Ալկոհոլի վնասները

Գինին անասնացնում և գազանացնում է մարդուն, դաժանացնում է նրան և շեղում է պայծառ մտքերից, բթացնում նրան։

Ֆեոդոր Դոստոևսկի

Դժվար է ասել` երբ է գործածության մեջ մտել ալկոհոլը, բայց կարելի է ենթադրել, որ նրա պատմությունը այնքան էլ երիտասարդ չէ մարդկության պատմությունից: Նոր Գվինեայի պապուասները, դեռ չհայտնաբերած կրակը, արդեն տիրապետում էին ալկոհոլի ստացման միջոցներին: Բազմաթիվ ցեղեր այն օգտագործում էին իրենց ծիսակատարությունների մեջ. դրա միջոցով շփվում էին աստվածների և մահացածների հետ: Ավելի ուշ այն օգտագործվում էր եղբայրացման ծիսակատարության մեջ: Գինով լի գավի մեջ կաթեցնում էին ծիսակատարւթյան մասնակցի արյան կաթիլը և այն շրջանաձև փոխանցում էին մասնակիցներին: Հնարավոր է՝ հենց դրանից է ծագել հյուրեր ընդունելիս սեղանին գինի դնելու արարողությունը:

Մաքուր սպիրտ ստացել են արաբները VII դարի սկզբին: «Ալկոհոլ» բառն ունի արաբական ծագում, թարգմանաբար նշանակում է «բթացնող»:

1961թ. ամերիկացի ֆիզիկոսները նկատեցին արյան մեջ թրոմբներ` բաղկացած արյան կարմիր գնդիկներից` էրիթրոցիտներից, որոնք շարժվում էին մազանոթներով և անոթներով ոչ թե մեկական, այլ մակարդուկներով (ագրեգացված)՝ մի քանիսից մինչև հազարը հասնող հատիկներով: Ֆիզիկոսներն այն անվանեցին «խաղողի ողկույզներ»: Ինչպես հետագայում պարզվեց, էրիթրոցիտները ադհեզվում էին ալկոհոլի ազդեցության տակ, և մակարդուկը կարող էր պահպանվել մի քանի օր:

Այս եզրակացությունը կարելի է հաստատել կենսաբանության դպրոցական դասընթացի փորձով. ջրով լի բաժակում ավելացվում է մի քանի կաթիլ արյուն, այնուհետև մի քանի կաթիլ օղու սպիրտ, որից հետո արյունը մակարդվում է փնջերով: Տվյալ փորձը տեսանելի ցույց է տալիս ալկոհոլի հետևանքով առաջացած էրիթրոցիտների վնասումը: Մարդու արյունատար անոթներում տեղի է ունենում նույն բանը:

Ալկոհոլը բացասական ազդեցություն է թողնում մարդու անխտիր բոլոր օրգանների վրա, բայց հատկապես կործանարար է ազդում գլխուղեղի վրա: Գինու, օղու, գարեջրի մեջ պարունակվող սպիրտը, ներծծվելով արյան մեջ, արյան հոսքի հետ հասնում է ուղեղին, որտեղ և սկսվում է գլխուղեղի շերտի ինտենսիվ կործանման պրոցեսը:

Ալկոհոլը արյան մեջ առաջացնում է էրիթրոցիտների մակարդուկներ և թրոմբներ, որոնք ամուր խցանում են միկրոմազանոթները, մազանոթները ուռչում են և պայթում: 100 գրամ օղի օգտագործելու դեպքում վերջնականապես և անդարձ կործանվում են ուղեղի հազարավոր բջիջներ, իսկ ամեն կերուխումի ժամանակ` տասնյակ հազարավոր: Ուղեղի մեռած բջիջները հաջորդ օրը դուրս են գալիս մեզի հետ:

Այսպիսով, ալկոհոլի ազդեցության տակ խաթարվում է գլխուղեղի աշխատանքը, ընդ որում վնասվում են.

· ուղեղի ծոծրակային հատվածը` խաթարելով շարժումների կոորդինացիան,

· ուղեղի «բարոյական» կենտրոնի աշխատանքը․ վնասվում են մարդու վարքը ղեկավարող բջիջները, բթանում է ամոթի զգացումը, մարդը դառնում է ավելի սանձարձակ,

· հիշողության համար պատասխանատու բջիջները. զարգանում են ալկոհոլային ամնեզիաներ (հիշողության կորուստ):

Երբ ալկոհոլը արյան հետ հասնում է սրտին, այն վնասում է սրտամկանի (միոկարդի) բջիջները: Առաջանում են միկրոսպիներ: Սրտամկանը կորցնում է ճկունությունը, սկսում է աշխատել սահմանային հնարավորությամբ և խեղդվում է արյան մեջ՝ չհասցնելով այն դուրս մղել: Սիրտը պատվում է շարակցական հյուսվածքով, և այդ պատճառով խմող մարդու սիրտը մեծ է: Անոթներում և մազանոթներում ձևավորվում են թրոմբներ, որոնք փակում են արյան բաղադրիչների և թթվածնի մուտքը: Սրտի հյուսվածքները մահանում են: Առաջանում է սրտամկանի ինֆարկտ:

Լյարդ. Ալկոհոլի ցանկացած չափաբաժին կործանարար է ազդում լյարդի վրա, որը իր վրա է վերցնում ալկոհոլային թույնի առաջին հարվածը: Լյարդի բջիջները մահանում են և փոխարինվում ճարպային և շարակցական հյուսվածքներով: Առաջանում է ճարպային հեպատոզ, ցիռոզ և այնուհետև չարորակ քաղցկեղ:

