ՍՐՏԻՆ՝ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Սիրտն աշխատում (կծկվում) է մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ քնած ժամանակ։ Սովորաբար այդ մասին մենք չենք էլ մտածում, քանզի այն կծկվում է մեր գիտակցությունից անկախ։ Սակայն մեր կյանքի «շարժիչի» մասին մենք պարտավոր ենք հոգալ։ Գաղտնիք չէ, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները գնալով աճ են արձանագրում։ Ինչպե՞ս կանխարգելել դրանք։ Այս եւ նմանաբնույթ հարցերի պատասխանում է սրտաբան ՌՈՒԶԱՆՆԱ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ։

-Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կտրուկ աճել են սիրտ-անոթային հիվանդությունները եւ, ցավով պետք է խոստովանեմ, որ մնացած բոլոր հիվանդությունների նման սրանք եւս երիտասարդացել են, ինչը շատ մտահոգիչ է։ Այս բնույթի հիվանդությունները հատկապես սրվում են գարնանը եւ աշնանը։ Եղանակային կարճաժամկետ անկայունությունը, մթնոլորտային ճնշման տատանումները, խոնավության բարձրացումը մեծ ազդեցություն են ունենում հատկապես զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց վրա։ Սիրտ-անոթային հիվանդություններից առավել տարածված են համարվում սրտի իշեմիկ հիվանդությունը եւ զարկերակային հիպերտենզիան։ Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի արյան վատ մատակարարումը։ Հիվանդությունը հանդես է գալիս սրտի շրջանում սեղմող բնույթի ցավերի տեսքով։ Զարկերակային հիպերտենզիան զարկերակային ճնշման կայուն բարձրացումն է։ Եվ որքան բարձր է զարկերակային ճնշումը, այնքան մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների եւ բարդությունների ռիսկը։

Սիրտ-անոթային հիվանդությունների գլխավոր նշաններն են ճնշող ցավերը սրտի շրջանում, սրտխփոցները, շնչարգելությունը, ֆիզիկական ակտիվության նվազումը։ Պետք է ժամանակին բժշկի դիմել, այլապես ուշացնելը կարող է ճակատագրական լինել. սիրտը կատակել չի սիրում։

Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկային գործոնների շարքում են զարկերակային գերճնշման առկայությունը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը, հավելյալ քաշը, ծխելը։ Նշանակություն ունեն նաեւ կյանքի լարված ռիթմը, հոգեկան ապրումները, սթրեսը, ցածր ֆիզիկական ակտիվությունը։

Սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է չափազանց մեծ ուշադրություն դարձնել ճիշտ ապրելակերպին եւ ճիշտ սնվելուն։ Օգտագործել շատ բանջարեղեն եւ մրգեր, սնվել քիչ յուղալի սննդատեսակներով, նախապատվությունը տալ կալիումով (ձկնեղեն, ծովամթերք, կաղամբ, ծիրանի չիր, թուզ) եւ կալցիումով (ցածր յուղայնությամբ կաթնամթերք) հարուստ սննդին։ Սահմանափակել ճարպերը, շաքարի, աղի, ածխաջրեր պարունակող մթերքների (հաց, հացամթերք, խմորեղեն, ձավարեղեն, կոնֆետներ) օգտագործումը, պետք է խստագույնս հետեւել մարմնի քաշին, սահմանափակել ծխելը, չչարաշահել խմիչքը։ Պակաս կարեւոր չէ լիարժեք քունը, հանգիստը։ Աշխատեք շատ լինել բնության գրկում։ Խուսափեք փողոց դուրս գալ սառնամանիքի եւ ուժեղ քամիների ժամանակ։ Սիրտը նաեւ աղմուկ չի սիրում։ Բացի սիրտ-անոթային հիվանդություններից, աղմուկն առաջացնում է քնի խանգարումներ, նյարդային համակարգի լարվածություն։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ սենյակի օդափոխությանը։ Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ֆիզիկական ակտիվությունը (հեծանիվ քշել, արագ քայլք, մանրաքայլ վազք, թեթեւ աշխատանք այգում, պար), սպորտով զբաղվելը։

Ուրախ տրամադրությամբ համակվեք. ասում են՝ ուրախ մտքերն առողջության կեսն են։ Գիտնականները վկայում են, որ տրամադրությունն ազդում է մարդու օրգանիզմի կենսական օրգանների աշխատանքի վրա։ Պարզվում է, որ, օրինակ, խոժոռ դեմքը, սեղմած շրթունքները, դժգոհ հայացքը զգալիորեն ազդում են սրտի աշխատանքի վրա։ Բայց բավական է մարդ որեւէ հաճելի բան հիշի կամ մտովի պատկերացնի, սրտի աշխատանքը ստուգող սարքերը սկսում են դրական ցուցանիշ գրանցել։ Սրտացավ եղեք սրտի հանդեպ եւ հիշեք ամենակարեւորը՝ յուրաքանչյուր հիվանդություն կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը։