‹‹ԵՐԲԵ´Ք ՉԵՄ ՀՈԳՆԻ…››

ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալի ռենտգեն բաժանմունքի ավագ օրդինատոր, բժշկական գիտությունների թեկնածու մայոր Հովհաննես Վերանյան

Հովհաննես Արամայիսի Վերանյանը ծնվել է 1958 թ. հունվարի 31-ին: Մայրը՝ Ստեփանյան Անահիտ, ֆինանսիստ է, հայրը՝ ձուլող վարպետ:

Հովհաննես Վերանյանը ավարտել է Երևանի Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցը: 1975 թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Ավարտել է համալսարանը և անմիջապես նշանակվել բժիշկ Գուգարքի շրջանում: 2 տարի անց մեկնել է Մոսկվա, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Վերադառնալով Երևան՝ ընդունվել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ, որտեղ էլ 1.5 տարի աշխատելուց հետո տեղափոխվել է երկաթգծի հիվանդանոց:

1993 թվականից աշխատում է որպես ավագ օրդինատոր երկաթգծի հիվանդանոցի բազայի վրա հիմնված զինվորական կենտրոնական հոսպիտալում՝ հոսպիտալի ստեղծման առաջին իսկ օրվանից:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա, որոնք ուսանում են Երևանի պետական բժշկական համալսարանում:

Հովհաննես Վերանյանին տարբեր տարիներին շնորհվել են պատվոգրեր և մեդալներ:

Կանգնած էի բժիշկ Վերանյանի աշխատասենյակի դռան առջև: Միջանցքով անցնող բուժքրոջից տեղեկացա՝ այդ պահին այցելու ուներ: Օգտվելով առիթից՝ խնդրեցի բուժքրոջը բնութագրել բժշկին: ‹‹Շատ լավ մարդ է բժիշկ Վերանյանը: Մենք սիրում և հարգում ենք նրան, քանի որ շատ հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ. Գիտի ինչպես վարվել թե´ տարեցի, թե´ երիտասարդի և թե´ երեխայի հետ: Արդեն 20 տարի է, ինչ աշխատում եմ այստեղ և չեմ հիշում որևէ դեպք, երբ նա թերացած լինի իր գործում: Կարծում եմ՝ նրա հաջողության գրավականը նաև այն է, որ աչքի է ընկնում հումորի ուժեղ զգացողությամբ››:

Բացվեց աշխատասենյակի դուռը, և իմ զրույցը ավարտվեց բուժքրոջ հետ: Ներս մտա, ներկայացա, համաձայնեց զրուցել, սակայն զգուշացրեց՝ այցելուներիս չենք սպասեցնելու: Որոշեցի ժամանակ չկորցնել…

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռազմական բժիշկ:

-Ես երբեք չէի մտածում, որ կդառնամ ռազմական բժիշկ, երբ անկախացավ մեր հայրենիքը, զգացի, որ պետք է հնարավորինս օգտակար լինեմ մեր պետության և ժողովրդի համար: Իմ կարծիքով ցանկացած մասնագետ այդ տարիներին առաջնահերթ էր համարում լինել բանակի կողքին և սատարել մեր ժողովրդին: Երբ ստեղծվում էր կենտրոնական ռազմական հոսպիտալը, եղան բժիշկներ, որոնք ընտրեցին քաղաքացիական հիվանդանոցներում աշխատելու ուղին: Իսկ շատ-շատերը, այդ թվում՝ նաև ես, վճռեցինք մեր աջակցությունը ցուցաբերել բանակաշինության և պետության կայացման գործին: Այժմ հոսպիտալը նոր շունչ է ստանում, զինվում նոր սարքավորումներով:

-Ինչո՞վ է տարբերվում ռազմական բժիշկը քաղաքացիականից:

