Չկարողացանք խաբել գեներալին

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Էդուարդ Ղուկասյանը:

Հադրութ: …Վիրակապում էի վիրավորներին: Մտան ու ասացին, որ բերել են գեներալ Իվանյանին: Գեներալը անգիտակից վիճակում էր: Ուղեղի ցնցում էր ստացել: Մեքենավարը՝ Միշան՝ Գաբրիելյան Ֆելիքսի հայրը, տեղում մահացել էր: Ուղիղ հարվածից մեքենան ջարդուփշուր էր եղել: Մի քանի ժամ գեներալը անգիտակից վիճակում էր: Հետո նորից վիրավորներ բերեցին, և ես նրանց մոտ վազեցի: Մեկ էլ աղմուկ լսվեց: Ինչ տեսանք՝ «գրադ» Ժորան, սևացած ու ծխում կորած դեմքով, Իվանյանին էր փնտրում: Այդ պահին բուժքույրը գեներալի մոտ չէր (դուրս էր եկել մյուս վիրավորներին ներարկումներ անելու, իսկ բուժանձնակազմը փոքր էր…): Ժորան բարկացավ.

-Էդ գեներալներ շատ ունենք, որ Իվանյանին անուշադրության եք մատնել:

…Այն ժամանակ, հարկավ, գեներալներ քիչ ունեինք, բայց այսօր ունենք արժանավոր տասնյակ գեներալներ՝ Արցախյան պատերազմում ծնված, որոնցից է նաև Ժորա Գասպարյանը, ով դողում էր Իվանյանի կյանքի համար:

…Լեգենդար գեներալ Իվանյանը մի քանի ժամ անց՝ գիտակցությունը տեղը գալուց հետո, դեղերի ազդեցության տակ քնեց: Նրա առողջական վիճակի մասին տեղեկացրինք մայրաքաղաք՝ ասելով, որ արդեն կարելի է տեղափոխել նրան: Ստեփանակերտից պատասխանեցին, որ գեներալին դժվար կլինի համոզել և բերել Ստեփանակերտ, քանի որ նա պիտի ղեկավարեր հաջորդ օրվա մարտական գործողությունը: Նրան պետք էր խաբելով ուղարկել… Ես գեներալին ասացի, որ ռազմական գործողությունը հետաձգվել է, և ինքը պետք է մեկնի Ստեփանակերտ: Բուժքույր և ուղեկցող դրեցինք գեներալի հետ և ճանապարհեցինք նրանց՝ հանձնարարելով ճանապարհին ոչ մի տեղ չկանգնել: Բայց… օրվա վերջում, երբ նոր վիրավորների բերեցին հիվանդանոց, իմացանք, որ գեներալը վարորդին կարգադրել էր քշել Մեխակավան, և ինքը ղեկավարել էր մարտական գործողությունը, որը պլանավորել էր… Մերոնք հաղթել էին:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)