Յուրաքանչյուր բժիշկ անփոխարինելի է

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի հրամանատարի բուժական գծով տեղակալ, բուժծառայության մայոր Սուրեն Հովհաննիսյանի հետ:

-Պարո′ն մայոր, Ձեր կենսագրությանը ծանոթանալիս ուշադրությունս գրավեց այն փաստը, որ Ձեր ծառայողական ուղին ամբողջությամբ անցել է ԼՂՀ ՊԲ-ում՝ միշտ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում… Այժմ էլ պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում մարտական խնդիր կատարող մի քանի զորամասեր սպասարկող ԱԲՋ-ում: Ձեր կենսագրությունն, անշուշտ, կհետաքրքրի ընթերցողին…

-Ընդունվել եմ բժշկական համալսարան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Մեկ տարի անց վերադարձել եմ Երևան, 2001-ից ուսումս շարունակել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: Նույն տարեվերջին՝ տեղափոխվել ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինտերնատուրան ավարտելուց հետո նշանակվել եմ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում՝ որպես բժիշկ մասնագետ, բուժկետի պետ, ապա տեղափոխվել ՊԲ մեկ այլ զորամաս՝ որպես բրիգադի բուժծառայության պետ: 2011-2014 թվականներին կլինիկական օրդինատուրա եմ անցել՝ անեսթեզիոլոգ-ռենաիմատոլոգ մասնագիտությամբ: 2014-ի հոկտեմբերից նշանակվել եմ Մարտակերտի (նախկինում՝ Ալաշանի) առանձին բժշկական ջոկատի վիրահատա-վերակենդանցման բաժանմունքի պետ, այս տարվա հուլիսից ԱԲՋ-ի հրամանատարի բուժական գծով տեղակալ եմ:

Ճիշտ նկատեցիք՝ ծառայողական ուղիս սկսվել և շարունակվում է պաշտպանության բանակում… Ես համոզված եմ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Ինձ համար դա մեծ փորձ էր, որն այսօր էլ օգնում է ինձ:

-Որպես առանձին բժշկական ջոկատի հրամանատարի բուժական գծով տեղակալ՝ խնդրում եմ ներկայացրեք հիմնական ծառայությունները…

-ԱԲՋ-ն կազմված է 4 հիմնական բաժանմունքներից՝ ընդունման, վիրահատա-վերակենդանացման, վիրաբուժական և թերապևտիկ: Ընդունման բաժանմունքին կից գործում են ռենտգեն կաբինետը, ատամնաբուժական կաբինետը և լաբորատորիան: Բուժսարքավորումներով հագեցվածությունը լիովին համապատասխանում է որակավորված բուժօգնության ծավալին: Գրեթե բոլոր սարքավորումները նոր են: Այստեղ ընդունվում են հիվանդները, ապա համապատասխան ախտորոշիչ միջոցառումներից հետո տեղափոխվում են բաժանմունքներ:

Վիրահատա- վերակենդանացման բաժանմունքում հիմնականում երկարատև բուժում ստացող հիվանդներ չեն լինում: Համապատասխան վիրահատական միջամտությունից հետո նրանք տեղափոխվում են վերակենդանացման սենյակ, և երբ վիճակը կայունացվում է, այսինքն՝ երբ կենսական նշանակություն ունեցող օրգան- համակարգերի ֆունկցիան համապատասխանում է տեղափոխման համար թույլատրելի չափանիշներին, նրանք տեղափոխվում են հաջորդ՝ մասնագիտացված բուժտարհանման օղակ:

Թերապևտիկ բաժանմունքի մեր մասնագետները կարողանում են ամբողջ ծավալով բուժում իրականացնել՝ չնայած մեծ լարվածությանը(թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն անհամեմատ շատ են):

Ինչ վերաբերում է վիրաբուժական բաժանմունքին, այստեղ մենք իրականացնում ենք թե′ անհետաձգելի, թե′ պլանային վիրահատություններ: Ունենք վիրաբույժներ, վիրաբույժ-վնասվածքաբան. հատկապես վերջինը պահանջված մասնագիտություն է այս տարածաշրջանում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ չնայած մշտական լարվածությանը՝ մենք կարողանում ենք իրականացնել նաև պլանային վիրահատություններ՝ հեշտացնելով մեր զինծառայողների հետագա ծառայությունը:

– Մի քանի օր գտնվելով ԱԲՋ-ում՝ ես որոշ չափով պատկերացում կազմեցի, թե որքան մեծ ծավալի աշխատանք է կատարվում այստեղ… կհիշե ՞ք դեպքեր, որոնք առանձահատուկ են

