Հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների հիմնախնդիրները Զինված ուժերում

Հոկտեմբերի 16-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի խումբ անդամներ՝ այդ թվում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության պետի տեղակալ, մայոր Տիգրան Քոչարյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի տեղակալ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու հոսպիտալի՝ Զինված ուժերում միակ հոգեբուժական բաժանմունքի խնդիրներին, քննարկելու՝ ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ Զինված ուժերում հոգեբանական, հոգեբուժական ծառայությունների աշխատանքը առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Սողոյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը:

Հավաքը բավական ներկայացուցչական էր և քննարկման թեմա դարձավ նախազորակոչային շրջանից մինչև զինծառայության ավարտ զինվորին, ինչպես նաև նրա ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ հոգեադապտացիայի ցածր մակարդակ ունեցող նորակոչիկների մոտ ծառայության առաջին ամիսների ընթացքում դրսևորվում են նյարդային, հոգեկան անկայունության ախտանիշներ. նրանք դուրս են մնում, օտարվում են ծառայակից ընկերների միջավայրից, իսկ դաստիարակչական կամ ուսումնական պրոցեսների օգնությամբ վերջիններիս ծառայության մեջ ընդգրկելու ջանքերը երբեմն արդյունավետ չեն լինում:

Կարինե Նալչաջյանը իր խոսքում նշեց, որ վերջին տարիների ընթացքում մասնագիտության բերումով ինքը հաճախ է լինում Հայաստանի և Արցախի տարբեր զորամասերում, շփվում է շարքային զինվորների, սպաների հետ, սակայն այդ ընթացքում բավականին դժվարություններ են առաջանում. «Զինվորի համար մենք՝ հոգեբաններս, անծանոթ մարդիկ ենք, որոնց իրենք չեն ճանաչում, հետևաբար չեն վստահում, և մենք չենք կարողանում օգնել նրանց… Այս պատնեշը հաղթահարելու համար թերևս ավելի նպատակային կլիներ տեղում՝ զորամասերում, կատարելագործել սպա-հոգեբանների աշխատանքը»:

Զինված ուժերում սպա-հոգեբանի հաստիքը ստեղծվել է դեռևս 2008 թ.՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ: Սակայն, ներկաների կարծիքով, բանակում հոգեբանական ծառայությունը հավուր պատշաճի կայացած չէ, և այդ ծառայության զարգացմանը ամենից առաջ խոչընդոտում է զինվորական հոգեբան կադրերի բացակայությունը: Զորային օղակի հոգեբանները պետք է լինեն և թիկունքում, և առաջնագծում: Ծառայելով թիկունքում՝ նրանք կկարողանան տարբերել ախտաբանական փոփոխություններ ունեցող զինվորներին, և հոգեբանական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր զինվոր անհարկի չի տեղափոխվի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Ծառայելով առաջնագծում՝ նրանք կօգնեն դիրքապահ զինվորներին հաղթահարել հոգեբանական տարաբնույթ խնդիրները:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Սողոյանի համոզմամբ՝ զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները ոչ միայն պետք է կատարել զորակոչին հաջորդող ադապտացիոն և ծառայության հետագա փուլերում, այլև նախազորակոչային շրջանում, սակայն այդ աշխատանքները պետք է կատարել հստակ ծրագրով, համակարգված, կանոնավոր:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր անհատի դաստիարակությունը պետք է ընտանիքում, դպրոցում սկսել՝ ներշնչելով դժվարությունները հաղթահարելու կամք, լավատեսություն, սեփական ուժերին ապավինելու քաջություն…սովորեցնելով տեսնել գեղեցիկը, գնահատել, գոհանալ… Ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ավագ դպրոցներում պարբերաբար կազմակերպել սպա-հոգեբանների հանդիպումներ աշակերտների հետ, դպրոցականների մեջ սերմանել հոգեբանին դիմելու մշակույթը, ինչու ոչ, այդպիսի հանդիպումներ կազմակերպել նաև ապագա զինվորների ծնողների հետ: «Այսօր հոգեբանի աջակցության կարիքն ունեն ոչ միայն զինվորները, այլև նրանց սպասող ծնողները,-իր խոսքում նշեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը,- մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, մեզ գրում են մեր զինվորների մայրերը… և նրանց հետ շփվելով՝ տեսնում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել նաև մի կառույց, որը ականջալուր լինելով նրանց մտահոգություններին՝ կկարողանա նաև հոգեբանորեն աջակցել»:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը Զինված ուժերում հոգեբանական ծառայության բարելավմանն ուղղված մի շարք լուծումներ առաջարկեց ՝ ներդնել սպա-հոգեբաններ պատրաստելու բազային կամ մագիստրոսի կրթության ուսումնական համակարգեր, ինչպես նաև պարբերաբար զորամասային օղակներում ոչ միայն զինվորների, այլև սպայական կազմի համար հանդես գալ սթրեսի կառավարման և հոգեբանական այլ խնդիրների վերաբերյալ դասախոսություններով:

ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը, նույնպես շարադրեց իր դիտարկումները բանակում հոգեբուժական ծառայության խնդիրների մասին և ծառայությունն ընդլայնելու առաջարկ արեց…

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը փաստեց, որ այսօր հոգեբույժների պակաս կա նաև քաղաքացիական հոգեբուժական հաստատություններում և առաջարկեց խնդրի լուծման իր տեսակետը: Նա նաև նշեց, որ հոգեկան հիվանդությունները հայտնաբերելու նպատակով պետք է նախազորակոչային տարիքում ավելի խորը հետազոտություններ կատարել, ինչը թույլ կտա որոշ չափով կրճատել հոգեկան կամ վարքի խանգարումներ ունեցող զորակոչիկների մուտքը բանակ,ինչպես նաև առաջարկեց հոգեկան և վարքի խանգարումներ ունեցող զորակոչիկների առողջական վիճակի գնահատման չափորոշիչներում փոփոխություն կատարել:

Ներկայացնելով հոգեբուժական բաժանմունքի խնդիրները, դժվարությունները, հոգեբուժական ծառայության առանձնահատկությունները՝ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանը կարևորեց տիպային հոգեբուժարան կառուցելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին որոշում կայացվեց բոլոր առաջարկությունները ներկայացնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Էդիտա Մելքոնյան

  • DSC00633 (Medium)
  • DSC00629 (Medium)
  • 164
  • DSC00645 (Medium)
  • DSC00650 (Medium)
  • IMG_9769 (Medium)
  • IMG_9767 (Medium)
  • IMG_9772 (Medium)
  • IMG_9771 (Medium)
  • 167