ՕՁԵՐԻ ՀԵՏ ԳԼՈՒԽ ՄԻ ԴՐԵՔ

Շոգերի սաստկանալուն պես առավել հաճախ ենք լսում օձերի մասին։ Շատերն են սարսափում այս կենդանիներից, հենց միայն օձերի տեսքից խուճապի են մատնվում՝ չկարողանալով հաճախ ճիշտ գործել, արագ կողմնորոշվել։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ուրեմն՝ անհրաժեշտ է չկորցնել սառնասրտությունը և հիշել՝ նյարդային գրգռվածությունը նպաստում է թույնի արագ տարածմանը։

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը՝ իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը (Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում), Դարևսկու իժը (Հայաստանի հյուսիսում), փոքրասիական իժը (տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրի, սրանք շատ թունավոր են և վտանգավոր), անդրկովկասյան գյուրզան (հարավային շրջաններում է տարածված, սա ևս շատ թունավոր է և հաճախ են մահացության դեպքերը)։

Նշանները՝ օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամների հետքը, ըստ որի էլ կարելի է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծածի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Ոչ թունավոր օձի կծածի դեպքում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս այս նշանները՝ կծած տեղում ցավ և այրոց, կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից, տեսողության խանգարումներ, խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառական խանգարումներ։

Թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից

* օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից
* տարվա եղանակից (առավել վտանգավոր են ամռանը)
* կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարումներ։ Լուրջ են նաև իրանի և ձեռքի վերին հատվածի կծածները, քանի որ այդ թույնը շատ արագ է տարածվում ամբողջ մարմնում։

Ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։ 20-30 տոկոսի դեպքում օձերը կարող են կծել, բայց թույն չարտազատել, դրանք համարվում են «չոր» կծածներ, և թունավորման ախտանշաններ ի հայտ չեն գալիս։

Թունավոր օձի կծածի ժամանակ մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը։
1. Տուժածին անհրաժեշտ է պառկեցնել և տալ հանգիստ։ Արգելվում է վնասված վերջույթով քայլելն ու նստելը, քանի որ հաճախ զարգանում են գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն։
2. Չափազանց կարևոր է կծած վերջույթի անշարժացումը։ Հայտնի է, որ օձի թույնը տարածվում է ավշային ուղիներով։ Անշարժ վերջույթից ավշե արտահոսքն աննշան է, իսկ շարժունների դեպքում այն կտրուկ ուժեղանում է՝ նպաստելով թույնի տարածմանը։
3. Կծած վերջույթից անհրաժեշտ է հանել բոլոր սեղմող կապերն ու պարագաները։
4. Արգելվում է կծած տեղում կատարել որևէ միջամտություն (կտրվածք, սառը դնել, այրում)։
5. Չի կարելի դնել սեղմող կապ. դա կարող է ավելի վատթարացնել տուժածի վիճակը։ Նույնիսկ ամենաձիգ սեղմման ժամանակ էլ թույնը շարունակում է ներծծվել արյան հուն ներոսկրային երակային ցանցով։
6. Տուժածին չի կարելի տալ ալկոհոլ, սեդատիվ դեղամիջոցներ։ Կարելի է ցավազրկել ոչ սեդատիվ ազդեցություն ունեցող ցավազրկող դեղորայքով։
Ահազանգեք կամ տուժածին շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Հիշեք, որ օձերը առաջինը չեն հարձակվում և կծում են միայն պաշտպանվելու նպատակով։ Ուշադիր եւ զգույշ եղեք, որ չտրորեք օձին: Խուսափեք բարձր խոտերից, օձաշատ վայրերից, գիշերները քայլելիս լուսավորեք ճանապարհը: Մի փորձեք բռնել, մի անհանգստացրեք օձերին։