հիպոպիգմենտացիա (գեր կամ թեր գունակավորում)։ Լինում են նաև քորի, այրոցի, այտուցի, ցավի և դիսկոմֆորտի զգացողություն։ Մաշկային հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է խստագույնս հետևել մի շարք նորմերի։

1. Հիգիենա (ունենալ անհատական օգտագործման հիգիենայի պարագաներ, կոշիկներ, հագուստ, անկողին)։ Այս դեպքում կկանխենք այն բոլոր մաշկային հիվանդությունների առաջացման վտանգը, որոնք փոխանցվում են շփման միջոցով (քոս, ոջլոտություն, սնկային հիվանդություններ)։

2. Ունենալ ճիշտ չափսի կոշիկներ և հագուստ (մեծ կամ փոքր չափսի կոշիկները կարող են առաջացնել մաշկի վնասվածքներ, որոնք էլ բարենպաստ միջավայր են ստեղծում մանրէների ներթափանցմանը առողջ օրգանիզմ)։

3. Հնարավորինս խուսափել արևահարումներից և ցրտահարումից։

4. Հատկապես շոգ եղանակներին, հնարավորության սահմաններում, հաճախակի ցնցուղ ընդունել, ոտքերը պարտադիր լվանալ օրը մեկ-երկու անգամ (գերքրտնարտադրության արդյունքում, չլողանալու դեպքում, սեփական քրտինքը կարող է գրգռիչ հանդիսանալ առողջ մաշկի համար)։

Եթե մաշկի վրա ի հայտ են գալիս վերը թվարկված տարրերից, ունենում եք քորի կամ ցավի զգացողություն, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել։ Դիմեք մոտակա բուժկետ, անհրաժեշտության դեպքում նաև նեղ մասնագետին՝ մաշկաբանին։ Ձեզ բոլորիդ քաջառողջություն և բարի ծառայություն եմ մաղթում։ Բանակը հզոր է առողջ զինծառայողներով։ Եղեք առողջ։

Պատրաստեց Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