Ողջ-առողջ իջնեք դիրքերից

Առաջանալով դեպի մարտական հենակետի դիրքապահ զինվորները՝ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը ցույց տվեց փշալարերի մոտ կապված շանը և ասաց.

-Դիրքի շունն է, երեք թաթ ունի, ականի վրա է պայթել…

-Մի՞շտ է այսքան խելոք ու լուռ,- հարցրի ես:

-Ոչ, պարզապես զգացել է, որ յուրային ենք:

Դիտակետի մոտ կանգնած էին շարքային զինծառայողներ Տիգրան Լևոնյանը և Ռուբեն Թամալյանը:

-Չե՞ք մրսում…,-հարցրի նրանց (նախորդ գիշեր անձրև էր եկել, օդը սառն էր):

-Համազգեստը տաք է,- պատասխանեցին տղաները:

-Ձեռքերը չե՞ն սառչում:

-Տաք ձեռնոցներ ունենք:

-Իսկ եթե դեմքն է սառչում…

-Գնում ենք կացարան (այնտեղ վառարանը միշտ վառ է), մյուս տղաները մեզ փոխարինում են:

Կացարանի մոտ մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանը, իմացա, որ ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ու հետաքրքրվեցի.

-Ո՞րն է քեզ համար հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջը, ո՞վ է քո հերոսը:

-Արցախյան հերոսամարտը, Մոնթե Մելքոնյանը…

-Ո՞ր էջը կցանկանայիր ջնջել մեր պատմությունից:

-Մոնթեի մահը… Ես կուզեի, որ նա ողջ լիներ,- ասաց Վլադիմիրը ու նայելով Մոնթե Մելքոնյանի նկարին՝ ասաց,- իմ հերոսը նա է…

-Դուք էլ մեր հերոսներն եք… Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, իսկ դուք այսօր շարունակում եք նրա գործը, շարունակում եք պաշտպանել Արցախը, շարունակում եք սանձել ու հաղթել հակառակորդին…

-Մոնթեն մեծ հրամանատար էր, մեծ առաջնորդ, մեծ մարդ, իսկ մենք շարքային զինվորներ ենք:

-Գիտես, երբ մենք քաղաքում՝ մեր տաքուկ բնակարաններում, աշխատասենյակներում, վայելում ենք կյանքի անդորրը, մտածում ենք, որ այսօր դուք էլ մեծ եք…

-Մենք մեր պարտքն ենք կատարում… ընդամենը,- ժպտալով ասաց դիրքի ավագ Վլադիմիր Նարինյանը:

-Լինելով դիրքի ավագ՝ դու նաև պատասխանատու ես քո յուրաքանչյուր զինվորի համար: Ի՞նչ ես պահանջում նրանցից:

-… Իմ զինվորները ամեն ինչ գիտեն, ես միայն հետևում եմ և պահանջում, որ սաղավարտը գլխին լինի, զրահաբաճկոնը հագնի և դիտարկվող տարածք դուրս չգա երբեք:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը ավելացրեց.

– Յուրաքանչյուր զորակոչիկ, գալով զորամաս, առաջին ամիսների ընթացքում սովորում է զենքի հետ վարվելու վարպետություն, հանուն հայրենիքի, հանուն ծառայակից ընկերոջ ՝ անձնուրացություն, նրան սովորեցնում են վտանգի պահին լինել հանդուգն և ոչ միայն պաշտպանվել հակառակորդից, այլև պատժել… հնարավորինս արագ, որովհետև պատերազմի ժամանակ արագությունը նույնպես վճռորոշ է: Զինվորը գիտակցում է՝ որն է իր ծառայության, իր պայքարի նպատակը, և բարձրանալով դիրքեր՝ պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները, արգելքները, պատրաստ է վճռական գործողություններ կատարելու:

-Դիրքի ավագի պարտականությունն է ապահովել զինվորների անվտանգությունը, բարձր պահել դիրքի մարտունակությունը: Հավատացեք, այսօր մեր բոլոր հենակետերում դիրքերի մարտունակությունը չափազանց բարձր է, և կարող ենք հակառակորդի կողմից պարբերաբար հնչող «տարբեր տրամաչափի սպառնալիքները», որոնք սպառանալիք էլ մնում են, դարձնել իրականություն հենց հակառակորդի տարածքում,- ասաց վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Առաքելյանը, որը 2009 թ-ից ծառայում է այդ զորամասում:

-Ձեր զինվորները երկու տարի ծառայում են և վերադառնում տուն, իսկ Ձեզ համար զինվորական ծառայությունը կենսակերպ է… Ի՞նչն է Ձեզ դրդել ընտրելու զինվորականի մասնագիտությունը,- հարցրի վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Առաքելյանին:

-Հայրս և հորեղբայրս մասնակցել են Արցախյան պատերազմին, զինադադարի կնքումից հետո հորեղբայրս շարունակել է ծառայությունը Զինված ուժերում: Լսելով նրանց հուշերը Արցախյան պատերազմի մասին, գիտակցելով նրանց պայքարի և այսօր էլ ամուր բանակ ունենալու կարևորությունը՝ ընտրեցի զինվորականի գործը, որպեսզի իմ ներդրումն ունենամ հայրենիքի պաշտպանության գործում:

-Որպես հրամանատար՝ ի՞նչն եք առավել կարևորում:

