Ապահովված ենք որակյալ դեղորայքով

Հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս մեր այցելության ժամանակ բուժկետի դեղատան աշխատանքի և այլ հարցերի շուրջ ճեպազրույց ունեցանք դեղատան պետ, բուժծառայության լեյտենանտ Վահագն Հովսեփյանի հետ:

-Մինչ օրս մեր այցելած բոլոր զորամասերի դեղատան պետերից Դուք առաջինն եք, որ մասնագիտությամբ դեղագործ եք, սպա: Խնդրում եմ նախ պատմեք Ձեր մասին:

-Ծնունդով Շիրակի մարզի Արևշատ գյուղից եմ: Սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետում: ԲՈւՀ-ն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել «Արփիմեդ», ապա «Էսկուլապ» դեղագործական ընկերություններում: 2014 թվականին զորակոչվել եմ ՀՀ Զինված ուժեր՝ նշանակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականցնող զորամասում որպես դեղատան պետ:

Ծառայում եմ ամենալավ զորամասերից մեկում, որն իր խնդիրը պատվով է կատարում….և ամենալավ բուժանձնակազմի հետ:

– Ինչպե՞ս է կազմակերպվում դեղատան՝ նոր դեղորայքով համալրվելու գործընթացը: Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր աշխատանքը:

– Իմ ծառայական պարտականությունների մեջ մտնում է բժիշկներին դեղորայքով ապահովելը և, իհարկե, ուշադրության կենտրոնում պահելը դրանց ժամկետները: Առավել ևս այս հարցում լուրջ հետևողականություն է պահանջվում: Դեղորայքը, վիրակապական նյութերը ստանում ենք երեք ամիսը մեկ` ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչություն ուղարկված հաշվետվության հիման վրա: Ես ունեմ դեղատանն առկա ողջ դեղորայքի ցուցակը: Հաշվետվության մեջ ներկայացնում եմ, թե տվյալ պահին որքան դեղորայք կա դեղատանը, որքան է օգտագործվել, որքան է անհրաժեշտ, որից հետո ներկայանում եմ՝ դեղորայքը ստանալու: Մեր դեղատունն ապահովված է այս օղակում իրականացվող բուժօգնության ծավալների համար անհրաժեշտ դեղորայքով:

-Մարտական հենակետեր ուղարկվող դեղորայքը և ՞ս Դուք եք տրամադրում:

– Բոլոր հենակետերում կան դեղարկղեր, որոնց պարունակությունը պարբերաբար ստուգվում է բժիշկների կողմից: Ինչպես գիտեք, դրանք բացվում են միայն արտակարգ պատահարների ժամանակ: Իսկ հերթափոխի ժամանակ ընթացիկ օգտագործման դեղորայքը ես տրամադրում եմ գումարտակների բուժկետերի պետերին, որոնք էլ իրենց հերթին՝ սանհրահանգիչներին:

– Ապրում եք սահմանամերձ գոտում, ծառայում զորամասում, որը բնակավայրերից հեռու է: Հետաքրքիր է՝ ի ՞նչ դժվարությունների եք բախվում:

– Դժվարություններ, իհարկե կան, սակայն հաղթահարելի են: Ես ունեմ ընտանիք, երկու զավակ և նրանք ինձ հետ միասին ապրում են Բերդ քաղաքում:

Ինչ վերաբերում է ծառայության բնույթով պայմանավորված դժվարություններին, պիտի խոստովանեմ, որ սկզբում ավելի դժվար էր զինվորների հետ աշխատելը… Այժմ ավելի հեշտ է, երբ հասկանում ես տղաների հոգեբանությունը: Դիրքապահ զինվորներ են, նրանց հետ աշխատանքը համբերատարություն ու հոգատարություն է պահանջում:

– Ի ՞նչ է տվել ծառայությունը Ձեզ…

-Նոր ընկերներ, շրջապատ և մասնագիտական փորձ:

Հասմիկ Գյոզալյան