-Յուրաքանչյուր դեպք եզակի է… Ծանր վիրավորումների դեպքում մեր ԱԲՋ-ի պատրաստության խումբը՝ բաղկացած վիրաբույժից և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգից, ահազանգ ստանալուց հետո 2-3 րոպեի ընթացքում դուրս է գալիս ԱԲՋ-ից և գնում վիրավորին ընդառաջ: Մինչև հիվանդի կայունացման փուլը նա մեզ մոտ է անցկացնում՝ մեր հսկողության տակ…Ամեն ինչ անում ենք, որ պատվով հաղթահարենք այդ ծանր փուլը: Միշտ այդպես է եղել, այդպես էլ կշարունակվի, քանի որ այստեղ յուրաքանչյուրն իր աշխատանքի մեջ հոգի է դնում…

Մեր բժշկական անձնակազմը բնակվում է ԱԲՋ-ին կից: Մենք երբևէ ժամանակի կորուստ չենք ունենում… ցանկացած պահի բժիշկն անհապաղ հասնում է հիվանդին՝ գիշեր, թե ցերեկ: Մենք կարողանում ենք 24 ժամ բուժօգնություն իրականացնել՝ ընդ որում՝ օրվա բոլոր ժամերին միևնույն ծավալով:

Բավական բարդ ու լարված պայմաներում մեր անձնակազմն առավելագույն ջանքեր է ներդնում՝ ոչինչ չխնայելով, որպեսզի կարողանանք պատվով կատարել մեզ վստահված աշխատանքը:

-Ես ծանոթացա նաև բժիշկների կենցաղային պայմաններին: Բնակարանների բոլոր լուսամուտները նայում են բուժական մասնաշենքին: Հաջողվու՞մ է գոնե փոքր-ինչ հանգստանալ, և կտրվել հոսպիտալային աօրյայից:

-Եթե անկեղծ լինեմ, գրեթե չի հաջողվում: Մենք բժիշկներով նաև լավ ընկերներ ենք, երբեմն փորձում ենք հենց մեր բակում նստել, զրուցել, հանգստանալ… սակայն լիովին կտրվել աշխատանքից հնարավոր չէ, և դրանից, իհարկե, շահում է աշխատանքը:

– Որքան էլ բուժհիմնարկն ինքնաբավ լինի, այնուամենայնիվ, հատկապես հեռավոր շրջաններում կարևորվում է համագործակցությունը նաև քաղաքացիական հիվանդանոցի հետ:

– Մարտակերտի քաղաքացիական հիվանդանոցի հետ մեր համագործակցությունը շատ ամուր հիմքերի վրա է դրված: Ցանկացած պահի պատրաստ ենք օգնել միմյանց: Կարևորում եմ այդ համագործակցությունը և շնորհակալ եմ մեր գործընկերներից:

– Հայտնի փաստ է, որ ամենահզոր դեղամիջոցը հավատն է բժշկի հանդեպ, վստահությունը…

– Որպես հրամանատարի բուժգծով տեղակալ, ես լուրջ ուշադրություն եմ դարձնում այդ հարցին: Թեպետ սա զինվորական կառույց է, սակայն մեր բժշկական կազմը, միջին բուժանձնակազմը զինվորին ընդունում են առաջին հերթին որպես մարդու, ով մեր օգնության կարիքն ունի: Խրամատում կանգնած զինվորը պետք է վստահ լինի, որ Մարտակերտի ԱԲՋ-ում որակյալ բուժօգնություն է ստանալու, որ իրեն դիմավորելու են բարեհամբույր, ժպիտով, ընդունելու են որպես հարազատի: Բժշկական էթիկայի նորմերի վրա մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում:

-Ձեր ծառայությունն անցում է հեռավոր սահմանամերձ գոտում՝ բարդ պայմաններում… Ի՞նչն է Ձեզ ամենաշատը անհանգստացնում՝ որպես բժիշկ… Մասնագիտական վերապատրաստման խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում և առհասարակ ի՞նչ խդիրներ կան:

– Եթե խոսեմ իմ մասին, ապա իմ նեղ մասնագիտանալը կարելի է համարել վերապատրաստում, որը վերջերս է եղել: Ծայրամասային բուժհիմնարկներում վերապատրաստման հարցը փոքր-ինչ դժվար է կարգավորվում: Դա իհարկե ունի իր պատճառները. այստեղ յուրաքաչնյուր բժիշկ անփոխարինելի է: Մեկ մարդը, մի ուժը, մի ձեռքը շատ բան է փոխում: Յուրաքանչյուր բժշկի բացակայությունն անմիջապես զգացվում է: Այդ պատճառով ցանկալի է, որ հատկապես ծայրամասային բուժհիմնարկներում կադրային խնդիրներ չլինեն, և կազմը համալրված լինի ամբողջությամբ:

… Որքան էլ ժամանակը սուղ է, փորձում ենք նաև ինքնակրթությանը ժամանակ տրամադրել:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6888 (Medium)
  • IMG_6999 (Medium)