Հանդիպում հրամանատարական հավաքի մասնակիցների հետ

Այսօր ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում տեղի ունեցավ կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի և ռազմաբժշկական զորամասերի հրամանատարների բուժգծով տեղակալների հրամանատարական հավաքը. որպես պլանային միջոցառում այն տեղի է ունենում տարեկան երկու անգամ՝ զինվորական բժիշկների մասնագիտական հմտությունները, գիտելիքները կատարելագործելու, բուժծառայության որակը բարելավելու նպատակով:

ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանի հրավերով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և խորհրդի մի խումբ անդամներ հանդիպեցին հրամանատարական հավաքի մասնակիցների հետ: Հանդիպումը բացեց ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը: Նա նշեց, որ կարևորում է զորամասային օղակի բուժծառայակիցների սերտ համագործակցությունը ոչ միայն ՊՆ Ռազմաբժշկական վարչության, այլև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ, քանի որ վերջինս կարճ ժամանակահատվածում իր շոշափելի աջակցություն է ցուցաբերել բանակի բուժծառայությանը, այսօր էլ հավակնոտ ծրագրեր է ներկայացնում և հետևողականորեն փորձում է իրագործել դրանք՝ հօգուտ բանակի բուժծառայության զարգացման:

Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին զորամասային օղակում բուժծառայության կազմակերպման և իրականացման, սանիտարահիգենիկ պայմանների բարելավման, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրենց մտահոգությունները և կոլեգիալ քննարկումների միջոցով առաջարկեցին խնդրի լուծման իրագործելի եղանակներ:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, զրուցելով ներկաների հետ, հայտնեց նրանցից յուրաքանչյուրին լսելու, նրանց սատարելու իր պատրաստակամությունը և հանդես եկավ բանակի բուժծառայության կազմակերպումը աշխարհի զարգացած երկրներում ընդունված ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու առաջարկություններով:

Էդիտա Մելքոնյան

  • 161
  • 166
  • IMG_9663 (Medium)
  • IMG_9684 (Medium)
  • IMG_9687 (Medium)
  • IMG_9691 (Medium)
  • IMG_9704 (Medium)
  • IMG_9733 (Medium)