Այստեղ ծառայելը պատիվ է

Զրույց ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի թերապևտիկ բաժանմունքի պետ, բուժծառայության լեյտենանտ Սերգեյ Միքայելյանի հետ:

2004 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2010-2013 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել՝ սրտաբանություն մասնագիտությամբ: 2013-ի դեկտեմբերից զորակոչվել է Զինված ուժեր՝ ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում: Արդեն մեկ տարի է՝ զբաղեցնում է թերապևտիկ բաժամունքի պետի պաշտոնը:

-Բժի′շկ, շուտով Ձեր ծառայությունը մոտենում է ավարտին… Խնդրում եմ՝ փորձենք 2 տարվա տվյալներով գնահատել, թե թերապևտիկ պրոֆիլի որ հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում շարքային կազմի շրջանում:

-Մեր բաժանմունքում բուժվում են նաև ինֆեկցիոն, նյարդաբանական, ստամոքս-աղիքային, ռևմատոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդները: Առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են թոքաբորբերը, բրոնխիտները, անգինաները, նևրոզները, դիարեաները, հոդաբորբերը, գաստրիտները, գլխացավերը… Ի դեպ՝ գլխացավերն անհամեմատ հաճախ հանդիպող գանգատներից են՝ պայմանավորված լարվածությամբ: Սրտային խնդիրներով դիմող զինվորներ գրեթե չենք ունեցել: Երբեմն ծակոցներից են գանգատվում՝ կրկին պայմանավորված լարված ռեժիմով: Թե′ գլխացավերը, թե′ սրտի ծակոցներն առավել հաճախ նկատվում են նորակոչիկների մոտ՝ պայմանավորված հարմարվելու շրջանի առանձնահատկություններով: Բոլորը շատ արագ բուժվել են, բարդացման դեպքեր չենք ունեցել և ավելի լուրջ խնդիրների առաջ, բարեբախտաբար, չենք կանգնել:

Ամառվա սեզոնին երբեմն փորլուծության դեպքեր են գրանցվում, սակայն բռնկումներ չեն եղել: Ձմռանը սուր շնչառական վարակներով հիվանդանալու վտանգն է մեծանում:

– Հետաքրքիր է՝ կա՞ն տարածքին, բնակլիմայական պայմաններին բնորոշ հիվանդություններ:

– Ոչ: Նշեմ, որ հատկապես սեզոնային հիվանդությունները նույն ժամանակահատվածում ակտիվանում են նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

– Արդեն կարելի է անցած համարել ամառային սեզոնը: Դուք նշեցիք, որ ԱԲՋ-ի սպասարկման զորամասերում աղիքային ինֆեկցիայի բռնկումներ չեն գրանցվել: Դա կարելի՞ է համարել զորամասային օղակի բուժանձնակազմերի բարեխիղճ աշխատանքի արդյունքը:

-Իհարկե, պրոֆիլակտիկան սկսվում է զորամասերից: Զորամասային օղակի բուժանձնակազմերը չափազանց կարևոր աշխատանք են կատարում, նրանց կողմից մեծ ծավալի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված շնչառական և աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումների կանխմանը: Մեր միավորման կազմում գտնվող զորամասերի բուժծառայության պետերը, բժիշկները լիարժեք տիրապետում են իրենց աշխատանքին, հետևողական են, պատասխանատու:

-Դուք աշխատել եք նաև քաղաքացիական բուժհիմնարկում: Արդեն երկու տարի սպա եք… Ինչո՞վ է առանձնահատուկ զինվորական բժշկի աշխատանքը:

-Քաղաքացիական բուժհիմնարկում որպես սրտաբան ես առնչվել եմ 50 և ավելի տարիքային խմբի հետ: Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է: Նաև անձնական վերաբերմունքն է դեր խաղում: Զինվորն իմ կրստեր եղբայրն է: Փորձում եմ ամեն գնով օգնել նրան…

-Հեռավոր շրջանում ծառայող բժիշկն ի՞նչ դժվարությունների միջով է ստիպված լինում անցնել…

-Ամենադժվարը, թերևս, ընտանիքից հեռու լինելն է, սակայն ժամանակի ընթացքում համակերպվել ենք նաև կարոտին: Կենցաղի հետ կապված խնդիրներ չունենք: Ես նախկինում բնակվում էի Մարտակերտ քաղաքում, այժմ՝ մեր ԱԲՋ-ին կից հանրակացարանում:

Աշխատանքի ծավալները մեծ են… Մեր աշխատանքային օրը չի ավարտվում… բոլորս միշտ տեղում ենք: Ցանկացած խնդրի դեպքում անհապաղ արձագանքում ենք: Սիրով եմ ծառայում: Ուրախ եմ, որ ծառայությունս հենց այս շրջանում է անցում:

-Դուք Ձեր մասնագիտական գիտելիքներով օգնում եք զինվորին, իսկ ի՞նչ եք տանելու բանակից…

-Ես շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել և …թերապևտիկ հիվանդություններ բուժելու մեծ փորձ: Այստեղ ծառայելը պատիվ է. գլուխս բարձր եմ քայլելու:

Հասմիկ Գյոզալյան

  • IMG_6491 (Medium)
  • IMG_6408 (Medium)