ՆՎԻՐՈՒՄ

Բուժքույր Ալլա Բարսեղյանն աշխատում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում։ Ուղիղ 40 տարի առաջ էր. Երևանի բժշկական ուսումնարանն ավարտած աղջնակը մի քիչ վախվորած, մի քիչ վարանոտ առաջին անգամ ոտք դրեց Երկաթգծի հիվանդանոց (որն ավելի ուշ վերափոխվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի) և ցանկություն հայտնեց այստեղ աշխատելու։ Մասնագիտական մի քանի հարց տալուց հետո նորավարտ աղջնակին սիրով ընդունեցին։ Իսկ նա էլ շուտով իր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքով արդարացրեց վստահությունը՝ միաժամանակ շահելով աշխատակիցների հարգանքն ու սերը։ Եվ ահա շուրջ 40 տարի ամեն օր բուժքույր Ալլա Բարսեղյանը մտնում է զինվորական հոսպիտալ, հագնում սպիտակ խալաթն ու անցնում իր պարտականությունների կատարմանը։ Հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահան Գևորգյանը գոհ է Ալլայի բարեխիղճ աշխատանքից և միայն դրվատանքի խոսքեր է ասում նրա հասցեին։ Իսկ ավագ բուժքույր Էդմիլա Աթանեսյանն էլ լրացնում է. «Ալլան ինձ համար որպես ուսուցիչ է եղել, միշտ զգացել եմ նրա և՛ մասնագիտական, և՛ մարդկային աջակցությունը։ Նա իր խորհուրդներով պատրաստակամորեն օգնում է երիտասարդ բուժքույրերին։ Համեստ է, արդարասեր, պատվախնդիր։ Տեսնել է պետք, թե ինչ ջերմությամբ, հարազատի հոգածությամբ է շրջապատում հիվանդներին»։

-Ամեն հիվանդի մեր երեխայի պես ենք վերաբերվում։ Սրտից բխող բարի խոսքն էլ սպեղանի է, դեղին հավասար ուժ և զորություն ունի։ Ջանում ենք անել հնարավորը, որ հիվանդ զինվորը չզգա, որ տնից-տեղից կտրված է, հարազատներից հեռու,- ասում է բուժքույր Ալլան։

Եվ այսպես ամեն առավոտ մտնում է հիվանդասենյակները, բծախնդիր պարտաճանաչությամբ կատարում բժշկի նշանակումները, դեղորայքը բաժանում, միացնում կաթիլայինն ու այդ ընթացքում մտերմիկ զրույցի բռնվում հիվանդ զինվորների հետ, բարեգութ մոր նման իր գորովով ջերմացնում նրանց, գոտեպնդում, քաջալերում։ Որքա՜ն հիվանդներ են բուժվել, ապաքինվել այստեղ, թիվ և հաշիվ չկա։ Ամեն մի հիվանդի ցավին ու գանգատին հարեհաս է գթության քույր, բուժքույր Ալլան։ Ամեն հիվանդի տառապանքն ու ցավը ասես իր սրտի միջով է անցնում։ Աշխատանքից տուն է վերադառնում, բայց առօրյա կենցաղային հոգսերի մեջ էլ մտքերով իր բաժանմունքի հիվանդների հետ է։ Իր մտահոգությունները, ապրումները հաճախ է կիսում հարազատների հետ, վերջիններս էլ երբ զանգահարում են, առաջինը հարցնում են հիվանդ զինվորների առողջական վիճակի մասին։

-Տարիներ առաջ էր,- հիշում է Ալլան,- պատերազմական ծանր օրերն էին, հոսպիտալում ասեղ գցելու տեղ չկար, անընդմեջ վիրավորներ էին բերում։ Ծնողներին, հարազատներին հավասար մենք էլ էինք տառապում, ապրում նույն ցավը… Հորադիզից «Իկարուսով» ծանր վիրավորներ բերեցին։ Պատուհանից նայում էինք ու լաց լինում։ «Լացելու ժամանակը չի,- բարկացավ մեր բաժանմունքի այն ժամանակվա պետը՝ լուսահոգի Սերգեյ Հարությունյանը.- շտապեք օգնել, փրկել»։

Փրկեցին, փրկում են…

-Բժշկի, բուժքրոջ ծանր աշխատանքի ամենամեծ գնահատանքը փրկված, առողջացած հիվանդն է։ Երբ վերջինս արդեն ոտքի վրա է, և հետևում են մնացել առողջական լուրջ խնդիրները, բոլոր տագնապները,- նշում է Ալլա Բարսեղյանը և ավելացնում,- շատ եմ ուզում, որ աշխարհում մշտամնա խաղաղություն լինի, որ մեր զինվորը երբեք չվիրավորվի թշնամու զենքից։ Խաղաղ պայմաններում ծառայի և առողջ ու անփորձանք վերադառնա հարազատ օջախ։

♦♦♦

40 տարի Ալլա Բարսեղյանն աշխատում է վիրաբուժական բաժանմունքում։ Աշխատավայրում սիրում և հարգում են նրան իր անմնացորդ նվիրումի, անմիջականության, կենսասիրության և բարության համար։ Հրաշալի ընտանիք ունի Ալլան, հիանալի զավակներ՝ երկու տղա և աղջիկ։ Վերջինս ևս բուժքրոջ մասնագիտությունն է ընտրել։

-Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը,- մեր զրույցի վերջում հարցնում եմ Ալլային։

-Ընտանիքում և աշխատանքում սիրված, հարգված և գնահատված լինելը,- պատասխանում է նա։

-Թող սերը, հարգանքն ու գնահատանքը երբեք չպակասեն, և թող անխաթար լինի Ձեր երջանկությունը,- մաղթում եմ բուժքույր Ալլային 40-ամյա աշխատանքային կենսագրության ընթացքում իր ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված բոլոր-բոլոր ապաքինված հիվանդների կողմից։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