Համագործակցություն՝ հանուն զինվորի առողջության

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հանդիպեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիի տիկին Յադվիգա Նովակովսկայի ն «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր -նախագահ մեր հայրենակցուհի, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կայացած հանդիպումը Ջուլիետա Կիվորկովայի և Յադվիգա Նովակովսկայի նախաձեռնությամբ էր: Մանկատանը արդեն մի քանի տարի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործում է ատամնաբուժական կաբինետ, որտեղ բուժում են ստանում մանկատան, ինչպես նաև պատերազմի առաջին կարգի հաշմանդամների և զոհվածների մինչև 18 տարեկան երեխաները: Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու Ջուլիետա Կիվորկովայի առաջարկը՝ միանալու «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» «Հանուն զինվորի առողջության» ծրագրին:

Ներկաներն այցելեցին նախ ատամնաբուժական կաբինետ, ապա եղան մանկատան խաղասենյակներում, դասապատրաստման սենյակներում, ննջարաններում, բոլորովին վերջերս վերաբացված վերականգնողական կենտրոնում:

Մանկատան տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մկրտչյանը ներկաներին պատմեց, որ 2011 թվականից Ջուլիետա Կիվորկովայի նախաձեռնությամբ՝ մանկատան երեխաներին ատամնաբուժական ծառայություն է մատուցվում, սակայն մանկատան տարածքում ատամնաբուժական կաբինետ ունենալու անհրաժեշտությունն, այդուամենայնիվ, մեծ էր:

Ինքը՝ Ջուլիետա Կիվորկովան, պատմությունն սկսում է ավելի հեռվից.

«15 տարի բացակայությունից հետո երբ եկա Հայաստան, այցելեցի մանկատուն: Ես այստեղ մի աղջկա հանդիպեցի, ով թե արտաքնապես, թե շարժուձևով զարմանալիորեն նման էր իմ դստերը:Աղջիկն անմիջապես սիրտս մտավ: Հետաքրքրվեցի երեխայով, ասացին, որ նրան հնարավոր չէ որդեգրել, քանի որ երկու քույրիկներ ունի մանկատանը: Մեկ տարի անց, երբ կրկին Հայաստանում էի, կրկին տեսա աղջնակին, երբ ժպտաց, նկատեցի, որ ատամը կոտրված է: Հարցրի՝ ինչ է պատահել, ասաց՝ ընկել եմ: Հետաքրքրվեցի, թե ով է բուժում երեխաների ատամները: Ասացին, որ անհրաժեշտության դեպքում տանում են ատամնաբույժի մոտ: Ես վերադարձա տուն, իմ կլինիկայի բժիշկներին ասացի, որ պետք է կրկին գնամ Հայստան: Իմ բժիշկներից 4 հոգի եկան ինձ հետ: Մենք եկանք մեր գործիքներով, սարքավորումներով ու նյութերով: Մեզ տարածք հատկացրին «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Մակատան երեխաներին տեղափոխում էին այնտեղ, և մեր բժիշկները բուժում էին նրանց: Ցանկությունս մեծ էր, որ ատամնաբուժական կաբինետ ունենանք հենց մանկատանը: Երջանիկ եմ, որ երազանքս կատարվեց:

Տիկին Ջուլիետան նշում է, որ երեք ամիսը մեկ Լեհաստանից 4 բժիշկներ են ժամանում Հայաստան՝ մանկատան ատամնաբուժական կաբինետում աշխատելու իրենց հայ կոլեգաների հետ:

Մեր այցելության պահին այնտեղ աշխատում էին Հովհաննես Աբրահամյանը, Գևորգ Մխիթարյանը, Հասմիկ Գրիգորյանը, Յոլանտա Ցիբուրտը, Պաուլինա Ցոյասը:

« Ցանկություն ունեմ օգտակար լինելու նաև բանակին,- իր խոսքն այսպես է ավարտում «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր -նախագահ մեր հայրենակցուհի Ջուլիետա Կիվորկովան,-

Ես զտարյուն հայուհի եմ, արմատներս Արցախից են:Մեր ընտանիքում զինվորականները շատ են: Մորեղբայրս Զինված ուժերի սպա է եղել, նրա ծառայության վերջին վայրը Արտաշատն էր: Մորական պապիս 6 թոռներից 5-ը բժիշկներ են: Նրանցից 3-ը՝ զինվորական բժիշկներ: Այնպես որ, բանակի հետ ինձ շատ բան է կապում:

Ես սկսել եմ փոքր հաջողությունից, սակայն այսօր 2 կլինիկա ունեմ Լեհաստանում:

Մենք այսօր հանդիպեցինք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, նրան ասացի, որ ցանկություն ունեմ միանալու նրա ղեկավարած ասոցիացիայի «Հանուն զինվորի առողջության» ծրագրին: Ռուզաննա Խաչատրյանը նույնպես ատամնաբույժ է, և հույս ունեմ, որ այդ հանգամանքը կօգնի մեզ ավելի արդյունավետ համագործակցելու:

Կցանկանայի ստեղծել այսպես կոչված ատամնաբուժարան՝ անիվների վրա՝ շարժական պոլիկլինիկա, որը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, կկարողանա հասնել ամենահեռավոր զորամասերը և բուժօգնություն ցուցաբերել սահմանապահ զինվորներին: Վստահ եմ, որ Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած ասոցիացիայի հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական:

Հասմիկ Գյոզալյան

  • 12080856_1223583537659145_1002649213_n
  • unnamed (30)
  • unnamed (5)
  • 12084243_1223612974322868_177187291_n
  • unnamed (12)
  • unnamed (24)
  • unnamed (18)
  • unnamed (14)
  • unnamed (27)
  • unnamed (26)
  • unnamed (13)
  • unnamed (21)
  • unnamed (28)
  • unnamed (35)
  • unnamed (33)
  • unnamed (36)
  • unnamed (32)
  • unnamed (29)
  • unnamed (23)