-Բոլոր հրամանատարների համար առաջնայինը մեր զինվորների անվտանգությունն է: Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս ես հրամայում եմ իմ զինվորներին՝ ողջ-առողջ իջնեք դիրքերից…

-Առողջության հետ կապված խնդիրներ հաճա՞խ են լինում:

-Ինչպես ամեն տեղ, ցուրտ ամիսներին շնչառական հիվանդություններն են, ամռանը՝ արևահարություն: Բայց՝ ոչ հաճախ…

-Ինչպե՞ս է իրականացվում բուժծառայությունը դիրքապահ վաշտում:

-Եթե զինվորը առողջական գանգատներ ունի, վաշտի սանհրահանգիչները, գումարտակի բուժակը արագ առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդին: Զորամասի բուժծառայության պետը, բժիշկ-մասնագետները նույնպես բարձրանում են դիրքեր. տեղում բուժզննում են կատարում, ցուցաբերում բուժօգնությունը, եթե հարկ է, հիվանդին իջեցնում են բուժկետ: Յուրաքանչյուր զինվոր իր անհատական վիրահատական փաթեթն ունի, և քանի որ նրանք դիրքեր բարձրանալուց առաջ արդեն սովորած են լինում ինքնօգնության և փոխօգնության կանոնները, վնասվածքների, քերծվածքների դեպքում, կարող են մինչև բուժակի գալը մաքրել, կապել վերքը:

-Բարձրադիր տեղանքի հետ կապված զինվորների մոտ ճնշումի տատանումներ հաճա՞խ են լինում:

-Ոչ, երիտասարդ, ամուր, առողջ տղաներ են, ճնշումի տատանումներ գրեթե չեն ունենում,- ասաց վաշտի հրամանատարը,- միայն ինձ մոտ է սկսվում, երբ իջնում եմ զորամաս, իսկ երբ բարձրանում եմ դիրքեր, ինձ գերազանց եմ զգում:

Երբ դիրքի կապավոր Սամվել Յարալյանը մտավ կացարան, դիրքի ավագը ուրախ ներկայացրեց նրան.

-Գիտեք՝ ինչ լավ է երգում, պարում… հայերեն, վրացերեն:

-Ո՞րն է քո սիրած երգը, կամ որն ես ավելի հաճախ կատարում ընկերներիդ ցանկությամբ,- հարցրի նրան:

-«Գիշերը լուսացավ վերջապես»… Ամեն առավոտ, երբ լույսը բացվում է, այդ երգն եմ երգում… մեր «բարի լույսն է», գոհանում ենք, որ խաղաղ լուսացրել ենք, ու հանգիստ խղճով շարունակում ենք ծառայությունը:

– Իսկ ի՞նչ ես երգում, երբ մութն ընկնում է. այդ ժամի համա՞ր էլ «հատուկ» երգ ունես:

-Երբ մութն ընկնում է, երգելու ժամանակ չի լինում: Ամեն վայրկյան պիտի զգոն լինենք, մեր մարտական հեթապահությունը կատարենք:

-Գիշերային խավարի մեջ փորձառու դիրքապահները լսողության վրա են հիմնվում. երբ շուրջդ խավար է ու լուռ, դու լարում ես լսողությունդ և որսալով հեռվից եկող նույնիսկ աննշան ձայները՝ կարողանում ես տարբերել՝ մարդկային ձայներ են, թե կենդանու, քամու… որ կողմից, որքան հեռվից լսվեցին, որը որից հետո էր, և արագ կողմնորոշվում ես,- ասաց վաշտի հրամանատարը:- Սակայն գիշերային հերթապահությունը մի առանձնահատկություն էլ ունի. երբ տեղանքը լավ գիտես, ծառայությունը հեշտանում է (զինվորները, առաջին անգամ բարձրանալով դիրքեր, երբեմն իրենցից հեռու կամ մոտ ինչ-որ պատկեր կարող են տեսնել, ավելի ճիշտ, նրանց թվում է, որ տեսնում են)… Դա ժամանակավոր է, օրերի ընթացքում նրանք ծանոթանում են դիրքի կառուցվածքին, տարբերում են ձայները, մթության մեջ ուրվագծվող առարկաները , և ծառայությունը ավելի հանգիստ ու ապահով է անցնում:

Շուտով մեզ միացավ զորամասի բուժծառայության պետ Սարգիս Վլասյանը. նա խոսեց դիրքի անձնակազմի հետ, և մենք վերադարձանք զորամաս:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_0180 (Medium)
  • IMG_0040 (Medium)
  • IMG_0048 (Medium)
  • IMG_0027 (Medium)
  • IMG_0047 (Medium)
  • IMG_0189 (Medium)
  • IMG_0170 (Medium)
  • IMG_0175 (Medium)
  • IMG_0156 (Medium)
  • IMG_0144 (Medium)
  • IMG_0162 (Medium)
  • IMG_0165 (Medium)
  • IMG_0130 (Medium)
  • IMG_0125 (Medium)
  • IMG_0119 (Medium)
  • IMG_0107 (Medium)
  • IMG_0106 (Medium)
  • IMG_0112 (Medium)
  • IMG_0100 (Medium)
  • IMG_0099 (Medium)
  • IMG_0081 (Medium)
  • IMG_0071 (Medium)
  • IMG_0089 (Medium)
  • IMG_0068 (Medium)
  • IMG_0067 (Medium)
  • IMG_0063 (Medium)