– Նախ նրանով, որ գործ ունի 18-20 տարեկան երիտասարդի հետ, որն ընդունվում է հիվանդանոց հենց զորամասից: Ընտանիքի անդամներից հեռու լինելը առաջացնում է անվստահություն երիտասարդ զինվորների մեջ: Երբեմն մինչև անգամ չեն կարողանում նկարագրել իրական գանգատները: Այդ պահից գործի են դրվում ռազմական բժիշկի հմտությունները, բժիշկն է, որ ներշնչում է վստահություն և տալիս է ընտանեկան ջերմություն: Ցավոք, մենք հաճախ շփվում ենք համակցված վնասվածքներով հիվանդի հետ, ինչը առավել հազվադեպ երևույթ է քաղաքացիական հիվանդանոցներում: Քանի որ գործ ունենք երիտասարդ օրգանիզմի հետ, արվում է հնարավորը, որ հայրենիքի պաշտպանները շարք վերադառնան: Մեծ ցավ եմ ապրում այն զինվորների համար, որոնք ընդունվում են հիվանդանոց հակառակորդի գործողությունների հետևանքով: Աշխատանքի հետ համատեղ աղոթում եմ նրանց առողջության համար:

-Ինչպե՞ս կբնութագրեք հայ զինվորին:

-Երբեմն կարծում ենք, թե 18 տարեկան երիտասարդը դեռ երեխա է: Բայց երբ շփվում ես նրանց հետ, տեսնում ես, թե որքան պատրաստ են մեր ‹‹երեխաները››, պատրաստ են

հայրենիքի սահմանները պաշտպանելու, անձնազոհ լինելու, մոր, հոր, քրոջ և մեր բոլորի հանգիստ քունը պահելու: Այսօրվա սերունդը մեր սերունդից ավելի պատրաստակամ է, ավելի խելացի, և վաղը ավելի լավ սերունդ ենք տալու: Յուրաքանչյուր հերոս-զինվոր իր օրինակով ևս տասին է պատրաստում: Ես երազում եմ տեսնել մեր բանակի բուժծառայության 50-ամյակը թեկուզ այդ ժամանակ չեմ լինի զինվորական շարքերում: Իմ կոչն է հասարակությանը՝ հարգել, մեծարել և ուշադրության կենտրոնում պահել հայ զինվորին. նրանք ծառայում են լավ պայմաններում, ստանում են ռազմական բարձրակարգ գիտելիքներ և չեն վախենում դժվարություններից: Դրա վառ ապացույցն է մեր տղաների հաղթանակը միջազգային ռազմական մրցույթներում, որտեղից նրանք միշտ պատվով են վերադառնում: Բոլոր ռազմական բժիշկների երազանքն ու անկեղծ ցանկությունն է զինվորներին տեսնել առողջ: Ժողովրդի լեզվով ասած՝ թող նրանց մատը փուշ չմտնի:

***

Բժիշկ Վերանյանի հետ զրույցի ժամանակ մտաբերեցի վերոհիշյալ բուժքրոջ այն խոսքը, թե Վերանյանը խիստ հումորով է, ուստի խնդրեցի հումորային որևէ միջադեպ պատմել ծառայողական տարիներից:

-Հերթական բուժզննումն էի անցկացնում, հինգ տասնյակից ավել զինվորների էի զննել, երբ մոտեցավ գյումրեցի մի զինվորական: Հարցրի:

-Գանգատ ունե՞ք:

-Այո´, բժիշկ, 8 տոննանոց:

Զարմացա, կարծեցի՝ ձեռք է առնում: Նորից հարցրի:

-Ո՞նց 8 տոննանոց: Բա ո՞ւր ա:

-Դե բժի´շկ ջան, ասեիր, կբերեի. ես ի՞նչ իմանամ, որ քեզ դանգրատ է պետք…

Գառնիկ Պողոսյան

  • 20140826_114345[1]
  • 20140826_114523[1]
  • 20140826_114435[1]
  • 20140826_114410[1]
  • 20140826_114446[1]
  • 20140826_114421[1]
  • 20140826_114703[1]
  • 20140826_115428[1]
  • 20140826_114725[1]
  • 20140826_114543[1]
  • 20140826_114839[1]