Ենթաստամոքսային գեղձ. Երբ արյան հետ ալկոհոլը ընկնում է ենթաստամոքսային գեղձ, առաջացնում է ուղիների սպազմ: Գեղձի ֆերմենտները կուտակվելով քայքայում են այն ներսից՝ ի վերջո հասցնելով անհատին մահացու հիվանդությունների` պանկրեատիտ, պանկրեոնեկրոզ:

Կերակրափող. Ալկոհոլը անխուսափելիորեն բերում է կերակրափողի անոթների վարիկոզ լայնացման: Երակները աստիճանաբար դեֆորմացվում են ու թուլանում և ցանկացած պահի կարող են պայթել: Այդ դեպքում տեղի է ունենում անսպասելի ինտենսիվ ներքին արյունահոսություն: Արյունը, կուտակվելով ստամոքսում, զարգացնում է հեմոռագիկ շոկ, ինչն էլ պահանջում է անհապաղ ռեանիմացիոն միջամտություն:

Ստամոքս-աղիքային համակարգ. Ալկոհոլը ագրեսիվորեն քայքայում է ՍԱՀ-ի պաշտպանիչ ծածկույթի շերտը, ոչնչացնում միկրոֆլորան, խաթարում արյունամատակարարումը: Աղիքների լորձաթաղանթի մակերեսին ձևավորվում են բազմաթիվ էռոզիաներ, դրանք վերափոխվում են խոցերի, իսկ այնուհետև՝ չարորակ ուռուցքների:

Արյուն. Արյան բջիջները` էրիթրոցիտները, ալկոհոլի ազդեցության տակ արագ կպչում են՝ առաջացնելով մակարդուկներ, տարածվում են ամբողջ օրգանիզմով, խցանում են մազանոթները: Օրգանիզմը ջրազրկվում է:

Ալկոհոլի քայքայման բաղադրիչները առանց բացառության թունավորում են բոլոր օրգանները և վնասում բոլոր օրգան-համակարգերը: Կենցաղում այս իրավիճակը անվանում են խումհար:

Հոգեկան շեղվածություններ. Ալկոհոլիզմի հետևանքով բացահայտվում են ամենատարբեր հոգեկան շեղումներ` հալյուցինացիա, մարմնի մասերի անզգայացում, ջղաձգումներ, երբեմն վերջույթների կտրուկ թուլացում: Հաճախ առաջանում են առանձին մկանախմբերի կաթվածներ, հիմնականում ստորին վերջույթներում:

Ալկոհոլիզմը պրոգրեդիենտ հիվանդություն է, որը բնորոշվում է ալկոհոլային խմիչքների հանդեպ հիվանդագին հակումով, ալկոհոլի գործածումը դադարեցնելու դեպքում աբստինենտ համախտանիշի զարգացումով, իսկ հետագայում՝ կայուն սոմատոնյարդաբանական խանգարումներով և հոգեկան դեգրադացիայով:

Հին Հռոմում ասում էին. «Հարբեցողները ծնում են հարբեցողներ», և կտրականապես արգելում էին խմել մինչև 30 տարեկանը, այսինքն՝ մինչև ընտանիքի լրիվ ձևավորման ավարտը: Բուլղարացի բժիշկ-գիտնական Գ. Եֆրեմովը, հետազոտելով 23 խրոնիկ հարբեցողների, պարզել է, որ նրանցից 15-ի մոտ ծնվել են մահացած երեխաներ, իսկ 8-ի մոտ ծնվել են երեխաներ՝ ֆիզիկական արատներով:

Ալկոհոլիկ հիվանդների բուժումը պետք է անցկացվի մասնագիտացված նարկոլոգիական հիմնարկներում, բժիշկ-նարկոլոգի հսկողությամբ: Ալկոհոլիզմով տառապող բոլոր հիվանդները բուժվելու կարիք ունեն: Թերապիայի արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է հիվանդի և բժշկի հարաբերությամբ: Բուժումը կարող է անցկացվել ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում՝ պայմանավորված հիվանդի վիճակով: Բուժումն անցկացվում է մի քանի փուլով: Սկզբնական շրջանն ուղղված է ալկոհոլի չարաշահման կասեցմանը և աբստինենտ սինդրոմի վերացմանը:

Երկրորդ փուլում կատարվում է ալկոհոլի հանդեպ պաթոլոգիկ հակման ընկճում:

Երրորդ փուլում կատարվում է օժանդակող և հակառեցիդիվող բուժում:

Ալկոհոլիզմի բուժման արդյունավետությունը պայմանավորված է հոգեթերապևտիկ ազդեցությամբ: Հոգեթերապևտիկ բուժումը սկսվում է հիվանդի առաջին զննումից: Հոգեթերապիան նպաստում է հիվանդի ռեաբիլիտացիային և ռեսոցիալիզացիային, սթափ ապրելակերպի ձևավորմանը, ինքնավստահության առաջացմանը, առանց ալկոհոլ գործածելու տարբեր խնդիրներ ինքնուրույն լուծելու ունակությանը: Ռեցիդիվների պատճառները չլուծված կենցաղային խնդիրներն են, աշխատանքային և ընտանեկան վեճերը:

Կիրառվում են հոգեթերապիայի ավանդական միջոցներ` անհատական, խմբային, ընտանեկան:

Կյանքը աստվածային պարգև է. արագացնելով մեր մահը` մենք մերժում ենք այդ պարգևը:

Դավիթ Մխիթարյան